HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանագետ. «Նրանք նպատակ ունեն դատարկել ՀՀ գյուղերը՝ ստեղծելով մշտական ագրեսիայի ու վտանգի զգացողություն»

«Հետքի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանը

-Տիկին Հայրապետյան, ապրիլի 11-ին Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանը սադրանքի դիմեց: Ինչո՞ւ է Բաքուն հերթական անգամ դիմել նման քայլի:

-Նախ եկեք հասկանանք դրան նախորդած իրադարձությունները: Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը Գորիսը Ստեփանակերտին կապող երթուղու փոփոխման պատրվակով Ադրբեջանի ԶՈւ-ն հայտնվեց Տեղ գյուղի գյուղացիներին պատկանող վարելահողերում եւ մեկ գիշերվա մեջ սկսեց դիրքեր փորել: Թեեւ Փաշինյանը ամսի 30-ին Կառավարության նիստում հայտարարեց, թե Ադրբեջանը ավելորդ «բլոկբաստեր» է ցուցադրում, կարճ ժամանակ անց արդեն ԱԱԾ-ն հայտնեց որոշ «անճշտությունների» մասին: Հետո հայտարարում էին, որ քարտեզագիրները աշխատում են, կշտկվի, իսկ Փաշինյանը նշեց, որ ինքն առաջնորդվում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ՝ դրանով իսկ արդարացնելով, թե ինչու է զիջել գյուղացիների վարելահողերը:

Կա պարզ տրամաբանություն. երբ քո հակառակորդը, առավել եւս Ադրբեջանի պես հակառակորդը, տեսնում է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը փաստացի հրաժարվում է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, դա էսկալացիայի հանգեցնող ամենաարագ ուղին է: Տաս օրից ավելի որեւէ մեկը պատասխանատվության չէր կանչվում, թե ինչու հայկական կողմը նախապես որեւէ բան չէր արել՝ այդ տարածքներում անվտանգության ապահովման եւ ադրբեջանցիների առաջընթացը թույլ չտալու համար: Հիմա արդեն, երբ ունեցանք մարդկային զոհեր, սկսվեց մեղավորների փնտրտուք, Փաշինյանը նոր հիշեց, թե իբրեւ իր հրամանները չեն կատարվել, ինչը եւ՛ սեփական թուլության, եւ՛ հանցավոր անգործության մասին խոստովանություն է:

Վերադառնալով Բաքվի նպատակներին՝ նշեմ, որ իրենք երկարաժամկետ առումով փորձելու են նման գործողություններով է՛լ ավելի մոտենալ քաղաքացիական բնակչությանը: Նրանք նպատակ ունեն դատարկել այդ եւ ՀՀ այլ գյուղեր՝ ստեղծելով մշտական ագրեսիայի ու վտանգի զգացողություն: Նույնն անում են Արցախում, իսկ 2020 թ. պատերազմից հետո՝ արդեն ՀՀ-ի դեմ: Ի պատիվ մեր զինվորականների եւ նաեւ Տեղ գյուղի բնակիչների՝ պետք է նշեմ, որ նրանք իսկապես հասկացան իրավիճակի լրջությունը եւ համարժեք դիմադրություն ցույց տվեցին: Դա էլ պատճառներից մեկն էր, որ Ադրբեջանը երեք ժամ անց համաձայնվեց կրակի դադարեցմանը:

Բայց, ցավոք, դա շարունակական գործողություն է եւ կանխելու համար պետք է առաջնորդվել պատրաստ լինելու տրամաբանությամբ: Որքան էլ զարմանալի թվա, պատերազմից վախեցող ու ամեն գնով դիմադրությունից խուսափող Փաշինյանը ամենաշատ ագրեսիան ու վնասն է բերում մեր երկրին, որովհետեւ պատերազմը կանխելու գլխավոր ձեւը դրան պատրաստ լինելն է:

-Հայկական կողմը նշում է Ադրբեջանի մեծաթիվ զոհերի մասին, մինչդեռ Ադրբեջանը հայտարարել է 3 զոհի մասին: Արդյոք հետեւում եք ադրբեջանական կայքերին, սոցցանցային հարթակներին, առհասարակ ի՞նչ արձագանք է ունեցել կատարվածը:

-Ես տեսա այդ 3 զոհի, նաեւ 4 վիրավորի մասին տեղեկություն: Ադրբեջանի տեղեկատվական դաշտում արագորեն սկսեց շրջանառվել այն թեզը, թե իբր Հայաստանը նման քայլերի է գնում Իրանի դրդմամբ: Կեղծ լուրեր տարածեցին, թե իբր իրանական դրոններ են կիրառվում, կամ թե իրանական կողմն է հայկական ստորաբաժանումներ պատրաստում եւ այլն: Դա հստակ տեղեկատվական արշավ է: Նրանք փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստան–Իրան բարիդրացիական հարաբերությունները, քանի որ Իրանը կարեւոր դեր ունի Սյունիքի հարցում ադրբեջանական ախորժակը զսպելու առումով: Բացի դրանից՝ Ադրբեջանում վերջերս Իսրայելից ուղարկված մասնագետների օգնությամբ ստեղծվել է «կիբեռանվտանգության կենտրոն», որն, ըստ իս, հենց համակարգում է տեղեկատվական նման արշավները:

-Բաքուն Երեւանին մեղադրում է բանակցությունները դադարեցնելու մեջ: Դա իսկապե՞ս դժգոհություն է, թե՞ շղարշ, հերթական անգամ Հայաստանին ինչ-որ հարցում մեղադրելու պատրվակ:

-Ադրբեջանի մշտական քաղաքականությունն է՝ մեզ ներկայացնել որպես ապակառուցողական կողմ, բայց բանակցությունների դանդաղեցման կամ սառեցման գլխավոր պատճառներից մեկը հենց Ադրբեջանի կողմից մեր դեմ իրականացվող շարունակական ագրեսիաներն են: Օրինակ՝ մարտի 13-ին Փաշինյանը հերթական հայտարարությամբ հանդես եկավ, որ ՀՀ-ն պատրաստ է զորքերը հետ քաշել ՀՀ-Ադրբեջան 1991 թ. սահմանային գծի ամբողջ երկայնքով: Դեռ մի կողմ թողնենք այն պարզ հարցը, թե էլ ուր հետ քաշենք մեր զորքերը, երբ Ադրբեջանը ՀՀ տարածքից է հատվածներ օկուպացրել: Այս հայտարարությանն ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ասաց, որ դա ընդունելի չէ, քանի որ կա, այսպես կոչված, անկլավների հարց: Միտքս այն է, որ իրենք զիջման դիմաց միշտ ավելին են ուզում: Ուստի, պետք է գտնել չզիջելու բանաձեւը, իսկ դա բոլոր ուղղություններում աշխատելն է՝ եւ՛ ռազմական, եւ՛ քաղաքական, եւ՛ դիվանագիտական, եւ՛ տեղեկատվական ու հոգեբանական:

Իսկ բանակցությունների դադարեցման պահով ուղղակի նշեմ, որ, ըստ էության, շատ հաճախ դրանք գաղտնի են ընթանում, հետո հանրությունը բախվում է իրողությունների: Վերջին օրինակը Տեղ գյուղի դեպքերն են: Դրանից հետո, երբ Փաշինյանը ԱԺ-ում մեղադրեց Ադրբեջանին ուխտադրուժ լինելու մեջ, ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ եղել են գաղտնի պայմանավորվածություններ: Իսկ Ադրբեջանն, իհարկե, ձեռք բերածով չի բավարարվել, դրա համար տեղի ունեցավ էսկալացիա:

-Ապրիլի 11-ի սադրանքից հետո ադրբեջանական մամուլում հրապարակվեցին նյութեր, որ հայկական կողմը կիրառել է իրանական անօդաչու թռչող սարքեր, որը Հայաստանի ՊՆ-ն հերքել է: Ինչո՞ւ է Ադրբեջանը շոշափում Իրանի անունն այն դեպքում, երբ լարված են Իրան-Ադրբեջան հարաբերությունները:

-Դա հստակ թիրախային քաղաքականություն է: Պետք է Արեւմուտքի աչքում Հայաստանին ներկայացնել որպես Ռուսաստանի ու Իրանի դաշնակից ու այդ ֆոնին ՀՀ-ի դեմ ստանալ արեւմտյան ուժային կենտրոնների աջակցությունը: Սա հստակ մտածված արշավ է, որից առաջացող ռիսկերը Հայաստանում հավուր պատշաճի չեն գնահատում:

-Մեր վերջին հարցազրույցում ասացիք, որ «մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը մեր դեմ պատրաստվում է պատերազմի, եւ մենք չունենք 30 տարի»: Ի՞նչ սցենարների պետք է պատրաստ լինի Հայաստանը:

-Ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ Ադրբեջանը մեր դեմ լայնամասշտաբ պատերազմի է պատրաստվում: Դա չի խանգարում նրանց կիրառել նաեւ «սողացող պատերազմի» քաղաքականություն, մեր հանրությանը ներշնչել մշտական վտանգի զգացողություն, որ մարդիկ ապագա չտեսնեն ու հեռանան: Դա շատ կհեշտացնի Ադրբեջանի գործը: Պատահական չէ, որ վերջին շրջանում մեծ թափ է հավաքել «Արեւմտյան Ադրբեջանի» մասին թեզը, որով ներկայիս ՀՀ-ն համարվում է «ադրբեջանական տարածք»: Սրանով գաղափարական հիմք է ստեղծվում մեր պետության դեմ ագրեսիայի համար: Դա կանխելու միակ ձեւը պատրաստվելն է:

Մենք, իսկապես, ժամանակ չունենք, մենք նույնիսկ մի րոպե չենք կարող անգործության մատնվել, բայց, ցավոք, այս ծանր փուլում իշխանությունները հանցավոր անգործության են մատնված, քայլեր չեն ձեռնարկում անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչ-որ անհասկանալի պայմանավորվածությունների են գնում, արդյունքում մենք ստանում ենք եւ՛ ագրեսիա, եւ՛ տարածքային, եւ՛ մարդկային կորուստներ:

Այդուհանդերձ, ադրբեջանցի դիվերսանտին բռնելու դեպքը եկավ ապացուցելու, որ մեր ժողովուրդը սկսում է տեղերում ինքնակազմակերպվել՝ սեփական անվտանգային խնդիրները լուծելու համար: Միշտ այդպես է, երբ պետությունը եւ իշխանությունն իր գործառույթները չի կատարում, մարդիկ սկսում են ժողովրդի լեզվով ասած «իրենց գլխի ճարը տեսնել»:

-Տիկին Հայրապետյան, սոցհարթակների ադրբեջանական տիրույթում լուրեր են տարածվել, թե Ադրբեջանը «Սմերչ» եւ այլ զինատեսակներ է սկսել կուտակել Բերձորի հատվածում: Սա իրականությանը համապատասխանո՞ւմ է:

-Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ իրենք, ըստ տարեկան պլանի, զորավարժություններ են անցկացնում «Սմերչի» եւ «Դանա» հաուբիցների կիրառմամբ: Դա տեղի չի ունենում Բերձորի տարածքում: Աշխարհագրությունն այդ հատվածում չէ, դժվար էլ իրենք կարողանան դա կազմակերպել այդ տարածքում: Հաճախ իրենք փորձում են նման լուրերն այնպես ներկայացնել, որ մեզ մոտ խուճապ առաջանա, կամ արձագանքներ ստուգեն: Սա իրենց կողմից պատերազմի պատրաստվելու եւ մարտական պատրաստությունը բարձրացնելու տրամաբանության մեջ է: Բայց կարծում եմ՝ մինչեւ Թուրքիայում ընտրությունների ավարտը Ադրբեջանը չի գնա լայնամասշտաբ գործողությունների, կփորձի հարցերը լուծել լոկալ մարտերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter