HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ՀՀ զինծառայողների սպանության դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել․ ՔԿ

Պաշտպանության նախարարության N զորամասից 2023թ. ապրիլի 11-ին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղին հարակից մարտական դիրքերում մահացու հրազենային վիրավորում են ստացել զորամասի զինծառայողներ Արթուր Ավետիսի Սահակյանը, Մկրտիչ Արմենի Հարությունյանը, Նարեկ Գագիկի Սարգսյանը և Հենրիկ Վաչագանի Քոչարյանը։ Եվս 6 անձ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և բուժօգնություն ստանալու համար տեղափոխվել բժշկական հաստատություններ։ 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հաղորդումների հիման վրա ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, ինչպես նաև՝ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են մեկ վարույթում։ Ստեղծվել է քննչական խումբ։ 

Ըստ նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով ավտոմեքենայով մոտեցել են սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, որից հետո ռասայական, ազգային, էթնիկ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի շարժառիթով հրազենային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ զինծառայողների ուղղությամբ։ Ապա Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ԶՈՒ զինծառայողների և մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են արձակել նաև այլ զինատեսակներից: 

Ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների նշված հանցավոր գործողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերի 4 զինծառայող զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter