HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ստեփանակերտի պոզիտիվը». Ասյայի փնջերը ժպիտներ են պարգեւում շրջափակված Արցախում

Ասյայի օրն սկսվում է մի բաժակ սուրճով ու նոր փնջի պատրաստման մասին մտքերով: Հետո դուրս է գալիս տնից, սկսում շրջել Ստեփանակերտի խանութներով:

Շրջափակված Արցախում Ասյայի փնտրտուքները սովորականից երկար են տեւում: Նա օրվա «ժպիտի փունջն» է փնտրում, որ հետո «բաժանի» շրջափակված արցախցիներին: Երբեմն դժվար է լինում ինչ-որ ապրանքատեսակ գտնելը, բայց դա էլ Ասյային չի կանգնեցնում՝ ինչ գտնում է, դա է փունջ դարձնում: Իսկ «ժպիտի փնջերում» կարող են լինել կտրոններ, խորոված կարտոֆիլ ու միս, տոլմա, դեղեր, զուգարանի թուղթ, մի խոսքով՝ ինչի որ երեւակայությունը կհասնի: Վերջերս նույնիսկ հազարդրամանոց թղթադրամներով է փունջ հավաքել:

Ասյայի հետ հեռախոսով ենք խոսում: Ձայնը կենսախինդ է,անմիջական ու դրական, ու թվում է՝ նրան վաղուց ճանաչում եմ: Հենց ժպիտով էլ թաքցնում է այս ծանր օրերի իր ապրումները:

Ասյա Բաբայանը 26 տարեկան է: Ստեփանակերտում է ծնվել, մեծացել եւ ապրում: Շարունակելու է այնտեղ ապրել ճանապարհը բացվելուց հետո:

Ասյան փնջեր է ձեւավորում, բայց ծաղիկների փոխարեն օգտագործում է սնունդ, կենցաղային իրեր, տարբեր առարկաներ: Ասում է՝ Ստեփանակերտում դեռ միակն է, որ դրանով է զբաղվում: Ճիշտ է՝ ծաղկի խանութներ կան, որ մրգեր էլ են օգտագործում ծաղկեփնջերում, բայց միայն ուտելիքով, սննդով ոչ ոք փունջ դեռ չի պատրաստում:

Ասյան դեռ 4 տարի առաջ է որոշել զբաղվել սննդի ու տարբեր ապրանքների կիրառմամբ փնջեր պատրաստելով: Ասում է՝ համացանցով փնտրում էր, թե աշխարհում ինչ նորարարական գաղափարներ կան, որոնք չեն կիրառվում Արցախում: Այդ ժամանակ էլ մանդարիններով փունջ է տեսել, փորձել է անձամբ պատրաստել: Դա տեւել է 5 ժամ, բայց Ասյան արդյունքից գոհ է մնացել: Հիմա նույն փունջը 15 րոպեում է պատրաստում: Սկսել է մասնագիտանալ այս ոլորտում: «Ֆեյսբուքում» էջ է բացել ու ընկերների խորհրդով անվանել «Букет со вкусом» (համով (ճաշակով) փունջ):

Մինչեւ 2022 թ. դեկտեմբերին Արցախի շրջափակումը տեղացիները, Ասյայի պատմելով, լուրջ չէին վերաբերվում մրգերով, բանջարեղենով ու տարբեր ապրանքներով պատրաստված փնջերին, բայց շրջափակումը փոխեց այդ մոտեցումը:

«Եթե չես կարողանում իրավիճակը փոխես, պետք է քո մոտեցումը փոխես: Հիմա, քանի որ իրոք ոչ մի բան չենք կարող անել, պարզապես մնում է մեկը մյուսին ժպիտ պարգեւել, օգնել»,- նշում է արցախցի դիզայները:

Շրջափակման ժամանակ ժպիտ պարգեւելն ամենաբարդն է: Հուսահատությունը ծանրանում է օրեցօր, եւ Ասյան անընդհատ պրպտում է երեւակայությունը՝ օրվա չափաբաժին ժպիտը փոխանցելու մարդկանց:

-Բլոկադայի երեւի առաջին ամիսն էր: Ասեցին՝ էսինչ խանութում ձու կա, մաման ասեց՝ կգնա՞ս հերթ կանգնես, ասեցի՝ գործ ունեմ, մամ, ինքը գնաց: Մաման առնում է, ես էլ վեր եմ կենում, ասում եմ՝ վերցնեմ փունջ պատրաստեմ: Ու հենց դրա պատրաստման ժամանակ մաման ինձ կանչում է, մտածում եմ՝ հաստատ սառնարանը բացել է, տեսել, լռում եմ, նորից է կանչում, էլի չեմ խոսում, երրորդ անգամ է կանչում, արդեն կռահում է, ասում՝ Ասյա, ձվերը որտե՞ղ են, ասում եմ՝ մամա, բուկետ եմ սարքում, ասում է՝ պապայի զավտրիկն ա, ասում եմ՝ մամա, խնդրում եմ, հենց հիմա փաթեթավորում եմ, պրծնեմ, տամ,- պատմում է Ասյան:

-Հետո ի՞նչ արեցիք,- հարցնում եմ:

-Նկարեցի, ցանցում տեղադրեցի, հետո քանդեցի: Մաման ասեց՝ այ, որ դու գնայիր հերթ կանգնեիր, դժվար թե էս ձվերով բուկետ սարքեիր:

Մեկ այլ պատմություն է հիշում. «Բլոկադայի առաջին ամիսն էր, միրգ չկար: Մի հղի կնոջ համար նարինջ էի փնտրում, համացանցում գրեցի, որ մի նարինջ է պետք: Փունջը հավաքեցի, կանգնած նկարվում էի հետը, մեկ էլ մի պապի մոտեցավ, թե՝ էս նարինջը իսկակա՞ն ա, կարա՞մ ձեռ տամ: Էնքան ցավ ապրեցի»: Հեռախոսի այս կողմում լսում եմ Ասյայի ձայնի փոփոխությունը, հուզմունքից խզոցը: Լռում ենք: Մի քանի վայրկյան անց Ասյան նորից աշխույժ շարունակում է պատմությունների շարքը:

Երեւանից մի աղջիկ է զանգել՝ մոր ծննդյան համար փունջ պատվիրելու: Բայց ո՛չ միրգ, ո՛չ բանջարեղեն, ո՛չ կոնֆետ կար, Ասյան մտածել է ու պատվիրատուին առաջարկել խորովածով փունջ հավաքել, համաձայնել է: Փնջի հետ գինի էլ է պատվիրել՝ պիտակին գրելով. «Մամ ջան, խմե, վեր էս դարդին տեմ կենաս»:

«Մունք ուրուր օնինք»

Շրջափակումից մի քանի շաբաթ հետո՝ հունվարի 4-ին, Ասյան ու ընկերուհիներից մեկը ֆեյսբուքյան խումբ են, անունը դրել «Մունք ուրուր օնինք» («Մենք իրար ունենք»): Քանի որ խանութներում հիմա դժվար է գտնել շատ ապրանքատեսակներ, փնտրում են խմբի անդամների շրջանում, գրում են, որ այսինչ ապրանքն է պետք ու սպասում արձագանքի: Հաճախ ապրանքները փոխանակում են կամ պարզապես նվիրում իրար:

Ասյան հիշում է, որ երբ շրջափակման առաջին ամսում սուրճ չկար խանութներում, փնտրել էր խմբում, արդյունքում իր տոմատը փոխանակել էր մի աղջկա սուրճի հետ:

Հիմա խանութներում դժվար է գտնել այնպիսի ապրանքատեսակներ, որ առաջին շաբաթներին հեշտ էր գտնել: Ասյան ասում է՝ օրինակ, 6 խանութում կարող ես աղ փնտրել ու միայն մեկում գտնել:

Շրջափակումը շատ բան է փոխել մարդկանց մոտեցումներում, ու դրանում չես կարող մեղադրել որեւէ մեկին: «Հիմա ավելի է դժվարացել իրար սիրելը, բլոկադայի ժամանակ էլ ավելի եմ հասկացել, որ մեկը մյուսին օգնելու առիթը պետք չի բաց թողել: Մեկս մյուսի կարիքն ունենք»,- նշում է արցախցի զրուցակիցս:

Երբ առավոտվա փնտրտուքներից հետո նոր փնջի համար հումքը գտնում է, տուն է գնում, պատրաստում, լուսանկարը տեղադրում ֆեյսբուքյան էջում ու մի բուռ ժպիտ «բաժանում», գրում է նաեւ այդ օրն իր հետ պատահած ինչ-որ դրական դրվագի մասին:

«Քանի որ բոլորը բացասական բաներով են կիսվում, իրենք մեղավոր չեն, վատ լուրերը շատ են: Բայց ես դրանցով չեմ կիսվում իմ էջում: Կարդում եմ նորությունները, բայց չեմ կիսվում: Հիմա օրվա մեջ մի բարի պատմությամբ եմ կիսվում, ինչ կատարվել է ինձ հետ: Ինձ համար կարեւորը օրվա ընթացքում մեկը մյուսին բարություն անելն է»,- ասում է 26-ամյա Ասյան: Դրա համար էլ նրա էջի հետեւորդներից շատերը Ասյային համարում են դրական զգացողություններ պարգեւող մարդ, «քաղաքի պոզիտիվը»:

Ասյան նաեւ ժեստերի լեզվի թարգմանիչ է: Պատմում է, որ տարիներ առաջ Երեւանից ամուսիններ էին գնացել Ստեփանակերտ, որտեղ դասավանդում էին ժեստերի լեզու: Ինքը հետաքրքրվել էր, մասնակցել, ապա ինքնուս շարունակել: Ասում է՝ գնում էր գյուղեր, գտնում լսողության խնդիր ունեցողների ու սովորեցնում ժեստերի լեզուն: Դա պատերազմից առաջ էր, երբ Հադրութն ու Շուշին կորսված չէին, ու ինքը այնտեղ էլ էր գնում:

Նկատում է, սակայն, որ հասարակությունը դեռ կարծրատիպեր ունի ժեստերի լեզվով խոսողների վերաբերյալ: «Հիշում եմ, որ երբ սկզբում սովորում էի ժեստերի լեզուն, խուլուհամրերին ասում էի՝ եկեք գնանք ման գանք, ասում էին՝ չէ: Ծնողները նույնիսկ տանը ծեծում էին երեխաներին, որ ժեստերով չխոսեն: Պիջակը կամ կուրտկան բացում էին, որ ձեռքերը փակեն դրանով, որպեսզի մարդիկ ժեստերը չտեսնեն: Էնքան ցավ էի ապրում»,- պատմում է Ասյան:

Ասյան աշխատում է նաեւ աուտիզմ ունեցող երեխաների հետ: Մասնագիտացել է Երեւանում: Ընտանիքներ կան, որոնք ցանկանում են հասարակությունից գաղտնի պահել իրենց երեխայի աուտիզմ ունենալըն: Մի քանի շաբաթ է՝ Ասյան վերսկսել է աշխատանքն այդպիսի երեխաների հետ: Ասում է՝ իր նախաձեռնությամբ միասին խանութ են գնում, որպեսզի հասարակությունը հասկանա, որ նրանք էլ մյուսների նման մարդիկ են:

Մեր զրույցից հետո Ասյան պատրաստվում էր հերթական թարմ փնջի լուսանկարը հրապարակել: Նրա հետ պայմանավորվեցինք սուրճ խմել ապաշրջափակված Արցախում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter