HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրպակատերերն ահազանգում են, որ Արտաշատի ՔՊ-ական քաղաքապետն Ալիկ Սարգսյանի ՍՊԸ-ի շահերն է սպասարկում

Արտաշատ քաղաքի կենտրոնում գտնվող ծաղկի կրպակը «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ի սեփականատերը ցանկանում է քանդել։ Այդ մտադրության մասին նույնիսկ գրավոր ծանուցում է ներկայացրել։ Նմանատիպ ծանուցումներ ստացել են շուկայի հարևանությամբ գտնվող այլ կրպակատերեր ևս։

Ծաղկի կրպակի սեփականատիրոջ քույրը՝ Մարինե Աթոյանը, «Հետք»-ին պատմեց, որ կրպակը տեղադրելու համար դեռևս 1998 թ.-ին ստացել են Արտաշատի քաղաքապետի թույլտվությունը։ Սակայն տարիներ անց, երբ Արարատի մարզպետ է նշանակվել Ալիկ Սարգսյանը, իրենց և այլ կրպակատերերի ասել են, որ կրպակների զբաղեցրած հողամասերը պատկանում են Արտաշատի շուկային։ Դրանից հետո վարձակալության պայմանագրեր են կնքել շուկայի տնօրինության հետ և պարտաճանաչ, ամեն ամիս կրպակի զբաղեցրած հողամասի համար վճարում կատարել մինչև 2022 թ.-ի հոկտեմբեր։

Մարինե Աթոյանի խոսքով, տեղեկանալով ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորության մասին, 2023-ի սկզբին դիմել են Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանին։ Զուգահեռաբար, տեղեկատվության հարցմամբ դիմել են Կադաստրի կոմիտե։ Եթե քաղաքապետը կրպակատերերի դիմումներին պատշաճ չի արձագանքել, Կադաստրի կոմիտեից պատասխանել են, որ կրպակների զբաղեցրած հողամասերը պատկանում են Արտաշատ համայնքին։

Կրպակների սեփականատերերի մոտ հարց է ծագել՝ եթե հողամասը պատկանում է համայնքին, ինչո՞ւ են տարիներ շարունակ վարձավճար վճարել «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ի տնօրինությանը։ Դժգոհ քաղաքացիները դիմումներ են ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատախազությանը և ոստիկանությանը։ Պատասխան դեռ չեն ստացել։

Մարինե Աթոյանը հաղորդում է ներկայացրել նաև Արարատի մարզային դատախազություն՝ հուսալով, որ իրավապահները քրեական վարույթ կնախաձեռնեն։

Մինչ կրպակատերերը կսպասեին իրավապահներին ուղղված հանցագործության մասին հաղորդումների ընթացք տալուն, «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ի տնօրինության դիմումի հիման վրա ոստիկաններ են այցելել կրպակներ։ Նրանք քաղաքացիներից պահանջել են լքել իբր շուկային պատկանող տարածքը, քանի որ հրաժարվել են վարձակալության վճարները վճարել։

«Նորից սկսել են ահաբեկման պրոցեսները շուկայի տնօրինության կողմից, որ «կռանը կբերենք կհանենք», որ դուք վաղվանից այլեւս դուռը չեք բացի։ Ասում եմ՝ ինչի՞, ցույց եմ տալիս Կադաստրի պատասխանը, որ հողը ձերը չի, համայնքինն է, տաղավարն էլ մենք ենք տեղադրել, ինչի՞ համար ձեզ պետք է գումար տանք։ Քաղաքապետարանից էլ մեզ ասեցին, որ շուկային այլևս գումարներ մի տվեք»,- պատմեց Մարինե Աթոյանը։

Գրիշա Աբագյանը 1998 թ.-ից Արտաշատի շուկայի հարևանությամբ կարի փոքրիկ արտադրամաս ունի։ Նա նույնպես տարիներ շարունակ վարձակալության վճար է տվել շուկայի տնօրինությանը, սակայն նախորդ տարի, երբ տեղեկացել է, որ իր արտադրամասի զբաղեցրած հողամասը պատկանում է Արտաշատ համայնքին, հրաժարվել է վարձը վճարելուց։

«Մեզ խաբել են, որ փողը պետք է մեզ (շուկային) տաք, մենք տանք քաղաքապետարանին, բայց մինչ օրս սուտ է եղել։ Ոչ մի քաղաքապետարանի չեն մուծել, գումարը մնացել է իրենց»,- պատմեց Գրիշա Աբագյանը՝ նշելով, որ ինքը շուկայի տնօրինությանն ամեն ամիս 20 հազար դրամ է վճարել իբրեւ վարձ։

Կրպակների սեփականատերերի խոսքով, շուկայի տնօրինությունից իրենց ասել են, թե տարածքը համայնքին չի պատկանում, այլ նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի սեփականությունն է, ուստի պարտավոր են վարձակալության վճարները կրկին իրենց վճարել։

«Արտաշատի շուկա» ՍՊԸ-ի 100% բաժնետերը մինչև 2019-ը Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ Արմեն Սարգսյանն է եղել, որը նախկին ոստկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրն է։ Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով, 2019 թ.-ին արգելանք է դրվել Արմեն Սարգսյանի բաժնեմասի վրա, ապա արգելանքը հանվել է, իսկ բաժնեմասը փոխանցվել է այլ անձի։ Այսօր ՍՊԸ-ի բաժնետերերը երկուսն են՝ Մխչյան գյուղի բնակիչ Բերսաբեր Մուրադյանը և Երևանի Էրեբունի վարչական շրջանում հաշվառված Անահիտ Հովհաննիսյանը։

Պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցեցինք «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կոլյա Սահակյանի հետ։ Նա հաստատեց, որ ծանուցել են կրպակատերերին՝ վարձավճարը չվճարելու դեպքում ապամոնտաժել տարածքը, քանի որ հողատարածքը ՍՊԸ-ի սեփականությունն է։ Կոլյա Սահակյանը մեզ ներկայացրեց շուկայի տարածքի սեփականության վկայականի պատճենը, որում առկա հատակագծի համաձայն՝ կրպակները ՍՊԸ-ին պատկանող տարածքում են։ Փորձեցինք հասկանալ, թե ինչ հիմքով է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել ՍՊԸ-ին։ Կոլյա Սահակյանը մեզ ներկայացրեց Արտաշատ համայնքի ղեկավար Գ․ Մուրադյանի 23.04.2004 թ-ի թիվ 77 որոշման պատճենը, որի համաձայն՝ նախկին շուկայի 9400 քմ տարածքը վարձակալությամբ հատկացվում է «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ին։ Այդ որոշման մեջ ոչ մի նշում չկա, թե քաղաքապետը միաձայն, առանց ավագանու որոշման ինչպե՞ս է այդ հողամասը վարձակալությամբ տրամադրել ՍՊԸ-ին։ Նույն որոշման մեջ խոսք չկա նաեւ այն մասին, որ հողամասում կրպակներ տեղադրելու նախկին թույլտվությունները չեղարկվում են։ Միայն նշված է, որ տվյալ հողատարածքի վրա գտնվող, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի և քաղաքապետի համապատասխան որոշումների համաձայն ժամանակավոր տեղադրված առևտրի բոլոր օբյեկտների սեփակաանատերերը, տնտեսվարող այլ սուբյեկտներ Արտաշատի քաղաքապետարանի հետ ունեցած հողօգտագործման իրավունքներն ու պարտականությունները պարտավոր են կարգավորել «Արտաշատի շուկա» ՍՊԸ տնօրինության հետ։ «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կոլյա Սահակյանին խնդրեցինք ներկայացնել համայնքային հողամասը ՍՊԸ-ին վաճառելու մասին Արտաշատ համայնքի ավագանու և ղեկավարի որոշումները, սակայն այդ փաստաթղթերը չգտնվեցին։

Ավելին, Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց, 50 հասցեի գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ին։ Սակայն գույքի նկարագրում առկա կադաստրային ծածկագրերը թերի են, ոչ ամբողջական և ոչ արժանահավատ։ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային քարտեզն ավելի շատ հարցեր է առաջացնում։ Ըստ քարտեզի, Արտաշատի շուկայի տարածքում մի քանի տասնյակ առանձին գույք կա։

Հաշվի առնելով Արտաշատ համայնքի հողը «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ին վաճառելու մասին ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների բացակայությունը, Կադաստրից ստացված տեղեկանքը, որտեղ շուկային պատկանող գույքի ծածկագրերը թերի են, ինչպես նաեւ Կադաստրի էլեկտրոնային քարտեզում առկա տվյալները՝ կարող ենք ենթադրել, որ «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ին տրված սեփականության վկայականը կեղծ է։

Փորձեցինք խոսել նաև Արտաշատ համայնքի ՔՊ-ական ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ, սակայն չհաջողվեց։ Քաղաքապետի մամուլի խոսնակը փոխանցեց, որ Մկրտչյանը խորհրդակցության է և առաջարկեց զրուցել Արտաշատի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կարեն Պողոսյանի հետ։

Նրա խոսքով, նախկինում քաղաքացիներին ժամանակավոր կրպակ տեղադրելու թույլտվություն է տրվել, քանի որ հողամասը պետական սեփականություն է եղել, որից հետո 2006 թ.-ին հողամասը փոխանցվել է Արտաշատ համայնքին սեփականության իրավունքով։ Ըստ բաժնի պետի, 2004 թ.-ին «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ին հողամասը հատկացվել է վարձակալության իրավունքով, իսկ արդեն 2008 թ.-ին` սեփականության իրավունքով։ «Պայմանով է, որ մինչև օտարման պահը կարող է կադաստրային վճարը չվճարի, բայց հանդիսանում է իր սեփականությունը։ Եթե վաճառք է անում, պարտավոր է վճարի հողամասի կադաստրային արժեքը, օրենքով է դա կարգավորվում»,- ասաց Կարեն Պողոսյանը՝ վստահեցնելով, թե համայնքային հողը «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ին փոխանցելու բոլոր փաստաթղթերը կան և կարող է մեզ տրամադրել, բայց՝ գրավոր դիմելուց հետո, ինչը մենք արդեն արել ենք։

Արտաշատի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կարեն Պողոսյանը փորձեց կասկածի տակ դնել Կադաստրի կոմիտեի այն տեղեկությունը, թե նշված հողամասը համայնքի սեփականությունն է, և որ դրա մասին տեղեկանքներ կան կրպակատերեր մոտ։ Որպես հիմնավորում նա նշեց, թե Կադաստրի կոմիտեն այդպիսի պատասխան է տվել, քանի որ ՍՊԸ-ն դեռ կադաստրային արժեքը չի վճարել։

Հ․Գ․ Ի դեպ, վերջին ամիսներին Արտաշատի քաղաքապետարանը կրպակների սեփականատերերի՝ ինքնակամ կառույցների օրինականացման դիմումները պատշաճ քննարկելու և ընթացք տալու փոխարեն զբաղված է «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ի գույքի սահմանների ճշգրտումներով և ձգտում է Կադաստրի կոմիտեի քարտեզում փոփոխություններ անել։

«Հետք»-ն այս պատմությանն առաջիկայում կրկին կանդրադառնա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter