HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ադրբեջանցի ծանրորդները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը և կհեռանան Երևանից

Ապրիլի 14-ի երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում երբ բեմ դուրս բերվեց Ադրբեջանի դրոշը, դահլիճում ներկա գտնվող տղամարդկանցից մեկը մոտեցավ Ադրբեջանի դրոշը պահած աղջկան, նրա ձեռքից վերցրեց դրոշը և այրեց։ Շաբաթ առավոտյան հայտնի դարձավ, որ նախօրեին տեղի ունեցած միջադեպի պատճառով ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի առաջնությանը և կհեռանան Երևանից։

Նախքան Եվրոպայի առաջնության մեկնարկը՝ Ադրբեջանում երկար էին մտածել՝ մասնակցե՞լ Երևանում կայանալիք առաջնությանը, թե՝ ոչ։ Ադրբեջանցիները մրցաշարի կազմակերպիչ Հայաստանից անվտանգության լրացուցիչ երաշխիքներ էին պահանջում՝ հաշվի առնելով երկրների միջև առկա թշնամական հարաբերությունները։ Եվ ապրիլի 12-ին՝ մրցաշարի մեկնարկից երեք օր առաջ, Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան հաստատեց, որ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ադրբեջանցի 4 ծանրորդ, իսկ պատվիրակության ընդհանուր կազմը բաղկացած կլինի 12 հոգուց։ Ապրիլի 13-ին ադրբեջանական պատվիրակությունն արդեն Երևանում էր։ 

Ապրիլի 13-ին տեղի ունեցավ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում վերջինս հայտարարեց, թե Ադրբեջանի հավաքականի հետ գրագրության միջոցով հստակեցվել են մարզիկների և թիմի անվտանգության պայմանները: 

«Վստահ եմ, որ առաջնությունն իր հիմքում ունենալու է մարզական բաղադրիչը, ոչ թե քաղաքականը: Մենք ապահովելու ենք բոլոր մարզիկների անվտանգությունը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը, սակայն ինչպես հետագայում պարզ դարձավ, Հարությունյանի ակնկալիքները չարդարացան, քանի որ միջադեպից խուսափել այդպես էլ չհաջողվեց։

Ինչպես արդեն նշեցինք, նախօրեին տեղի ունեցած բացման արարողության ժամանակ, ներկաներից մեկն այրել էր Արդբեջանի դրոշը, որը դուրս էր բերվել բեմահարթակ։ Դրոշը վերցրած և այրած տղամարդը դիզայներ-մոդելավորող Արամ Նիկոլյանն էր, որը այդ դեպքից հետո տարվել էր ոստիկանական բաժանմունք և մի քանի ժամ անց ազատ արձակվել։ 

Ապրիլի 15-ի առավոտյան Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունն ու Ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ հաշվի առնելով տեղի ունեցած միջադեպը՝ որոշվել է, որ ադրբեջանցի մարզիկները կվերադառնան Ադրբեջան, քանի որ այդպիսի հոգեբանական ճնշման պայմաններում մարզիկները չեն կարող ելույթներ ունենալ։

Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Ֆարիդ Գաիբովն էլ կոչ էր Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիային պատժամիջոցներ սահմանել Հայաստանի դեմ։

Հայաստանում տեղի ուենցած միջզգային մարզական իրադարձություններից վերջին, որտեղ Ադրբեջանը ներկայացուցիչ էր ունեցել, 2012 թվականի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն է եղել։ 2022 թվականին Երևանում տեղի ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, սակայն Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշում էր կայացրել՝ չմասնակցել առաջնությանը։

Ինչ վերաբերում է Բաքվում կայացած միջազգային մարզական մրցաշարերին, ապա վերջին առաջնությունը, որին մասնակցել է հայկական պատվիրակություն, եղել է 2015 թվականի Եվրոկական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացված է եղել 18 մարզիկով։ 

Հիշեցնենք, Երևանում մեկնարկելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի 2024թ․ Օլիմպիական խաղերի համար։

Հարկ է նշել նաև, որ Հայաստանը հայտ է ներկայացրել՝ ընդունելու նաև ծանրամարտի 2024 թվականի աշխարհի առաջնությունը։ Ապրիլի 13-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ծանրամարտի միջազգային ֆեդրացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդն ասել էր, որ Երևանը մեծ հավակնություններ ունի այդ հարցում։ 2024 թվականի աշխարհի ստուգատեսն ընդունելու համար Հայաստանի հետ պայքարում են Ալբանիան, Բահրեյնը, Վենեսուելան և Պերուն։

Լուսանկարները՝ Ֆոտոլուրի և ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter