
Իռլանդիան հնարավոր է հրաժարվի չեզոք երկրի կարգավիճակից
Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման պատճառով Իռլանդիան կարող է վերանայել իր չեզոք կարգավիճակը, որը որդեգրել էր տասնամյակներ շարունակ։ Այդ մասին հայտնում է իռլանդական RTE ազգային հեռարձակողը։
2023 թվականի հունիսին Իռլանդիայի մի քանի քաղաքներում կկայանա քառօրյա խորհրդակցական համաժողով, որը նվիրված է միջազգային քաղաքականությանն ու անվտանգությանը։ Դրա ընթացքում քաղաքացիները, մասնավորապես, կկարողանան հայտնեն իրենց կարծիքը երկրի չեզոքության վերաբերյալ։
Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Միխոլ Մարտինը, ազդարարելով համաժողովը, հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է արձագանքել նոր իրականությանը։
«Միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակն էականորեն փոփոխվել է վերջին տարվա ընթացքում։ Մենք դարձել ենք ականատեսը Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի աղաղակող և կոպիտ անտեսմանը։ Իռլանդիայի հավատարմությունը միջազգային կարգին, որը հիմնված է կանոնների վրա, և ռազմական չեզոքության մեր ավանդական քաղաքականությունը մեզ չեն ազատում այդ նոր իրականությանը արձագանքելու անհրաժեշտությունից»,- հայտարարել է իռլանդացի քաղաքական գործիչը։
Համաժողովին կմասնակցեն միջազգային քաղաքականության և պաշտպանության ոլորտի փորձագետներ, գիտնականներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Համաժողովի արդյունքներով անկախ նախագահը կկազմի հաշվետվություն, որը կդրվի կառավարությանն ուղղված առաջարկությունների հիմքում։
Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից հետո չեզոք Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացրեցին։ Ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամը։
Եվրոպայում ռազմական չեզոքության կրողներ են նաև Ավստրիան, Շվեյցարիան և Մալթան։ Բոլոր այդ երկրները դատապարտել են ռուսական ներխուժումն ու միացել միջազգային պատժամիջոցներին։
Լուսանկարը՝ nomadicmatt.com-ից
Մեկնաբանել