HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց ստեղծելու մասին որոշմանը, որով արգելոցի տարածքը սահմանվել է 5.8 հեկտար: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

««Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում: Արգելոցի համար անհրաժեշտ տարածքը համարվում է պետական սեփականություն: Այդ հատվածում  գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ, մասնավորապես՝ Արտաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.), որը կառուցել է հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ: 

Արգելոցի ստեղծումն ամբողջությամբ համապատասխանում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, քանի որ այն ստեղծվում է պատմական միջավայրի և հուշարձանների շուրջը: 

Արգելոցի ստեղծումը չի հանգեցնի լրացուցիչ ֆինանսական պարտավորության. դրա հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին:

Այսպիսով՝ որոշման արդյունքում կապահովվի հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման՝ առավել արդյունավետ օգտագործումը: Արգելոցի ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: 

Հավելենք, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ստեղծվել են «Զորաց քարեր բնակատեղի», «Լոռի բերդ քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց» և «Բերդ», «Բջնի ամրոց», «Սմբատաբերդ», «Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները, որոնք դարձել են «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր՝ նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ապահովել լրացուցիչ  ֆինանսական միջոցներ»,-նշված է հաղորդագրությունում։

Գլխավոր լուսանկարում՝ Արտաշատ մայրաքաղաքի բաղնիքի խճանկարը: Lուսանկարը տրամադրել է հնագետ Մկրտիչ Զարդարյանը:

Տես նաեւ՝ «Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանի տարածքում մշակութային համալիր կառուցելու հերթական նախագիծն է շրջանառվում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter