
ՀԾԿՀ-ն չի թույլատրում վաճառել «ՄՏՍ Հայաստան»-ը. կարող են վնասվել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն այս տարվա հունվարի 26-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման համաձայնություն ստանալու համար։ Ավելի պարզ ասած՝ ընկերության բաժնետերերը մտադիր են այն վաճառել։ Քանի որ «ՄՏՍ Հայաստան»-ը հանրային ծառայություններ մատուցող ընկերություն է, հետևաբար, ինչպես օրենքն է պահանջում, բաժնետոմսերը վաճառելու համար պետք է համաձայնություն ստանան նաև ՀԾԿՀ-ից։
Սակայն, ինչպես տեղեկանում ենք հանձնաժողովի՝ ապրիլի 12-ին կայանալիք նիստի որոշման նախագծից, հանձնաժողովը մտադիր է մերժել «ՄՏՍ Հայաստան»-ի հայտը։
«ՄՏՍ Հայաստան»-ի ներկա բաժնետերերը
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) տրամադրած փաստաթղթի՝ «ՄՏՍ Հայաստան»-ի (ապրանքանիշը՝ Viva MTS) միակ բաժնետերը Կիպրոսում գրանցված «Արամայո ինվեսթմենթս լիմիթեդ» ՍՊ ընկերությունն է։ «Արամայո ինվեսթմենթս լիմիթեդ»-ն էլ իր հերթին պատկանում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գրանցված «Ալլեգրետտո հոլդինգ» ՍՊԸ-ին։
«Ալլեգրետտո Հոլդինգ»-ն էլ պատկանում է ռուսաստանյան հեռահաղորդակցության օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը (ПАО «МТС»):
Այդպիսով՝ «ՄՏՍ Հայաստան»-ը ռուսական «ՄՏՍ» խմբի անդամ է։
Այդ մասին նշված է նաև «ՄՏՍ»-ի կայքում։
Հայտը մերժվել է. գործարքը վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին
Ըստ հանրային ՀԾԿՀ ներկայացված հայտի՝ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը մտադիր է գնել «ՄՏՍ Հայաստան»-ի միակ բաժնետեր հանդիսացող «Արամայո ինվեսթմենթս լիմիթեդ» ընկերությունը։ Արդյունքում կիպրոսյան ընկերությանը կանցներ «ՄՏՍ Հայաստան»-ի նկատմամբ հսկողությունը։
Այդպիսով, ընկերությունն այլևս չէր հանդիսանա ռուսական «ՄՏՍ խմբի» մասնակից, ինչը ևս հաշվի է առնվել հայտը մերժելու ժամանակ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քննարկել է «ՄՏՍ Հայաստան»-ը վաճառելու հարցը և առարկել։
Մերժելու հիմքում նշված է, որ ըստ օրենքի՝ գործարքի համաձայնությունը կարող է մերժվել, եթե իրավասու մարմնի գնահատմամբ այն վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։ Ըստ էության, նախարարությունն էլ իր հերթին հարցը քննարկել է Ազգային անվտանգության ծառայության հետ։
Այս որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեսուն օրվա ընթացքում «ՄՏՍ-Հայաստան»-ը այն կարող է բողոքարկել Հանձնաժողովում կամ երկու ամսվա ընթացքում՝ վարչական դատարանում։
«Վիվա ՄՏՍ»-ի հանրային կապերի բաժնից մեզ հետ զրույցում հրաժարվեցին որևէ բանավոր մեկնաբանություն տալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման վերաբերյալ։
Գլխավոր լուսանկարը՝ «Վիվա ՄՏՍ»-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել