HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը հայտարարել է իրանցի 4 դիվանագետի արտաքսման մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա («անցանկալի անձ») է հայտարարել Բաքվում Իրանի դեսպանության չորս աշխատակիցների։ Նրանք ստիպված կլինեն այդ երկիրը լքել 48 ժամվա ընթացքում։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին դարձյալ կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվել է Բաքվի դժգոհությունը Ադրբեջանի նկատմամբ Իրանի «սադրիչ գործողությունների վերաբերյալ»։

«Արտաքսված դիվանագետներն Ադրբեջանում զբաղվում էին դիվանագիտական կարգավիճակի հետ անհամադրելի գործունեությամբ, որը հակասում է 1961 թվականին ընդունված «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիային»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ, Կրոնական կառույցների հետ աշխատանքի ադրբեջանական պետական կոմիտեի ղեկավար Մուբարիզ Գուրբանլին հայտարարել էր, որ Իրանն Ադրբեջանի վրա ճնշում է գործադրում «կրոնական գաղափարախոսության» միջոցով։

«Նա (Իրանը-խմբ.) ցանկանում է տարածել իր պետական-կրոնական մոդելը Ադրբեջանում և հարևան մյուս երկրներում։ Ադրբեջանում այդ քարոզչության համար կիրառվել են սոցիալական ցանցերը։ Պետական կոմիտեն մեծ աշխատանք է տանում նման իրավիճակների կանխարգելման ուղղությամբ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Թեհրանը փորձում է Ադրբեջանում «հինգերորդ շարասյուն» ստեղծել։ «Դրանից լուրջ վնաս կարող է ստանալ հենց Իրանը»,- հայտարարել է Գուրբանլին։

Արդեն մի քանի տարի է՝ խիստ լարված են հարևան այս երկու երկրների հարաբերությունները։ Թեհրանը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի սահմաններին, իսկ Ադրբեջանն իր հերթին հակաիրանական քարոզչություն է տարածում ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին դաշտում՝ զարգացնելով Իրանի վաղեմի հակառակորդներից մեկի՝ Իսրայելի հետ հարաբերությունները։ Վերջին օրերին հարաբերությունները խիստ լարվել են Իսրայել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այցի պատճառով։ Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը իրանական վտանգը չեզոքացնելու համար։

Լուսանկարում՝ Ադրբեջանի ԱԳՆ շենքը/ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter