HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆինլանդիայի վարչապետի գլխավորած ուժը պարտվել է խորհրդարանական ընտրություններում

Ֆինլանդիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ գործող վարչապետ Սաննա Մարինի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պարտվել է պահպանողականներին։ Հիմա ֆիննական կառավարությունը կարող է գլխավորել ընդդիմադիր Ազգային կոալիցիայի ղեկավար Պետերի Օրպոն։

BBC-ն գրում է, որ ընտրությունների արդյունքներով Օրպոն ստացել է ձայների 20,8 %-ը, իսկ աջ ծայրահեղական «Իրական ֆիններ» կուսակցությունը՝ իր համար ռեկորդային 20,1 %։ Ընդ որում, Մարինի կուսակության օգտին քվեարկել է ընտրողների 19,9 %-ը։

Օրպոն արդեն իսկ հայտարարել է, որ ընտրողներից մանդատ է ստացել նոր կառավարության ձևավորման համար։ Դրանից անմիջապես հետո գործող վարչապետն ընդունել է իր պարտությունը։

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն չորեքշաբթի օրը՝ ապրիլի 5-ին։ 

Ընտրություններից առաջ մի քանի շաբաթվա ընթացքում ֆիննական երեք հիմնական կուսակցությունները փաստացի ունեին համանման վարկանիշ, որի պատճառով գրեթե անհնար էր կանխագուշակել, թե որ ուժը կհաղթի ընտրություններում։

Այս կուսակցություններից և որևէ մեկը չի կարողանա ինքնուրույն ձևավորել կառավարություն, և հաղթողն ստիպված կլինի փնտրել կոալիցիոն գործընկերներ։ Հաղթած կուսակցությունը հնարավորություն կունենա առաջինը փորձել ձևավորել նման կոալիցիա։ Օրպոն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել բոլոր կուսակցությունների հետ, որպեսզի Ֆինլանդիայի խորհրդարանում ստանա ձայների մեծամասնությունը։ Փոխարենը գործող վարչապետ Սաննա Մարինը նշել է, որ կարող է մտնել Օրպոյի կոալիցիայի կազմ, բայց ոչ երբեք «Իրական ֆիններ» կուսակցության։ Կառավարության ձևավորման համար անհրաժեշտ է , որ կոալիցիան խորհրդարանում ունենա ավելի քան 100 մանդատ։

Ընտրությունների արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը։ Անդամակցության գործընթացն ավարտված է, իսկ բոլոր հիմնական քաղաքական ուժերն աջակցել են եվրատլանտյան քաղաքական ուղուն։ 

Նախընտրական քարոզարշավի գլխավոր թեման եղել է երկրի պետական պարտքը։ 

Ֆինլանդիայի գործող վարչապետի հեղինակությունը հարվածի տակ էր հայտնվել 2022 թվականի օգոստոսին համացանցում հայտնված տեսանյութի պատճառով, որտեղ նա պարում էր ընկերների հետ։ Ինչպես պնդում են լրատվամիջոցները, այդ տեսանյութում ինչ-որ մեկը բղավում է «ալյուր» բառը, իբր, նկատի ունենալով կոկայինը։ Որպեսզի լուծի սկանդալը, Մարինը կամավորաբար թմրանյութերի թեստ էր հանձնել, որի պատասխանը բացասական էր։ Դրա արդյունքում իրավիճակը հարթվեց, իսկ Մարինի գործունեությանը վստահության վարկանիշը, Helsingin Sanomat թերթի տվյալներով, դեկտեմբերին կազմել էր 64 %։ 

Սաննա Մարինը Ֆինլանդիայի կառավարությունը գլխավորում էր 2019 թվականի վերջից։ Նա ղեկավարում է ձախ կենտրոնամետ կոալիցիան, որը կազմված է հինգ կուսակցություններից։ Մարինը պահպանում է հեղինակությունը՝ շնորհիվ կորոնավիրուսի դեմ պայքարում իր կառավարության գրանցած հաջողությունների և ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի։ Միևնույն ժամանակ ընդդիմությունը նրա կառավարությանը մեղադրում է պետական միջոցների անպատասխանատու վատնման մեջ և խոստանում ծախսերը կրճատել 6 միլիարդ եվրոյով։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter