
Ֆինլանդիայի վարչապետը, ընտրություններում պարտվելուց հետո, հրաժարական է ներկայացրել
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հրաժարական է ներկայացրել խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած կուսակցության պարտությունից հետո։ Այդ մասին հայտնում է Yle հեռուստաընկերությունը։
«Հանրապետության հարգելի նախագահ, խնդրում եմ ազատել ինձ և Կառավարական խորհրդի մյուս անդամներին մեր զբաղեցրած պաշտոններից»,- հայտարարել է Մարինը։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն արդեն իսկ ընդունել է կառավարության հրաժարականի մասին դիմումը։
Գործող կառավարությունը ժամանակավորապես կշարունակի կատարել իր տեխնիկական պարտավորությունները՝ մինչև նոր կաբինետի նշանակումը։ Ընդդիմության առաջնորդ Պետերի Օրպոն հաջորդ շաբաթ խորհրդակցություններ կսկսի նոր կառավարության ձևավորման համար։ Հենց նրա գլխավորած Ազգային կոալիցիա աջ կենտրոնամետ կուսակցությունն էր հաղթել կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում։ Գործող վարչապետ և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սաննա Մարինն ընդունել էր իր պարտությունը։
Ձայների 98 %-ի նախնական հաշվարկի արդյունքներով՝ Պետերի Օրպոյի գլխավորած Ազգային կոալիցիան հավաքել էր ձայների 20,8 %-ը, իսկ աջ ծայրահեղ «Իրական ֆիններ» կուսակցությունը՝ 20 %։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը։ Իշխող կուսակցության օգտին քվեարկել էր ընտրություններին մասնակցածների 19,9 %-ը։
Լուսանկարը՝ Matias Honkamaa/Lehtikuva/via REUTERS
Մեկնաբանել