
Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը
Իսրայելի պաշտպանության բանակը ապրիլի 9-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող մի շարք թիրախների։ Դա արվել է Սիրիայի տարածքից Իսրայելի հրթիռակոծմանն ի պատասխան, իսկ իսրայելական անօդաչուի հարվածներին ենթակվել են արձակման կայանքները։ Իսրայելցի զինվորականների խոսքով՝ Սիրիայի տարածքից երեք հրթիռ էր արձակվել Գոլանի բարձրունքներում գտնվող իսրայելական զորամասերից մեկի վրա։
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ Սիրիայի տարածքից արձակված հրթիռներից միայն մեկն էր ընկել Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքի վրա՝ ընկնելով Գոլանի բարձրունքների հարավային հատվածում գտնվող դաշտի վրա։ Արաբական Al Hadath հեռուստաընկերության տվյալներով՝ մյուս երկու արձակված հրթիռներն ընկել են Հորդանանի տարածքի վրա։
Դեռ ապրիլի 7-ին Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Լիբանանի ու Գազայի հատվածի ուղղությամբ՝ ի պատասխան ապրիլի 6-ին Լիբանանի տարածքից արձակված հրթիռակոծության։ Հարվածները հասցվել էին Փեսախի ժամանակ, որը հրեական գլխավոր տոներից մեկն է։ Դա դարձել էր ամենախոշոր լարվածությունը՝ 2006 թվականին Իսրայելի ու Լիբանանի միջև տեղի ունեցած պատերազմից հետո, որին հաջորդել էր Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության (UNIFIL) տեղակայումը։
Հարձակմանը նախորդել էին Երուսաղեմի Տաճարի լեռան վրա Իսրայելի ոստիկանության ու պաղեստինցիների միջև բախումները։ Վերջիններս բարիկադավորվել էին Ալ-Աքսա մզկիթում, իսկ Իսրայելի ոստիկանությունը փորձում էր բռնի ուժով դուրս բերել նրանց այնտեղից։ Անկարգությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 350 մարդ։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել