HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները

Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են արդյոք և չեն պարունակում հակաբիոտիկներ։

Փորձաքննության համար ընտրել ենք առաջին կարգի (01) թարմ ձու, որը, նախքան լաբորատորիա տանելը, դիմազերծել ենք, համարակալել և պահել սառնարանում։

Դրանց մի մասը տարել ենք «Ստանդարտ Դիալոգի»՝ Երևանի և Գյումրու լաբորատորիաներ՝ հակաբիոտիկները ստուգելու և թարմությունը որոշելու համար, մյուս մասը տարել ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լաբորատորիա, որ ոլորտն ուսումնասիրող մասնագետը պարզի նմուշների թարմությունը։

Փորձաքննության, ինչպես նաև հրապարակման պահին ապրանքները ժամկետի մեջ են և վաճառվում են խանութներում։

 

Հոդվածում կարդացեք՝

  • Ձու. նորմա և շեղումներ
  • 7 նմուշի փորձաքննության արդյունքները
  • Տվյալների ամփոփում
  • Մասնագետները պատմում են՝ ինչպե՞ս ընտրել, պահել ձուն, հասկանալ թա՞րմ է, թե՞ ոչ
  • Ձվի հայկական շուկան


Ձու. նորմա և շեղումներ

Ձուն պարունակում է վիտամիններ և մակրոէլեմենտներ, օրինակ՝ Օմեգա-3, ֆոլաթթու, A, K, E, B12 վիտամիններ, սելեն, կալցիում, ֆոսֆոր, բիոտին և այլն։

100գ ձվի մեջ կա 13գ սպիտակուց, որն ավելի հեշտ է յուրացվում, քան կենդանական ծագման սպիտակուցը։ Ձուն նաև պարունակում է ամինաթթուներ, որոնք ուժեղ հակաօքսիդանտներ են։ Օրինակ՝ լեցիտինը, կանխում է «վատ» խոլեստերինի կուտակումն անոթների պատերին։

Ձվի և ձվամթերքի անվտանգությունը կարգավորվում է Մաքսային միության 021/2011՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով։ Նաև՝ ՀՍՏ 182-2012 (Հայաստանի ազգային ստանդարտ)՝ «Ձու հավի, սննդային», որտեղ սահմանված են ձվի արտադրման տեխնիկական պայմանները, դրա տեսակավորումը, կարգի սահմանումը, մակնշումը, պահման պայմանները և այլն։

Ձուն դասակարգում են Ա և Բ դասերի. Ա դասի ձուն «թարմ» ձուն է, որը նախատեսված է մարդու կողմից անմիջական սպառման, նաև՝ սննդի արտադրությունում։ Բ դասի ձուն օգտագործվում է սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում:

Ա դասի ձուն իր հերթին լինում է երկու տեսակ՝ «Էքստրա» (դիետիկ) և I-ին տեսակի, որից և կախված է ձվի պահմանպան պայմաններն ու ժամկետը։

Դիետիկ ձուն «ամենաթարմ» ձուն է, դրա պահման ժամկետը չի կարող գերազանցել ձուն ածելու օրվանից 7 օրը՝ 5 °C-ից մինչև 20 °C ջերմաստիճանում։

Սեղանի (I տեսակի) ձուն պետք է լինի բարձրորակ, տեսակավորված, մակնշված և փաթեթավորված` ածելուց հետո 10 օրվա ընթացքում։ Կճեպը և ենթակճեպային թաղանթը պետք է լինեն նորմալ ձևի, մաքուր, չվնասված։ Օդախցիկի բարձրությունը փաթեթավորման ընթացքում պետք է լինի 6 մմ-ից ոչ ավելի, դեղնուցը պետք է թեթևակի շարժվի և վերադառնա կենտրոն, սպիտակուցը պետք է լինի մաքուր, հստակ և թափանցիկ։

Սեղանի ձվի պահման ժամկետը` 0 °C-ից մինչև 20 °C ջերմաստիճանում 8-ից մինչև 25 օր է։

Կախված ձվի քաշից՝ որոշվում է նաև ձվի կարգը. ինչքան կարգը բարձր է, այնքան մեծ է ձվի քաշը։ ՀՍՏ 182-2012-ով տարբերում է ձվի 5 կարգ՝

  • 00 - շատ մանր ձվերն են, 44գ
  • 0 - մանր ձվերն են, ≥ 44գ և <53գ
  • 01 - միջակ ձվերն են, ≥53գ և <63գ
  • 02 - խոշոր ձվերն են, ≥ 63գ և <73գ
  • 03 - շատ խոշոր ≥ 73գ

Ձվի մակնշումն ու փաթեթավորումը

Չփաթեթավորված կամ ստվարաթղթե պալարային (փոսիկավոր) տուփերում տեղադրված յուրաքանչյուր ձվի վրա՝ թե’ դիետիկ, թե’ սեղանի, պետք է տրված լինեն՝

  • տեսակը
  • կարգը
  • տեսակավորման ամսաթիվը
  • պիտանիության ժամկետը
  • արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը

Ձվի խմբաքանակի ընդունման ժամանակ յուրաքանչյուր կարգի համար թույլատրվում է նշված քաշային կարգին չհամապատասխանող ձվի առկայություն, բայց 10 % ոչ ավելի՝ պայմանով, որ ավելի ցածր կարգի ձվի առկայությունը 5 %-ից ավելի չէ։

Սեղանի ձվի օդախցիկի բարձրությունը փաթեթավորման ընթացքում պետք է լինի 6 մմ-ից ոչ ավելի, անշարժ կամ թույլատրվում է թեթևակի տեղաշարժ։ Ինչքան մեծ է օդախցիկի չափը, այնքան ձուն թարմ չէ, ինչքան փոքր է, այնքան այն ավելի թարմ է։

 

Նմուշ N1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Գնթունիք» ընկերության առաջին կարգի 30 ձու։ Արտադրման օրը՝ 03.04.2023։

Լաբորատոր փորձաքննությամբ այս ձվերի մեջ հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությամբ ուսումնասիրվել է ձվի օդախցիկի բարձրությունը, որը սեղանի ձվի համար առավելագույնը պետք է լինի 9 մմ, եթե պահվում է սառնարանում, և 7մմ, եթե չի պահվում։ Ինչքան օդախցիկը բարձր է, այնքան ձուն թարմ չէ։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ «Գնթունիք» ձվերի օդախցիկի բարձրությունը 8 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սակայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ «Սննդամթերքի անվտանգության և հիգիենայի» ամբիոնի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի` ապրիլի 7-ին կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գնթունիք» ձուն մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 14 օրական։

Ըստ այդ ուսումնասիրության՝ առաջին համարի տակ ներկայացված «Գնթունիք» ընկերության ձվերի քաշը համապատասխանել է նորմերին՝ 64գ, դրանք իսկապես I կարգ-ի են, կճեպը մաքուր է։

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Գնթունիք» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Նմուշ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնի տոհմային ԹՏԽ» ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։ Ընկերության հավկիթները և’ մուգ էին, և’ սպիտակ (գույնը նշանակում է, որ դա ածել է այլ տեսակի (երևանյան) հավը

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։ 

Թարմության փորձաքննությամբ պարզվել է, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 7 մմ է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձուն 10 օրական է՝ մակնշված 4 օրականի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I-ին կարգի է, քաշը՝ 62գ, կճեպը՝ մաքուր, սպիտակուցը՝ խիտ (բարձր ՀԱՈՒ միավոր, թարմ է

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Արզնի ԹՏԽ» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Նմուշ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 10 օրական է՝ մակնշված 4 օրականի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 63գ, կճեպը՝ կեղտոտ. 10 նմուշից 2-ի մեջ՝ ներսի հատվածում՝ օդախցիկին մոտ, հայտնաբերվել են ժանգանման բծեր։

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Արաքս» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Նմուշ N4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Աշտարակ ձու» ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 04.04.2023։ Ապրանքն ունի EAC նշան։

Լաբորատոր փորձաքննությամբ՝ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 15-20 օրական է՝ մակնշված 3 օրական ձվի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է,  քաշը՝ 59գ, կճեպը՝ թեթևակի կեղտոտ, սպիտակուցը ջրիկացած (ՀԱՈՒ միավորը ցածր է

Այսպիսով, 04.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Աշտարակ ձու»-ն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Նմուշ N5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Վարիանտ գրուպ» ընկերության «Մասիս» առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 01.04.2023։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 15-20 օրական է՝ մակնշված 6 օրական ձվի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 57գ, կճեպը՝ թեթևակի կեղտոտ, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված (ոչ սառնարանային պայմաններում պահելու հետևանք է

Այսպիսով, 01.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Մասիս» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Նմուշ N6

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Լուսակերտ Էլիտ» ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։ Ձվերից 3-ը չունեին մակնշում։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձվի հասակը 10 օրական է՝ մակնշված 4 օրական ձվի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 63գ, կճեպը՝ մաքուր, սպիտակուցը՝ խիտ (շատ բարձր ՀԱՈՒ միավոր

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Լուսակերտ Էլիտ» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։


Նմուշ N7

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի «Էրեբունի» առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 23.03.2023 (ամենաթարմ խմբաքանակը, որը կարողացանք գտնել խանութներում

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննության համաձայն՝ օդախցիկի բարձրությունը 8 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձվի հասակը 20-25 օրական է՝ մակնշված 15 օրականի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 60գ, կճեպը՝ մասամբ կեղտոտ, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված (ոչ սառնարանային պայմաններում պահելու հետևանք է

Այսպիսով, 23.03.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Էրեբունի» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Ամփոփելով….

Լաբորատոր փորձաքննությամբ ներկայացված ոչ մի նմուշում հակաբիոտիկ չի հայտնաբերվել։

Թարմության փորձաքննության համաձայն՝ նմուշներից ոչ մեկի օդախցիկի բարձրությունը չի գերազանցել սահմանված նորման:

Սակայն, Ագրարային համալսարանի լաբորատորիայում անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայացված նմուշներից և ոչ մեկը չի ունեցել այն թարմությունը, որը արտադրողը մակնշել է։

Մասնավորապես՝

N1 «Գնթունիք» ձուն մակնշված՝ 4 օրականի փոխարեն եղել է 14 օրական

N2 «Արզնի» ընկերության ձուն մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 10 օրական

N3 «Արաքս թռչնաֆաբրիկայի» ձուն նույնպես մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 10 օրական, իսկ ուսումնասիրված 10 ձվից 2-ի ներսի հատվածում՝ օդախցիկի մոտ հայտնաբերվել են ժանգանման բծեր։

N4  «Աշտարակ ձու» ընկերության ձուն 3 օրականի փոխարեն եղել է 15-20 օրական, սպիտակուցը եղել է ջրիկացած

N 5 «Վարիանտ գրուպ» ընկերության «Մասիս» ձուն 6 օրականի փոխարեն եղել է 15-20 օրական, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված, ինչը ոչ սառնարանային պայմաններում պահելու հետևանք է։

N6 «Լուսակերտ էլիտ» ընկերության ձուն 4 օրականի փոխարեն եղել է 10 օրական։

N7 «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի «Էրեբունի» ձուն մակնշված 15 օրականի փոխարեն եղել է 20-25 օրական, կճեպը՝ մասամբ կեղտոտ, դեղնուցը՝ պիգմենտավորված։

Ժամկետի ամենաքիչ շեղումը եղել է «Արզնի ԹՏԽ», «Արաքս» և «Լուսակերտ էլիտ» ապրանքներում. 10 օրական ձուն մակնշվել է որպես 4 օրվա։

Ամենաշատ շեղումն ունեցել է «Աշտարակ ձուն». 15-20 օրական ձուն մակնշել է որպես 3 օրվա ձու, իսկ 15-20 օրական «Մասիս» ձուն՝ որպես 6 օրվա ձու։

Փորձաքննության և հրապարակման պահին ապրանքները ժամկետի մեջ են և վաճառվում են խանութներում։ Դրանք կարելի է օգտագործել, սակայն մինչև արտադրողի սահմանած` 25-օրյա ժամկետի ավարտը ձուն արդեն չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

 

Ինչպե՞ս ընտրել, պահել ձուն, հասկանալ թա՞րմ է, թե՞ ոչ. մեկնաբանում են մասնագետները

«Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայի անասնաբուժասանիտարական փորձագետ Օվսաննա Գևորգյանի խոսքով՝ եթե ձվի վրա ճաքեր կան, այն երկար չի կարող պահպանվել։

«Ճաքած ձուն համարվում է սննդային ոչ լիարժեք, պետք է օգտագործվի հացաբուլկեղենի ու հրուշակեղենի, բարձր ջերմային մշակման մթերքների մեջ»,- նշում է նա։

Ըստ փորձագետի՝ պետք է ուշադրություն դարձնել ձվի պարունակությանը. այն պետք է լինի պարզ, առանց պղտորության, կողմնակի հոտեր չունենա, լինի իր բնական հոտով։ Դեղնուցը պետք է լինի դեղին կամ նարնջագույն, պարզ, փայլով, սպիտակուցը՝ սպիտակ, կանաչավուն, առանց պղտորության, խիտ, հստակ սահմանազատված հեղուկ զանգվածից։

Լաբորատորիայի փորձագետը նշում է՝ մինչև 7 օրական ձվերի դեղնուցը պետք է լինի կենտրոնական մասում. ինչքան կենտրոնական դիրքում է, այնքան թարմ է։

«Ձվի պարունակությունը պետք է լինի առանց բծերի, առանց կարմիր արյունային բծերի, առանց բորբոսի, նեխահոտի, մաքուր ու իր փայլով։ Եթե արյուն է լինում, համարվում է սննդային ոչ լիարժեք ձու։ Այդ դեպքում հնարավոր է, որ բեղմնավորված է, հավերի մոտ վիտամինների պակասից էլ կարող է լինել»,- ասում է նա։

Անասնաբուժական գիտությունների թեկնածու Սիրանուշ Ալթունյանն ասում է, որ թարմ ձուն պետք է լինի առանց փայլ։ Եթե ձվի կեղևի վրա փայլ է գոյանում, դա խոսում է հնության մասին։ Պետք է ուշադրություն դարձնել ժամկետին, մակնշմանը, նաև՝ աղտոտվածությանը։

Մասնագետը ներկայացնում է ձվի թարմությունը որոշելու մի քանի եղանակ։

Առաջինը ձվադիտակն է, որի միջոցով որոշում են ձվի օդախորշի բարձրությունը։ Ձվադիտակի վրա շարում են ձվերը, որից հետո լույսի միջոցով օդախորշը նկատելի է դառնում։ Օդախորշի մեծությունից կախված՝ որոշում են ձուն թա՞րմ է, թե՞ ոչ։

«Օդախորշը նոր ածած ձվի վրա արդեն իսկ գոյություն ունի։ Իմ սեփական հետազոտությունները ցույց տվեցին, որ ձուն արտաքին աշխարհ դուրս գալիս արդեն իսկ ունի օդախցիկ, ժամանակի ընթացում օդախցիկի բարձրությունը և տրամագիծը փոխվում են՝ կախված նրանից, թե այդ օրերին ի՞նչ պայմաններում են պահվել ձվերը՝ սառնարանո՞ւմ, թե՞ սենյակային ջերմաստիճանում»,- ասում է նա։

Ձվի թարմությունը որոշելու ևս մեկ եղանակ է աղային լուծույթ պատրաստելը։ 60 գրամ աղ պետք է լցնել 500մլ թորած ջրի մեջ՝ ստանալով աղային խիտ լուծույթ։ Այս լուծույթում մինչև 7 օրվա՝ դիետիկ ձվերը պետք է սուզվեն հատակին, իսկ դրանից մեծ հասակովներն արդեն պետք է դուրս գան վերև։ Եթե էլի մակերեսին դուրս գա, պետք է նորից լուծույթը նոսրացնել։

Ձուն արտաքնապես ուսումնասիրելուց հետո, այն կոտրելով ևս կարելի է հասկանալ, թե քանի օրվա է։ Ձվի քաշով, դրան համապատասխան սպիտակուցի խիտ շերտի բարձրությունով և դրանց հատման կետում որոշում են ՀԱՈՒ միավորը, որը թարմության, որակի որոշման ցուցանիշ է։

Կոտրելուց հետո ձվի թարմությունը կարելի է որոշել նաև դեղնուցի և սպիտակուցի ինդեքսներով։

«Ձուն պետք է կոտրել բութ գործիքով՝ այնպես, որ չվնասվի դեղնուցապարկը, դեղնուցը, պետք է տարածել հարթ մակերեսի վրա։ Սովորաբար թարմ ձվերը կոտրելուց հետո պետք է ունենան հենց ձվի տեսք, պետք է հավաք լինեն, դեղնուցը պետք է լինի կենտրոնական դիրքում և ուռուցիկ։ Սպիտակուցի ջրիկ շերտը շատ չպետք է տարածվի, եթե շատ է տարածվում, դա խոսում է արդեն հնացման մասին»,- ասում է Ս. Ալթունյանը։

Խոսելով տնական և արտադրական ձվերի տարբերության մասին՝ Ալթունյանը կարևորում է՝ ինչ պայմաններում են պահված, և ինչ կերեր են տվել հավերին։

«Եթե նույն կերերը տրվել են թռչուններին տան պայմաններում, ուրեմն ոչ մի էական տարբերություն չկա։ Բայց ես՝ որպես մասնագետ, նախընտրում եմ արտադրականը, որովհետև թռչնաբուծական ֆաբրիկաներում խիստ հսկողությունը դրված է հենց թռչունների պահվածքի, խնամքի և ամենակարևորը՝ պրոֆիլակտիկ միջոցառումների վրա։ Արտադրությունները բոլոր հիվանդությունների նկատմամբ և' ստուգումները, և' կանխարգելիչ միջոցառումները հիմնականում ժամանակին են իրականացնում, հետևաբար կարող ենք ունենալ ավելի անվտանգ մթերք։ Տնական պայմաններում, եթե համոզված ենք՝ ինչ կեր են տվել, արդյոք ախտահարված սնունդ, սննդի մնացորդ չեն տվել, կամ, ասենք, բորբոսնած հաց, որն իր մեջ կարող է միկրոտոքսիններ պարունակել, այսինքն՝ ախտոտված հացը տալով թռչունին՝ մենք կարող ենք ունենալ թռչնից ստացված ախտահարված հումք»։

Ս. Ալթունյանն ասում է, որ ձուն օգտագործելուց առաջ անպայման պետք է լվանալ, բայց պահպանելու ընթացքում լվանալ պետք չէ. ձուն արտաքինից ունի պաշտպանիչ թաղանթ, որը ժամանակի ընթացքում ծակոտիները ծածկում է, թույլ չի տալիս, որ լրացուցիչ, կողմնակի մանրէները ներթափանցեն, դա է պատճառը, որ լվանալ չի կարելի պահելուց առաջ։

«Եթե ձուն աղտոտված է, պիտանի չէ երկարատև պահպանման, քանի որ ծակոտիների միջոցով տեղի է ունենում արտաքին միջավայրի հետ փոխանակություն, և կարող են ներթափանցել, եթե կան ախտածին մանրէներ։ Դա է պատճառը, որ վայրի թռչունների ձուն սննդի նպատակով չի օգտագործվում, որովհետև իրենք հենց տիղմի մեջ են ածում, որտեղ առկա են ախտածին մանրէներ»,- ասում է Սիրանուշ Ալթունյանը։

Բացի այդ, ձուն չի կարելի պահել արևի ճառագայթի տակ, քանի որ դրանից վիտամինները քայքայվում են։ Ըստ այդմ՝ խորհուրդ չի տրվում գնել դրսում վաճառվող ձու։

Ձվի հայկական շուկան

Հայաստանում ձու արտադրող մոտ երեք տասնյակ ընկերություն կա։ Խոշոր ընկերություններն են՝ «Արաքս Թռչնաֆաբրիկան», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ»-ն, «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ»», «Վարիանտ Գրուպ» և «Գնթունիք»։

Վերջին տասը տարիներին Հայաստանը ձու ներկրել է քիչ քանակությամբ. Հայաստանում արտադրվող ձուն ամբողջությամբ բավարարում է բնակչության պահանջարկը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 749 մլն հատ ձու։ Նույն ընթացքում Հայաստանից արտահանվել է մոտ 62 մլն հատ ձու և ներկրվել՝ 4.4 մլն հատ։

2021թ․-ին Հայաստանից ձու չի արտահանվել, ներմուծվել է 2.4 մլն հատ։

Ձվի շուկայում կտրուկ աճ կամ նվազում չի գրանցվել։ Վերջին հինգ տարիներին տարեկան արտադրվել է 710-755 մլն հատ ձու։ Սա ներառում է ինչպես արտադրամասերի կողմից, այնպես էլ տնտեսությունների կողմից արտադրվածը։ 

Մեկնաբանություններ (1)

«Վարիանտ գրուպ»
Շնորհակալ ենք, որ մտահոգված և հետևողական եք առողջ, թարմ և որակյալ սնունդ սպառողին հասցնելու համար: Սակայն, ցավով պետք է նշենք, որ ձեր հրապարակած նյութը, փորձաքննության արդյունքների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը, ի դեմս` «Վարիանտ գրուպ» ընկերության «Մասիս» ապրանքանիշի: Հարգանքներով «Վարիանտ գրուպ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter