
Ֆինլանդիան ապրիլի 4-ին պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի անդամ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան ապրիլի 4-ին պաշտոնապես կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այդ մասին Սթոլթենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ։ ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսված է ապրիլի 4-5-ը Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։
«Սա պատմական շաբաթ է։ Վաղը մենք կողջունենք Ֆինլանդիային որպես Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամի։ Դա Ֆինլանդիան կդարձնի առավել անվտանգ, իսկ մեր դաշինքը՝ առավել ուժեղ։ Մենք առաջին անգամ կբարձրացնենք Ֆինլանդիայի դրոշը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում»,- ասել է Սթոլթենբերգը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ երեքշաբթի օրը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն կայցելի Դաշինքի կենտրոնակայան, որպեսզի մասնակցի հանդիսավոր արարողությանը։
Մարտի վերջին Թուրքիան վավերացրեց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը։ Այն հրապարակվել էր Թուրքիայի պաշտոնաթերթի կայք էջում և թվագրված էր 2023 թվականի մարտի 30։ Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներից վերջինը, որը հավանություն տվեց Դաշինքին հյուսիսեվրոպական այդ երկրի անդամակցությանը։
Մարտի 23-ին Ֆինլանդիայի նախագահն ստորագրել էր ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության օրենքները։ Դրանից առաջ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիան կսկսի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հավանության գործընթաց։ «Մենք Հելսինկիի կողմից տեսել ենք անկեղծ և վճռական քայլեր։ Մենք որոշում ենք ընդունել խորհրդարանում սկսել ՆԱՏՕ-ին անդամակցության Ֆինլանդիայի հայտի վավերացման գործընթաց»,- հայտարարել էր նա։
Լուսանկարը՝ Elena Noeva/Shutterstock.
Մեկնաբանել