
ԱԺ նիստը չկայացավ՝ սահմանային լարվածության պատճառով
Ինչպես հայտնել էինք, Ազգային ժողովն այսօր մինչև ժամը 20:00-ն պետք է նիստ անցկացներ՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, քննարկելու համար: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հորդորեց գրանցված պատգամավորներին հանել հարցերը, ելույթներ չունենալ՝ Հայաստանի սահմաններին ստեղծված լարվածության պատճառով:
Պատգամավորները հետևեցին ԱԺ փոխնախագահի հորդորին և հարցերը հանեցին, ելույթներ չունեցան, ինչի պատճառով նիստը չի շարունակվի այսօր և կիսատ մնացած հարցերը կքննարկվեն վաղը:
Հակոբ Արշակյանը ուժ և կորով մաղթեց սահմանում կանգնած զինծառայողներին:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
«Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշված է հաղորդագրությունում։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են սադրանքները Տեղ համայնքի ուղղությամբ կիրառելելով ականանետային միջոցներ:
Մեկնաբանել