HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայ գործարար եղբայրները գնել են Մոսկվայում հայտնի «Մետրոպոլիս» առևտրի կենտրոնը

Հայ գործարար եղբայրներ Դավիթ և Վարդան Ամարյաններին պատկանող ու Ռուսաստանում գործող «Բալչուգ կապիտալ» հիմնադրամը (Balchug Capital) գնել է Մոսկվայի առևտրի և  զվարճանքի ամենահայտնի  կենտրոններից մեկը՝ «Մետրոպոլիսը» (Метрополис)։

Գործարքի մասին տեղեկությունները ռուսաստանյան լրատվամիջոցներին հաստատել է ընկերության հետ համագործակցող խորհրդատվական ընկերությունը՝ IBC Real Estate-ը։ Նշվում է, որ կենտրոնը ձեռք է բերվել ամերիկյան ներդրողներից։

Գործարքի գինը հայտնի չէ, բայց շուկայի տարբեր փորձագետներ, այդ թվում՝ Ռուսաստանի անշարժ գույքի շուկայում հայտնի Nikoliers խորհրդատվական ընկերության ղեկավար Դենիս Պլատովը, ռուսաստանյան լրատվամիջոցների հետ զրույցներում կարծիք են հայտնել, որ «Մետրոպոլիս»-ի ձեռք բերումը Ռուսաստանի կոմերցիոն անշարժ գույքի շուկայում ամենախոշոր գործարքներից է վերջին տարիներին։

«Մետրոպոլիսը» Մոսկվայի ամենապահանջված բիզնես կենտրոններից մեկն է։ Ռուսական «Վեդոմոստի» պարբերականի տվյալներով՝ այն կառուցվել է 2009 թվականին։ Տարբեր տարիների  պատկանել է ղազախ, ապա՝ ամերիկյան ներդրողների։ 

«Մետրոպոլիսը» այս տարվա ընթացում Ամարյանների երկրորդ խոշոր գնումն է Ռուսաստանում։

Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ Դավիթ Ամարյանը «Բալչուգ կապիտալ»-ի միջոցով ֆինն սեփականատերերից ձեռք է բերել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի մոտ գտնվող Pulkovo Sky բիզնես կենտրոնը։ Այդ ժամանակ նա հայտարարեց, որ «Բալչուգ կապիտալ»-ը պլանավորում է խոշոր ներդրումներ կատարել Ռուսաստանի կոմերցիոն անշարժ գույքի շուկայում։  

«Բալչուգ կապիտալ» հիմնադրամի պաշտոնական կայքում նշված է, որ այն 2010 թվականին հիմնադրել է Դավիթ Ամարյանը, որը նաև գործադիր տնօրենն է։ Գլխավոր գրասենյակը Մոսկվայում է։ Հիմնադրամն ավելի քան 250 մլն դոլարի ակտիվներ է կառավարում։

Նախկինում կոչվել է Copperstone Capital և համարվել Ռուսաստանի ամենահաջողված հեջ ֆոնդերից մեկը։ 2016 թվականին ընկերությունը փոխել է անունը ֆինանսական շուկայում ունեցած խնդիրներից հետո։ 

Ամարյանը ֆինանսական կարիերան սկսել է ԱՄՆ-ում, ապա՝ տեղափոխվել Մոսկվա։ 2005 թվականից մոտ հինգ տարի աշխատել է գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած և ղեկավարած «Տրոյկա դիալոգ» ընկերությունում։ 

Այժմ գործունեություն է ծավալում նաև Հայաստանում։ 

2019 թվականին Հայաստանում գրանցվել է «Բալչուգ կապիտալ» ՓԲԸ-ն, և Երևանում բացվել է ընկերության գրասենյակը։ Իրական շահառուների մասին հայտարարագրի համաձայն, որը հրապարակված է պետական ռեգիստրում, ընկերության իրական շահառուները Դավիթ (75 %) և Վարդան (25%) Ամարյաններն են։ Նրանց անունով Հայաստանում այլ ընկերություն գրանցված չէ։ 

Գլխավոր Լուսնկարը՝ vedomosti.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter