HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ատամների իմպլանտացիայից հետո կնոջ ծնոտը դեֆորմացվել է, նա դատական կարգով փոխհատուցում է պահանջում

Ռուզաննա Հովհաննիսյանը 2008 թվականի հուլիսի 11-ին Մոսկվայից Երևան էր եկել ատամների իմպլանտացիա կատարելու համար։

Հարազատները նրան խորհուրդ էին տվել դիմել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ըստ նրանց՝ լավագույն դիմածնոտային վիրաբույժ Արթուր Պապիկյանին։

Ռուզաննան բժշկի հետ պայմանավորվել էր յուրաքանչյուր տեղադրված իմպլանտի համար վճարել 330 ԱՄՆ դոլար։ Աշխատանքի վերջում Արթուր Պապիկյանին նա պետք է վճարեր 5000 դոլար։ Իմպլանտների տեղադրումից հետո Ռուզաննայի մոտ անտանելի ցավեր են սկսվել։ Այդ ընթացքում նա Արթուր Պապիկյանին արդեն 2000 դոլար էր վճարել։

Ռուզաննայի մոտ լնդերի արնահոսություն է սկսվել, ապա այտուցվել են, նրա պատմելով՝ միջամտությունից հետո մեկ ամիս միայն հյութ էր կարողանում խմել։ Հիմա էլ, երբ վերքերը ժամանակ առ ժամնաակ բացվում են, նա չի կարողանում ոչինչ ուտել։

Նույն տարվա օգոստոսի 21-ին Ռուզաննա Հովհաննիսյանը վերադարձել է Մոսկվա, քանի որ այնտեղ խանութ ուներ ու երկար ժամանակ չէր կարող բացակայել։

Այդ ընթացքում նրա վիճակը չի լավացել, ուղղակի, ինչպես ինքն է ասում, հարմարվել է և դեղերի օգնությամբ կարողացել մեղմացնել ցավերը։

2009-ի ապրիլին նա վերադարձել է Հայաստան և նորից հանդիպել բժշկ Պապիկյանին։ Վերջինս Ռուզաննայի վիճակը նորմալ է գնահատել և առաջարկել իմպլանտները չհանել։ Ռուզաննան ասել է, որ ուժեղ ցավեր ունի, պարբերաբար լնդերն արնահոսում են, խնդրել է հեռացնել տեղադրած իմպլանտները։ Բժիշկն ասել է, թե կարիք չկա։

«Եթե սրան կարելի է անվանել իմպլանտ, ես իմպլանտը լրիվ այլ ձևով եմ տեսել, սա իմ բերանում կառուցած երկաթյա շինություն է, որի պատճառով արդեն 14 տարի է տանջվում եմ, եթե ես մանրամասն նկարագրեմ իմ անցկացրած ամեն օրը, մարդիկ անգամ չեն կարող մինչև վերջ լսել, դժոխային ցավեր եմ ունենում»,-պատմում է նա։

Վերադառնալով Մոսկվա՝ նա դիմել է տեղի բժիշկներին։ Վերջիններս ասել են, որ այն տեխնիկան, որով բժիշկ Պապիկյանն իմպլանտացիա էր արել, վաղուց գործածությունից դուրս եկած, հին տեխնիկա է, իսկ դրանք հեռացնելու սարքավորումներ կունենան այն մասնագետները, որոնք դեռ աշխատում են այդ տեխնիկայով։ Ռուզաննայի պատմելով՝ մոսկվացի բժիշկները խորհուրդ են տվել շտապ հանել տեղադրված իմպլանտներ՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ «Ոչ ոք չէր ուզում հեռացնել այդ երկաթյա շինությունները, երևի մտածում էին արյան վարակ կստանամ ու մեղքը կմնա իրենց վրա, իսկ ես օրվա մեջ ամենաուժեղ ցավազրկողներն էի խմում, որ կարողանամ դիմանալ, եղել են դեպքեր, երբ ցավից ուշագնաց եմ եղել։ Ոչինչ չեմ կարողանում ծամել։ Ատամնացավն ամենավատ ցավերից է, իսկ ես արդեն քանի տարի է ամեն օր զգում եմ դա»,- պատմում է Ռուզաննա Հովհաննիսյանը։

Թեեւ նա ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում, հաճախակի էր Հայաստան գալիս։ 2013-ին նորից է վերադարձել՝ երկրորդ անգամ իմպլանտացիա անելու։

Այս անգամ նրան խորհուրդ էին տվել դիմել Արմավիր քաղաքում գործող «ՎԱԳ-դենտ» կլինիկայի բժիշկ Գեղամ Ավագյանին։  2013-ի մայիսի 19-ին նա 2-րդ անգամ է իմպլանտացիա կատարել։ 

Միջամտությունից ժամեր անց, երբ ցավազրկողի ազդեցությունն անցել է, Ռուզաննայի մոտ նորից ցավեր են սկսվել։ 

Հաջորդ օրը, երբ գնացել է բժշկի մոտ հետազոտության, նրան ասել է այդ մասին, վերջինս հանգստացրել է ու հայտնել, որ իմպլանտացիան բարդ միջամտություն է, դրանից հետո ցավեր ունենալը նորմալ երևույթ է։

Ռուզաննա Հովհաննիսյանի ծնոտն այս միջամտություններից հետո դեֆորմացվել է։ Ծնոտի աջ հատվածն այտուցված է։ Լնդերը բորբոքվում են, պարբերաբար՝ արնահոսում։ 

«Ես ամաչում եմ հարազատների տուն գնալ, ամաչում եմ դուրս գալ մարդամեջ, անգամ բարեկամիս տանը սուրճ խմելուց պետք է հատուկ դիրքով նստեմ, գլուխս հատուկ ձևով պահեմ, որ կարողանամ կուլ տալ։  Խեղդվում եմ, ստիպված եմ լինում մաքրել կոկորդս, քանի որ կոկորդիցս արտադրություն է գալիս, լցվում բերանս։ Բժիշկները չեն ընդունում իրենց սխալը, ինձ հասցրել են այս վիճակին ու հիմա անգամ չեն խոստովանում, որ իրենց մեղքով եմ այս վիճակին հասել»,- ասում է նա։

2021 թվականի ապրիլի 30-ին Ռուզաննա Հովհաննիսյանը «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայում կոնսուլտացիա է անցել, որի եզրակացությամբ՝ լիարժեք բուժման համար նա պետք է համալիր դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժում ստանա՝ նյարդաբանի հսկողությամբ։ Բայց մասնագետների տված եզրակացության մեջ նշվում է նաև, որ հաշվի առնելով հիվանդության վաղեմությունը՝ բուժումը կարող է լիարժեք արդյունք չտալ։

«Վերին ծնոտում տեղադրված ենթավերնոսկրային իմպլանտի շրջանում առկա են պերիմպլանտիտի նշաններ, մերկացված են իմպլանտատի թամբերը, բացակայում է օրթոպեդիկ կոնստրուկցիան, և այդ իմպլանտանտը ենթակա է հեռացման։ Ըստ նախնական ախտորոշման՝ հիվանդի մոտ առկա է ստորատամնաբնային նյարդի մասնակի երկկողմանի նեյրոթերապիա։ Վերջնական ախտորոշման համար ցանկալի է եռվորյակ նյարդի էլեկտրոնեյրոմիոգրաֆիա և նյարդաբանի խորհրդատվություն»,- նշված է կենտրոնի եզրակացության մեջ։

Այս եզրակացությունից հետո Ռուզաննա Հովհաննիսյանը համոզվել է, որ իր վիճակի պատճառը բժիշկների ոչ ճիշտ կամ թերի բուժումն է։

Ռուզաննա Հովհաննիսյանը մի քանի անգամ հանդիպել է Արթուր Պապիկյանին և Գեղամ Ավագյանին։ Խնդրել է շտկել թերությունները, շարունակել բուժումը՝ փոխհատուցելով պատճառված վնասը։ Երկուսն էլ, իր խոսքով, հրաժարվել են։ Մերժում ստանալուց հետո Ռուզաննա Հովհաննիսյանը որոշել է դատական հայցեր ներկայացնել և փոխհատուցում պահանջել։

Նա 2021-ի հոկտեմբերին դատական հայց է ներկայացրել դիմածնոտային վիրաբույժ Արթուր Պապիկյանի դեմ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման ընթացքում առողջությանը հասցված վնասի դիմաց փոխհատուցում ստանալու պահանջով։ Արթուր Պապիկյանն այժմ աշխատում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, որպես դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ։ Հիշեցնենք, Ռուզաննայի ատամների իմպլանտները տեղադրելիս նա աշխատում էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում։ Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել։

Նույն տարվա դեկտեմբերին Ռուզաննա Հովհաննիսյանը դատական հայց է ներկայացրել նաև  Արմավիր քաղաքի «ՎԱԳ-դենտ» ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն Գեղամ Ավագյանի դեմ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման ընթացքում առողջությանը հասցված վնասի դիմաց փոխհատուցում ստանալու պահանջով։

Դատարանն այս հայցադիմումը եւս վարույթ է ընդունել և որոշել նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ դա հանձնարարելով ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան փորձագետներին։ 

«Հետքը» կապ հաստատեց դիմածնոտային վիրաբույժ Արթուր Պապիկյանի հետ, վերջինս նշեց, որ թեմայի վերաբերյալ  առանձնապես ասելիք չունի, իսկ դեպքն այնքան վաղուց է եղել, որ չի էլ հիշում՝ նման պացիենտ ունեցե՞լ է, թե ոչ։

«Դատական պրոցես է գնում, ինչ կորոշի դատարանն, էդպես էլ կլինի, դա շատ վաղուց էր, ես նման բողոքող պացիենտ չեմ հիշում, ես չեմ էլ հիշում, որ նման պացիենտ եմ ունեցել, շատ վաղուց էր դա»,- ասաց բժիշկ Պապիկյանը։ 

Զանգահարեցինք նաև «ՎԱԳ-դենտ» ստոմատոլոգիական կենտրոն։ Մեզ հետ զրուցող աշխատակիցը նշեց, որ Գեղամ Ավագյանը զբաղված է, աշխատում է, հետեւաբար չի կարող պատասխանել հեռախոսազանգին։ Տեղեկանալով, թե ինչ նպատակով ենք ցանկանում խոսել բժշկի հետ, խնդրեց հաջորդ օրը զանգել և նշեց, որ խոսելու ենք ոչ թե Գեղամ Ավագյանի, այլ նրա եղբոր՝ կլինիկայի համահիմնադիր Գրիգորի Ավագյանի հետ, քանի որ այդ հարցերով զբաղվում է ոչ թե Գեղամը, այլ Գրիգորին։

Ռուզաննա Հովհաննիսյանի խոսքով՝ Գեղամ Ավագյանը մասնագիտությամբ ատամնատեխնիկ է, ոչ թե ատամնաբույժ։ 

Հաջորդ օրը՝ պայմանավորված ժամին զանգահարեցինք, պարոն Ավագյանին հարմար չէր խոսել, հեռախոսահամար թողեցինք, քիչ անց նա զանգահարեց, տեղեկանալով թեմայի մասին՝ ասաց, թե իմաստ չունի հոդված գրել, եթե արդեն դատական գործ կա։ Ապա նշեց, որ իմպլանտացիայից հետո Ռուզաննա Հովհաննիսյանի մոտ բարդություններ առաջացել են, բայց շտկվել են։

Գեղամ Ավագյանը փոխանցեց իր փաստաբանի հեռախոսահամարը և խնդրեց հետագա հարցերով դիմել նրան։ Փաստաբան Ցոլակ Մարգարյանը հրաժարվեց հեռախոսով մեր հարցերին պատասխանել։

62-ամյա Ռուզաննա Հովհաննիսյանն այժմ էլ ցավազրկողներ ու հակաբորբոքայիններ է ընդունում եւ սպասում դատական հայցերի հանգուցալուծմանը։ Սեփական միջոցներով բուժման ծախսերը հոգալու, կրկին իմպլանտացիա անելու հնարավորություն չունի, բայց հույս ունի, որ դատական կարգով ստացած փոխհատուցումներով կարող է, վերջապես, բուժել ատամները։

Գլխավոր լուսանկարը՝ unsplash.com 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter