HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էմանուել Մակրոնը մեկնում է Պեկին. Ֆրանսիան մտադիր է համոզել Չինաստանին ազդեցություն ունենալ Պուտինի նկատմամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով, ապրիլի 5-7-ը պաշտոնական այց կկատարի Չինաստան։ Պեկինում նախատեսված է Մակրոն-Ծինփին հանդիպում։ Ըստ վերլուծաբանների՝ Մակրոնը կփորձի համոզել իր չինացի գործընկերոջը փոխել դիրքորոշումը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասով։

Չինաստանը, որի չեզոք դիրքորոշումը խթանել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը, կարևորվում է հատկապես Ռուսաստանի վրա իր ունեցած ազդեցությամբ։ Ըստ Politico-ի՝ Ֆրանսիայում այն կարծիքին են, որ ինչ էլ անի Չինաստանը, կարող է կտրուկ ազդեցություն ունենալ հակամարտության հետագա ընթացքի վրա։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ով նախորդ ամիս երկօրյա այցով մեկնել էր Ռուսաստան, Չինաստանի ԱԳՆ միջոցով հրապարակեց Ուկրաինայում պատերազմի դադարեցման 12 կետից բաղկացած նախագիծը։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր էր գնահատել այդ նախագիծը, ի տարբերություն եվրոպական երկրների, որոնք հիմնականում մերժել էին առաջարկը։ Սակայն, ինչպես նշում են մի շարք վերլուծաբաններ, Ֆրանսիան Չինաստանի համար տեղ է տեսնում ուկրաինական հնարավոր բանակցությունների ժամանակ։

Մակրոնը ձգտում է Չինաստանին հետ պահել Ռուսաստանի հետ ավելի մերձենալուց, սակայն որոշ վերլուծաբաններ զգուշացնում են, որ դա հեշտ չի լինի, քանի որ Պեկինի և Մոսկվայի միջեւ հարաբերությունների բնույթը խիստ ռազմավարական է։

Պեկին այցից առաջ Էմանուել Մակրոնը իր ելույթում հայտարարել է, որ իր նպատակն է «փորձել Չինաստանին ներգրավել Ռուսաստանի վրա ճնշման գործադրման ուղղությամբ», այնպիսի թեմաներով, ինչպիսին է օրինակ միջուկային զենքը։ «Նախագահը ընդհանուր առմամբ 6-7 ժամ կանցկացնի Չինաստանի ղեկավարի հետ քննարկումներում»,- ասել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչներից մեկը։

Ֆրանսիացիները հույս ունեն որ, Էմանուել Մակրոնի և Սի Ծինփինի առանձնազրույցը կօգնի ստանալ Չինաստանի աջակցությունը մի շարք հումանիտար հարցերում, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների դադարեցումը կամ ուկրաինացի երեխաների անօրինական տեղահանումը։

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ԱՄՆ-ի հետ Չինաստանի վատթարացող հարաբերությունները Եվրոպային հնարավոր է տա Չինաստանի վրա ազդելու լծակներ, քանի որ Չինաստանի համար ԵՄ հսկայական շուկան դառնում է էլ ավելի կարևոր։ «Մակրոնը կարող է ուղերձ հղել, որ Եվրոպան ցանկանում է համագործակցել Չինաստանի հետ, բայց դա դժվար կլինի, եթե Չինաստանը շարունակի այն ուղին, որն այժմ անցնում է Ռուսաստանի հետ»,- ասել է Rhodium Group-ի վերլուծաբան Նոա Բարկինը։

Նախագահ Մակրոնի հետ Չինաստան կայցելի նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Վերջինս հինգշաբթի օրը եռակողմ հանդիպում կունենա Մակրոնի և Ծինփինի հետ։ Ֆրանսիայի նախագահը դեռեւս մարտին ասել էր, որ ինքը «առաջարկել է ֆոն դեր Լեյենին, որ նա ուղեկցի իրեն Չինաստան», որպեսզի միասին կարողանան խոսել Եվրոպայի միասնական ձայնով։

«Ես չունեմ եվրոպական մանդատ, քանի որ Ֆրանսիան ունի իր անկախ դիվանագիտությունը, բայց ես կապված եմ եվրոպական համակարգման հետ»,- հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը։

Հետաքրքրական է, որ նախքան Ֆրանսիայի նախագահի այցը Չինաստան, այդ երկիր առանձին այցեր են կատարել նաև եվրոպական այլ ղեկավարներ, այդ թվում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, սակայն Մակրոնը ճանապարհորդելու է Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ՝ դրանով կարծես ընդգծելով եվրոպական միասնականության ուղերձը։

Չինաստանը Եվրամիության երկրորդ խոշորագույն առևտրային եւ ներդրումային գործընկերն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո։ Համաձայն Եվրոստատի տվյալների՝ 2021 թվականին փոխադարձ առևտուրը կազմել է 795 միլիարդ եվրո։ Եվրոպան ավելի շատ ապրանքներ է ներմուծում Չինաստանից, քան ցանկացած այլ երկիր, իսկ Չինաստանի 1,4 միլիարդանոց սպառողական շուկան շարունակում է մնալ ավտոմեքենաների և դեղագործական արտադրանքի կարևոր ուղղություն Եվրոպայի համար։

Ֆրանսիայի նախագահի հետ Չինաստան կմեկնի նաեւ ֆրանսիական գործարար դաշտի մեծ պատվիրակություն, այդ թվում` էլեկտրաէներգիա արտադրող Electricite de France, գնացքների արտադրությամբ զբաղվող Alstom, թափոնների եւ ջրային ռեսուրսների կառավարման Veolia Environment, ինքնաթիռներ արտադրող Airbus ընկերություններից։ 2019 թվականին, Չինաստան Մակրոնի նախորդ այցելության ժամանակ, Ֆրանսիայի նախագահը 30 միլիարդ եվրոյի պայմանագրեր կնքեց Airbus-ի համար։

Մակրոնի և ֆոն դեր Լեյենի այցը կայանում է մեկ այլ երևույթի համատեքստում ևս։ Նախորդ հինգշաբթի օրը՝ մարտի 29-ին, ԵՄ-Չինաստան հարաբերությունների մասին իր ելույթում, ֆոն դեր Լեյենը կոչ արեց ԵՄ երկրներին «ազատվել» Չինաստանի հետ առևտրային գերկախվածությունից։ Նա նաև ակնարկեց, որ ԵՄ-ն կարող է դադարեցնել Չինաստանի հետ՝ 2020 թվականին կնքված առևտրային կարևոր գործարքներից մեկը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքերին արձագանքեցին չինացի դիվանագետները, մասնավորապես Եվրամիությունում Չինաստանի դեսպան Ֆու Ցուն: Նա նշել էր, որ «այդ ելույթը պարունակում է Չինաստանի քաղաքականության և Չինաստանի դիրքորոշման վերաբերյալ բազմաթիվ խեղաթյուրումներ ու սխալ մեկնաբանություններ»։

 

Արմեն Խեչումյան, Երևանի պետական համալսարանի Քաղաքագիտության բաժնի ուսանող

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter