HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Քննչական կոմիտեի դիմաց երեկվանից նստացույց անող զոհված զինծառայողների ծնողներին որևէ պաշտոնյա դեռևս չի մոտեցել

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երեկ կեսօրից նստացույց են անում Մամիկոնյանց փողոցում՝ Քննչական կոմիտեի դիմաց։ Ծնողներն ու մյուս հարազատները պահանջում են, որ Քննչական կոմիտեն բացատրի, թե ինչու 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել, պարզաբանի՝ որևէ մեկի դեմ քրեական գործ կա՞, մեղադրանք առաջադրվա՞ծ է։

Զոհված զինծառայողների ծնողները գիշերը հերթապահել են Քննչական կոմիտեի շենքի դիմաց, փակել ճանապարհը։ Մոտ երեք ամիս առաջ որդեկորույս ծնողները ստեղծել են «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը։ Երեկվանից սկսված նստացույցը կազմակերպել է նշված ՀԿ-ն, որի նախագահ Վահիդ Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ 24 ժամ ժամանակ են տվել Քննչական կոմիտեին՝ մինչև այսօր՝ ժամը 15:00-ն, որ որևէ պաշտոնյա Կոմիտեից գա ու իրենց պարզաբանումներ տա։

Սակայն, ո՛չ այս գիշերը, ո՛չ էլ դրանից առաջ որևէ պաշտոնյա չի մոտեցել նրանց։

Երեկ երեկոյան մեծ թվով ոստիկաններ են եղել Քննչական կոմիտեի դիմաց։ Այսօր առավոտվանից էլ ոստիկանները ավտոմեքենաներով փակել են Կոմիտե տանող ճանապարհը՝ Մամիկոնյանց-Տիգրանյան խաչմերուկից մինչև Գրիբոյեդով-Մամիկոնյանց խաչմերուկը։ 

Առավոտյան փակված ճանապարհին ոստիկանական երկու ավտոբուս կար։ Մոտակա շենքի բնակիչներից մեկը պատմեց, որ այդ ավտոբուսները նաև գիշերն են եղել այդտեղ։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության 31-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նախքան իշխաննության ներկայացուցիչների գալը պանթեոնի մուտքի մոտ էին հավաքվել զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում` փորձելով արգելել Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»։

Սակայն ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, (կարմիր բերետավորներ) ուժ կիրառելով և քաշքշելով, բերման ենթարկեցին զոհված և անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ ծնողների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter