HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չորս ձայն ու խառնվածք միավորող գաղափարը. Միրզոյան լարային քառյակը 10 տարեկան է

Ֆիլհարմոնիկում ընդմիջման ժամին սրճելիս չորս երաժիշտ որոշեցին միասին կազմել լարային քառյակ, այդ օրվանից անցել է տասը տարի։ Միրզոյանի անվան լարային քառյակը իր հոբելյանը նշեց՝ կատարելով առաջին համերգի ժամանակ հնչած ստեղծագործությունները։

«Երկար ճանապարհ միասին անցած հին քառյակի կազմից այժմ մնացել ենք երկուսով՝ ես և ալտահար Արմեն Թորոսյանը, ում հետ պատանեկությունից մտերիմ ենք։ Քառյակի նոր թավջութակահարը՝ Հայկ Բաբայանը, նույնպես մեր ուսանողական ընկերն է, իսկ քառյակի նոր ջութակահար Դավիթ Հակոբյանը ամենաերիտասարդն է։ Պատերազմից, երկրում կատարվող իրողություններից հետո մոտ երկու տարի դադար էինք վերցրել։ Ամեն ինչ իր իմաստը կորցրել էր, մտածում էի նույնիսկ թողնել երաժշտությունը։ Դավիթի հետ ծանոթությունը, քառյակում առաջին ջութակ նվագելու մեր առաջարկն ընդունելը առիթ դարձավ, որ վերսկսենք քառյակի գործունեությունը»,- պատմում է քառյակի հիմնադիր, երկրորդ ջութակ Սոնա Ազարյանը։

Դավիթը Ստեփանակերտից է։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերավատորիայում։ 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր Արցախում։ Ծառայությունից հետո շարունակում է ուսումը Երևանի կոնսերավատորիայի մագիստրատուրայում։

«Միշտ սիրել եմ համատեղ աշխատանքը, կլինի թիմային խաղ, թե երաժշտական անսաբլ, ինձ քիչ է հետաքրքում մենակատարի կարիերան։ Քառյակում չորս անհատականություններ են՝ երաժշտության նկատմամբ իրենց յուրահատուկ մոտեցմամբ և ընկալումներով։ Ստեղծագործական աշխատանքի ընթացքում, երբ հասնում ենք համատեղ արդյունքի, ուրախությունը բազմապատկվում է։ Քառյակի մնացած անդամները միասին նվագելու մեծ փորձ ունեն, ես փորձում եմ մտնել այդ ընդհանուր ալիքի մեջ»,- ասում է Դավիթ Հակոբյանը։

Ալտահար Արմեն Թորոսյանի կարծիքով՝ կվարտետային ժանրն ամենաբարդն է երաժշտության մեջ, միևնույն ժամանակ՝ ամենագրավիչը։

«Ի տարբերության նվագախմբի, որտեղ երաժիշտները կատարում են դիրիժորի կողմից իրենց առաջ դրված խնդիրները, այստեղ չկա դիրիժոր։ Կվարտետում միշտ ստեղծագործական բանավեճեր են, փորձերի ժամանակ այն ձգվում է այնքան, մինչև չենք գալիս ընդհանուր հայտարարի։ Ընդունված է, որ առաջին ջութակն է ղեկավարում քառյակը, բայց նա չի կարող դա անել, եթե չստանա նվագի ժամանակ մեզնից յուրաքանչյուրից փոխանցվող երաժշտական իմպուլսը։ Կվարտետը ընտանիքի նման է, այն ուղղակի ժանր չէ, կվարտետը ապրելակերպ է»,- ասում է Արմենը։

«Քառյակը հիմնադրվել է 2013թ․, դրանից մեկ տարի առաջ մահացել էր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, որը մտերիմ էր տատիկիս՝ Լիլիթ Տեր-Մինասյանի և մեր ընտանիքի հետ։ Կոմպոզիտորի հետ շփումը նաև երաժշտական իմաստով էր կարևոր ինձ համար։ Քառյակի անվանումն ընտրելիս իմ առաջարկը բոլորիս կողմից միաձայն ընդունվեց, և այն դարձավ Էդվարդ Միրզոյանի անվան»,- պատմում է Սոնա Ազարյանը։

Ապրիլի 7-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի դահլիճում Միրզոյան քառյակը իր հոբելյանական համերգին նվագեց Էդվարդ Միրզոյանի լարային քառյակի համար գրված «Թեման վարիացիաներով» և «Շուշանիկ» ստեղծագործությունները։ Հնչեցին նաև Շուբերտի, Ռուբեն Ալթունյանի, Տիգրան Գիրգորյանի քառյակները: Համերգի ընթացքում ներկայացվեց Ալֆրեդ Շնիտկեի Նարեկացու խոսքերով գրված երգչախմբային կոնցերտի փոխադրումը: Լարային քառյակի եւ ձայնի համար (Հովհաննես Ներսիսյան, բաս) այն փոխադրել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter