HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սի Ծինփինը պատրաստ է խոսել Վլադիմիր Զելենսկու հետ. Մակրոն-Ծինփին բանակցություններ՝ Պեկինում

Ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը հայտարարել է, որ Չինաստանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո Չինաստանի առաջնոր Սի Ծինփինը պատրաստակամություն է հայտնել հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ 

«Սին պատրաստ է զանգահարել <...> Զելենսկուն, պահն է ընտրում»,- ասված է հայտարարության մեջ։ 

Աղբյուրի խոսքով՝ բանակցությունների ժամանակ Էմանուել Մակրոնն ու Սի Ծինփինը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը։ «Չինաստանը ցանկանում է աշխատել Ֆրանսիայի հետ՝ երկխոսության ձգտման և Ուկրաինայում խաղաղության կայունության համար»,- գործակալության խոսքերը մեջբերել է աղբյուրը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Մակրոնը Չինաստանի առաջնորդին կոչ է արել զենք չտրամադրել Ռուսաստանին։ Ըստ ֆրանսիական աղբյուրի՝ Սի Ծինփինն իր հերթին հայտարարել է, որ դա իր հակամարտությունը չէ։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-8-ը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գտնվում է Չինաստանում։ Ինչպես այցից առաջ հայտարարել էին Ֆրանսիայի նախագահի վարչակազմից, Փարիզը հաջողություն կհամարի, եթե Չինաստանի նախագահը Մակրոնի այցից հետո Զելենսկուն կոչ անի մասնակցել Մոսկվայի հետ երկարաժամկետ երկխոսությանը։ Ելիսեյան պալատում նշել էին, որ «Չինաստանն աշխարհի միակ պետությունն է, որը կարող է արագ և արմատական ազդեցություն ունենալ Ուկրաինայում հակամարտության ընթացքի վրա»։

Պեկին այցի ընթացքում Էմանուել Մակրոնին ուղեկցում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Ֆրանսիայի նախագահը դեռևս մարտին ասել էր, որ «առաջարկել է ֆոն դեր Լեյենին ուղեկցել իրեն», որպեսզի կարողանան խոսել Եվրոպայի միասնական ձայնով։ «Ես չունեմ եվրոպական մանդատ, քանի որ Ֆրանսիան ունի իր անկախ դիվանագիտությունը, բայց ես կապված եմ եվրոպական համակարգման հետ»,- հայտարարել էր Էմանուել Մակրոնը։

Հետաքրքրական է, որ նախքան Ֆրանսիայի նախագահի այցը Չինաստան, այդ երկիր առանձին այցեր են կատարել նաև եվրոպական այլ ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, սակայն Մակրոնը ճանապարհորդում է Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ՝ այդպիսով ընդգծելով եվրոպական միասնականության ուղերձը։

Չինաստանը Եվրամիության երկրորդ խոշորագույն առևտրային և ներդրումային գործընկերն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո։ Համաձայն Եվրոստատի տվյալների՝ 2021 թվականին փոխադարձ առևտուրը կազմել է 795 միլիարդ եվրո։ Եվրոպան ավելի շատ ապրանքներ է ներմուծում Չինաստանից, քան ցանկացած այլ երկիր, իսկ Չինաստանի 1,4 միլիարդանոց սպառողական շուկան շարունակում է մնալ ավտոմեքենաների և դեղագործական արտադրանքի կարևոր ուղղություն Եվրոպայի համար։

Լուսանկարը՝ Ng Han Guan/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter