
Վլադիմիր Զելենսկին պետական այցով ժամանել է Լեհաստան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետական այցով ժամանել է Լեհաստան։ Այդ մասին այսօր կեսօրին հայտարարել էր Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Ուկրաինայի նախագահը և առաջին տիկինը սկսել են պաշտոնական այցը Լեհաստան։ Վլադիմիր Զելենսկու ծրագրում մասնավորապես ներառված են բանակցություններ նախագահ Անջեյ Դուդայի, վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ, երկկողմ փաստաթղթերի ստորագրում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկիֆորովը։ Բացի այդ, ըստ Նիկիֆորովի, Զելենսկին պետք է հանդիպի լեհական բիզնեսի ներկայացուցիչների ու Ուկրաինային սահմանակից քաղաքների քաղաքապետերի հետ։
Սա Վլադիմիր Զելենսկու այս տարվա երկրորդ այցն է Ուկրաինայի սահմաններից դուրս։ Փետրվարին նա այցելել էր Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, իսկ այնուհետ՝ Բելգիա։ Այս այցը, սակայն, տարբերվում է նրանով, որ ավելի վաղ այցի մասին հայտարարվել էր։ Անսովորն այն է, որ Զելենսկուն միացել էր Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան։ Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, Վլադիմիր Զելենսկու Լեհաստան այցի հիմնական թեման պաշտպանական աջակցությունն է։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շուտով երկու երկրների միջև չի լինի որևէ սահման։ «Հարևանների հանդիպում, դաշնակիցների հանդիպում, գործընկերների հանդիպում, ընկերների հանդիպում։ <...> Ապագայում մեր ժողովուրդների միջև չի լինի որևէ սահման՝ քաղաքական, տնտեսական և, որ շատ կարևոր է, պատմական»,- հանդիպման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Prezydent @ZelenskyyUa w uznaniu zasług w pogłębianiu stosunków między Polską a Ukrainą, działalność na rzecz bezpieczeństwa, niezłomność w obronie praw człowieka odznaczony Orderem Orła Białego. pic.twitter.com/N73RuaGweW
— Kancelaria Prezydenta (@prezydentpl) April 5, 2023
Նույն հանդիպման ընթացքում Դուդան նախագահ Զելենսկուն պարգևատրել է Լեհաստանի բարձրագույն՝ Սպիտակ արծվի շքանշանով։
Իր հերթին Լեհաստանի նախագահը վստահեցրել է, որ Լեհաստանը հուլիսին ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի ժամանակ կհասնի Ուկրաինայի համար անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը։
«Մենք փորձում ենք հասնել Ուկրաինայի համար անվտանգության լրացուցիչ երաշխիքների, որոնք կամրապնդեն ուկրաինական ռազմական ներուժը»,- Զելենսկու հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Անջեյ Դուդան։ Նա նաև հիշեցրել է, որ Լեհաստանն ամբողջությամբ աջակցում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գաղափարը և Կիևին կօգնի այդ ճանապարհին։
Լուսանկարը՝ Alexey Furman/Getty Images
Մեկնաբանել