HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում ձվի շուկան ինքնաբավ է. 2022-ին ոչ մեծ քանակով արտահանվել է

Սբ. Հարության տոնին (Զատիկ) ընդառաջ ձվի պահանջարկը Հայաստանում կտրուկ աճում է, բայց դա տևում ընդամենը մի քանի օր։ Վերջին տարիներին այդ օրերին ձուն որոշ չափով թանկանում էր, որից հետո վերադառնում կամ մոտենում նախկին գնին ու պահանջարկին։ Սակայն, այս տարի թանկացում չի եղել։

Սուրբ Հարության տոնը այս տարի կնշվի ապրիլի 9-ին։ Ապրիլի 7-ի դրությամբ խանութներում ձվի պակաս չկա։

«Տեղական արտադրությունն ամբողջությամբ կբավարարի պահանջարկը, խնդիր չի լինի՝ ոչ գնի, ոչ էլ քանակի հետ կապված»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

2022 թվականին Հայաստանից ձու է արտահանվել

Ձվի շուկայում Հայաստանը ինքնաբավ է. արտադրվող ձուն ամբողջությամբ բավարարում է բնակչության պահանջարկը։ Վերջին տասը տարիներին Հայաստանը ձու ներկրել է փոքր քանակությամբ, այդ թվում՝ սննդի արտադրամասերի կողմից։

Արտահանումը ևս կամ փոքր ծավալներ է ունեցել կամ առհասարակ չի արտահանվել։ Այս առումով, 2022 թվականը փոքր-ինչ տարբերվել է։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2022 թվականին Հայաստանում արտադրվել է 749 մլն հատ ձու։ Նույն ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտ 62 մլն հատ ձու և ներկրվել 4.4 մլն հատ։ Համեմատության համար՝ 2021 թվականին չի արտահանվել և ներմուծվել է 2.4 մլն հատ։

Մաքսային ծառայության հրապարակած տվյալներից երևում է, որ 2022 թվականի առաջին կիսամյակում (երկրորդ կիսամյակի տվյալները դեռևս չկան) Հայաստանից ձու է արտահանվել Ռուսաստան։

Արտահանման և ներմուծման այս ծավալները, սակայն, ընդհանուր սպառման ցուցանիշում ոչ էական տեղ են զբաղեցնում։

Վերջին հինգ տարիների արտադրության ծավալները ցույց են տալիս, որ ձվի շուկայում կայուն միտումներ են։ Կտրուկ աճ կամ նվազում չի գրանցվել։ Տարեկան արտադրվել է 710-755 մլն հատ ձու։ Սա ներառում է ինչպես արտադրամասերի կողմից, այնպես էլ՝  բնակչության տնտեսությունների կողմից արտադրվողը։ 

Այս օրերին ձվի գնի էական բարձրացում ևս չի նկատվում շուկայում։

Չնայած երկրում գրանցվող բարձր գնաճին՝ ձուն, պաշտոնական տվյալներով, էժանացել է։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ ձվի գինը այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ նվազել է 1.1%-ով, իսկ այս փետրվարի համեմատ՝ 5.8%-ով:

Գնանկումը, ըստ Թռչնաբույծների միության նախագահի, պայմանավորված է տարվա որոշ ամիսներին գերարտադրության երևույթով։ Երբ արտադրվում է ավելի շատ, քան սպառվում է, արտադրողները ստիպված են լինում իջեցնել գինը, քանի որ ոչ բոլորն են կարողանում ավելցուկային ձուն արտահանել։

Այս երևույթը Հայաստանում սկսվել է դեռևս 2020 թվականից։ Գերարտադրության պատճառ է դարձել թռչնաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների քանակի աճն ու խոշորներ թռչնաբուծարանների վերազինումը, որը թույլ է տվել նրանց ավելի մեծ խմբաքանակով ձու արտադրել։

«Սպառողների համար, իհարկե, լավ է, որ էժան ձու են գնում։ Այդ տեսանկյունից սա դրական է։ Սակայն, արտադրողների համար գնիջեցումը խնդիրներ է ստեղծում՝ երբեմն ստիպված են լինում, նույնիսկ, ինքնարժեքից էժան ձուն հանձնել խանութներին։ Այս պայմաններում հատկապես փոքր արտադրողները փակվելու վտանգի առաջ են կանգնում»,- ասում է Սերգեյ Ստեփանյանը։

Որպես ելք՝ թռչնաբույծները Կառավարությանը առաջարկել էին նման իրավիճակներից խուսափելու համար ապրանքային ձվի վերամշակման գործարաններ հիմնել կամ օգնել տնտեսվարողներին այն հիմնելու հարցում, որտեղ ձվի ավելցուկային խմբաքանակը կվերամշակվի ձվի փոշու և հեղուկի, որն էլ օգտագործվում է տարբեր արտադրությունների մեջ, օրինակ՝ հրուշակեղենի։ Սակայն, այս խնդիրը դեռևս չի կարգավորվել։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերջին անգամ ձվի շուկայում ուսումնասիրություն է իրականացրել 2020 թվականին։ Ըստ ուսումնասիրության՝ հիմնական խոշոր արտադրող ընկերություններ են հանդիսանում «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն, «Աշտարակի ձու»-ն, «Արզնու տոհմային ԹՏԽ»-ը և «Լուսակերտ»-ը։

Հայաստանում ձու արտադրող ընկերությունների թիվը մոտ երեք տասնյակ է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter