
Իրանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու երկրների միջև լարված հարաբերությունները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են «երկու երկրների միջև առաջացած թյուրըմբռնումները»։ Այդ մասին շաբաթ երեկոյան հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Ապրիլի 7-ին և 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի միջև։ <...> Հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է երկու երկրների միջև առաջացած դժգոհությունը և թյուրըմբռնումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ փոխանցմամբ՝ նախարարներն ընդգծել են թյուրըմբռնումների հաղթահարման համար բանակցությունների շարունակման կարևորությունը։ Նաև համաձայնություն է ձեռքբերվել աշխատանքներ իրականացնել գոյություն ունեցող նախագծերի իրագործման ուղղությամբ։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը կարևորել է ազգային շահերին համապատասխան Ադրբեջանի կողմից վարվող անկախ արտաքին քաղաքականության և տարածաշրջանի երկրների հետ նրա երկկողմ հարաբերությունների նկատմամբ հարգանքը»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։ Նախարարները նաև նշել են փոխադարձ շփումների շարունակման կարևորությունը։
Արդեն մի քանի տարի է՝ խիստ լարված են հարևան այս երկու երկրների հարաբերությունները։ Թեհրանը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի սահմաններին, իսկ Ադրբեջանն իր հերթին հակաիրանական քարոզչություն է տարածում ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին դաշտում՝ զարգացնելով Իրանի վաղեմի հակառակորդներից մեկի՝ Իսրայելի հետ հարաբերությունները։ Վերջին օրերին հարաբերությունները խիստ լարվել են Իսրայել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այցի պատճառով։ Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը իրանական վտանգը չեզոքացնելու համար։
Իրավիճակը սրվեց նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվեց դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության պետը, ևս երկուս աշխատակից էլ վիրավորվել էին։
Դրանից հետո Ադրբեջանի դեսպանությունը դադարեցրեց իր դիվանագիտական գործունեությունը, իսկ դրա աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները տարհանվեցին Բաքու։
Կոլաժը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել