HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրվագներ Թալիշի մարտերից. մասնակցի վկայություն

Մեր դասակից մեկ զոհ ունեցանք` եղբայրս էր

Պատերազմի առաջին օրը՝ 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին, Մատաղիսի զորամասի 2-րդ գումարտակի հակատանկային դասակի մեքենան Թալիշի դիրքեր բարձրանալիս խոցվում է։ Բեկորային հարվածներից Էդգարը՝ վիրավորում, իսկ Էրիկը զոհվում է։

Էդգարն ու Էրիկը եղբայրներ են, ծնվել են Շիրակի մարզի Ազատան գյուղում: 

44-օրյա պատերազմի ժամանակ Էրիկը 20 տարեկան էր, Էդգարը՝ 23:

«Կիրակի էր, սովորական մեր առօրյա կյանքով էինք ապրում, յոթի կողմերը հանկարծ ուժեղ պայթուն լսվեց, մտքներովս չանցավ, թե պատերազմ է։ Թալիշի մեր գումարտակի շենքից մի 200 մ հեռավորության վրա հրամանատարական դիտակետ կար, էդ ուղղությամբ լիքը սնարյադներ ընկան, տագնապ տվեցին»,- պատմում է հակատանկային դասակի ժամկետային զինծառայող Էդգար Ազատյանը։

Տագնապ ազդանշանից հետո ստորաբաժանումները ստացել են զենք-զինամթերք և տեղակայվել են գումարտակի շենքի թաքստոցում․ մոտ 3 ժամ մնացել են այնտեղ։ Ժամը 10-ին հրաման են ստացել, ըստ ստորաբաժանումների, զբաղեցնել իրենց դիրքերը։

Պատերազմից առաջ հակատանկային դասակը մարտական հերթապահությունն անցկացնում էր «Գառնի» հրամանատարական դիտակետում (ՀԴԿ): Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10-ի դրությամբ, ադրբեջանական զինուժն արդեն գրավել էր։

«Ամեն հաշվարկ պատերազմի ժամանակ գիտեր որտեղ պետք է դիրքավորվել: Ժամը 10։00-ի կողմերը հրաման ստացանք զբաղեցնել դիրքերը։ Թալիշի գումարտակի շենքի մոտերը խրամատներ կային փորած, խրամատների արանքով արագ վազելով անցանք, նստեցինք մեր հակատանկային դասակի մեքենան՝ «Սադկո»-ն (ԳԱԶ-3308): Ութ հոգով էինք, դասակի հրամանատարը՝ Արամ Մխիթարյանը, դիմացն էր վարորդի հետ, մնացածով մեքենայի հետնամասում էինք»,- պատմում է Էդգարը։

Ռազմական գործողությունների ժամանակ հակատանկային դասակը պետք է զբաղեցներ գումարտակի շենքից 10 կմ հեռավորության վրա գտնվող 156-րդ մարտական դիրքը։ Դիրք տանող հիմնական ճանապարհը ակտիվ հրետակոծվում էր, ճանապարհի վրա գումարտակի խոցված, վառվող մեքենաները նկատելով՝ դասակի հրամանատարը որոշում է կայացնում պահեստային ճանապարհով հասնել դիրք։

«Մեքենայի մեջ՝ հետնամասում, Էրիկի հետ դեմ-դիմաց էինք նստած, նստելուց 20 րոպե հետո, մեր մեքենան հրետակոծվել է, չգիտեմ՝ ինչ զինատեսակով էին խփում։ Մեքենայի մոտ ընկած արկի բեկորները տվեց ավտոյի մեջ։ Էդ հարվածից ես, Գրիշա Միսակյանը, Արման Դոբաջյանը ստացանք բեկորային վիրավորում, եղբայրս՝ Էրիկը, գլխի շրջանում ստացած բեկորային վնասվածքից զոհվեց»,- պատմում է Էդգարը։

Մեքենան շարունակում է շարժվել է դեպի 156-րդ դիրք: Դիրքին մի քանի հարյուր մետր մնացած հրետակոծության ընթացքում վնասված մեքենան խափանվում է։ Թևից վիրավոր Էդգարն ընկերների հետ դուրս է բերում եղբորը՝ Էրիկին։

«Էրիկը անգիտակից էր։ Իջեցրինք մեքենայից, գլուխն ամբողջությամբ արյունոտված էր, չգիտեի՝ ինչ անել, արհեստական շնչառություն փորձեցի տալ, բայց ուշ էր, արդեն հասկանում էի, որ… ։ Կապը վատ էր, մինչև շտապօգնության հետ կապվեցինք, մինչև եկան, մոտ կես ժամ անցավ, եկան վիրավորներին ու Էրիկին տարան»,- պատմում է Էդգարը։

Հակատանկային դասակից մնացած հինգ հոգին դիրքավորվում է, «ֆագոտները» (հակատանկային հրթիռային համակարգ) բերում է մարտական վիճակի և նկատում, որ հակառակորդի 12 տանկ շարժվում է իրենց ուղղությամբ։

««Ֆագոտի» 10 սնարյադ ունեինք։ Մինչև ժամը 1-ը դասակին հաջողվել է 4 տանկ խոցել: Մի տանկին խփելու համար լինում է երկու սնարյադ ես օգտագործում, հիմնականը T72-M տանկերն էին, հին տանկեր էին, բայց մոդեռնիզացված։ Սնարյադները վերջացան, տանկերն էլ մոտենում էին մեզ։ Մեր բախտը բերեց, որ մեր հրամանատարը ծանոթ էր էդ դիրքերին, ճանապարհները գիտեր, հատուկ փորած գաղտնի թաքստոցներ կային, տեղափոխվեցինք էդտեղ։ Իրենց տանկերը՝ մոտ 5-6 հատ, մեր մոտով անցան ու գնացին դեպի Թալիշ:

Մեզ հետ էր նաև մեր հրամանատարի՝ Արամի շունը՝ Գեկտորը, որը միշտ մեզ հետ էր, մեքենային խոցած բեկորներից ինքն էլ էր վիրավորվել, վիրակապել էինք։ Մինչև իրիկուն մնացինք, կրակում էին սնարյադներով, մինամյոտներով, որ մութն ընկավ, ոչ մեկի հետ չէինք կարում կապ հաստատել, կողքի դիրքից մեզ միացավ մոտ 20 զինվոր, ճանապարհը կորցրել էին, չգիտեին՝ ուր են գնում, եկան, միացան մեզ։

Թալիշի և «Եղնիկների» միջև ընկած դիրքերը (151-173-րդ դիրքերը) երկրորդ գումարտակն էր պահում։ Նահանջի ժամանակ այն դիրքերի զինծառայողները, որոնք մոտ էին «Եղնիկներին» (170-173-րդ դիրքերը) գնացել են դեպի «Եղնիկներ», մնացածը նահանջել են դեպի Մատաղիս։ Սեպտեմբերի 28-ին Թալիշի դիրքերը, որոնք 2-րդ գումարտակն էր պահում, անցան ադրբեջանցիներին։

«Ժամը 20։00-ին մեր դասակի հրամանատարը որոշում կայացրեց դուրս գալ թաքստոցից և ոտքով շարժվել դեպի Մատաղիս: Գնացինք դաշտերով, մինչև առավոտվա 5։30 քայլել ենք դեպի Մատաղիս։ Սեպտեմբերի 28-ի առավոտյան Մատաղիսում էինք, տեսանք, որ զորամասն ամբողջությամբ վառվում ա, ու մարդ չկա ներսը։ Մի ձև հեռախոսի կապով խոսացինք աֆիցերների հետ, իմացանք, որ իրանք սաղ տեղափոխվել են 4-րդ գումարտակ, որը Մատաղիսից մի երկու կմ հեռու էր»,- պատմում է Էդգարը։

Նույն օրը Մատաղիսում առավոտյան ժամը մոտ 10-ին Թալիշից նահանջած 2-րդ գումարտակի զիվորների մի մասը նստում է դեպի 4-րդ գումարտակ գնացող «ԿամԱԶ»-ը։ Բայց մեքենան կանգնեցնում է դիվիզիայի հրամանատար, գեներալ Կարեն Շաքարյանը: Նա հրամայում է անձնակազմին իջնել մեքենայից, տեղակայվել Մատաղիսի մոտակա փոքր անտառում և սպասել հետագա հրահանգներին։ Երեք օր անտառում մնալուց հետո հակատանկային դասակը իրենց միացած գումարտակի անձնակազմի հետ գնում է 4-րդ գումարտակ։

«Անտառից հետո գնացինք 4-րդ գումարտակ, սեպտեմբերի 30-ն էր։ Էնտեղ զենք-զինամթերք, ֆագոտ ստացանք և գիշերով գնացինք «Շիրակ» ՀԴԿ, «Գառնի»-ից 2 կմ է հեռու։ Տարբեր ստորաբաժանումներից մարդիկ կային, առաջին գումարտակից մինամյոտչիկներ և պեխոտ, կամավոր՝ ընդհանուր մոտ 40 հոգի։ Ուժեղ մարտեր էին գնում։ «Գառնիի» պոստը «Շիրակից» երևում ա, ադրբեջանցիները «Գառնի» ՀԴԿ-ում էին, մենք ֆագոտով «Գառնի»-ի վրա էինք կրակում։ Էդ դիրքից երկու տանկ ենք խոցել։ Արդեն սնարյադները քիչ էին, սնունդն էլ վերջացել էր։ 4-5 օր էդտեղ մնացինք, հետո՝ հոկտեմբերի 4-ին, տեղափոխվեցինք Մատաղիսի վերջին՝ 101-րդ պոստը։ Գրեթե ամբողջ Մատաղիսի զորքն էդտեղ էր։ Բլինդաժի վրա էնքան էին կրակում, թվում էր՝ հեսա կփլվի, շատ զոհեր տվեցինք էդտեղ։ Վերջը գեներալ Կարեն  Շաքարյանը հրամայեց, որ Մատաղիսից բոլորը դուրս գան, արդեն հնարավոր չէր ինչ-որ մի բան անել»,- պատմում է Էդգար Ազատյանը։

Զորքը դուրս է գալիս և ոտքով հասնում է մինչև Մատաղիսի ոլորաններ։ Այդ ճանապարհին դասակի հրամանատարը՝ Արամը, հետ է մնում, հետո պարզվում է, որ շանը՝ Գեկտորին էր ման գալիս։ Հրամանատարը հասնում է զորքին, բայց շունը այդպես էլ կորչում է 101-րդ դիրքում։ Մատաղիսի ոլորաններից անձնակազմին մեքենաներով տանում են Հոռաթաղ, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին էլ տեղափոխվում են Ալաշան։

Էդգարն Ալաշանում է եղել, երբ իմացել է, որ եղբոր մարմինը հայտնաբերել և հուղարկավորել են։

«Եղբորս՝ Էրիկին, պատերազմի առաջին օրը շտապօգնության մեքենայով ճանապարհելուց հետո տեղեկություն չունեինք։ Տնեցիները փնտրում էին բոլոր տեղերով՝ հիվանդանոցներով, դիահերձարաններով, բայց չէին գտնում։ Հոկտեմբերի 10-ին Մեծամորի դիահերձարանից կապվել էին, ասել, որ Էրիկի աճյունն այնտեղ է։ Հորաքրոջս տղան գնացել, ճանաչել էր։ Եղբորս փակ դագաղով հուղարկավորել են»,- նշում է Էրիկի եղբայրը։

Հոկտեմբերի 17-ին Ալաշանում Էդգարին արձակուրդ են տալիս, բայց ճանապարհները վտանգավոր լինելու պատճառով, հոկտեմբերի 19-ին նոր կարողանում են ճանապարհել Հայաստան։

«Մեր գումարտակից զոհվել է մոտ 130 հոգի, բայց մեր դասակում մեկ զոհ տվեցինք՝ միայն եղբայրս էր»,- պատմում է Էրիկի եղբայրը։

Էդգարը հոկտեմբերի 10-ին չի կարողացել մասնակցել եղբոր հուղարկավորությանը, բայց պարզվում է, որ եղբոր փոխարեն այդ օրն ուրիշին են հուղարկավորել։

Էրիկի հուղարկավորությունից երեք ամիս անց պարզվել է, որ դիահերձարանում շփոթմունք է եղել և սխալմամբ տվել են ուրիշ մարմին։

«Երեք ամիս հետո ռազմական ոստիկանության քննիչն ա զանգում, ասում են՝ հնարավոր ա՝ շփոթել են։ Էդ տղան, ում թաղել էինք, անունն էլի Էրիկ էր, էլի գլխի հատվածում էր վնասվածքը ու Մատաղիսից էր։ Մեր Էրիկի մարմինը գտնվեց, ԴՆԹ հանձնեցինք՝ մաման, պապան, ես, հաստատվեց ու վերահուղարկավորեցինք։ Մերոնք ում հուղարկավորել էին, իրենց հարազատները եկան, վերցրին, մենք էլ՝ եղբորս մարմինը թաղեցինք, ձմեռ էր»,- պատմում է Էդգարը։

Էրիկը Էդգարից փոքր էր երեք տարով, երկուսն էլ սովորում էին Հայ-ռուսական համալսարանում, Էրիկը՝ ծրագրավորման, իսկ Էդգարը՝ իրավաբանության բաժնում։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Էդգարն ուսումը շարունակում է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, իսկ Էրիկը հուղարկավորված է Ազատան գյուղում։

Գլխավոր լուսանկարում ձախից՝ Էդգարն ու Էրիկը

Լուսանկարի ձևավորումը՝ Տաթև Խաչատրյանի

Լուսանկարները տրամադրել է Էդգար Ազատյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter