HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվանագետ. «Ադրբեջանի տարածաշրջանային ռազմական գործողությունները պահանջված են արտաքին դերակատարների կողմից»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

-Պարոն Մելիքյան, Մոսկվայի արձագանքը Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդներ տեղակայելուն բավական կոշտ էր: Սա ի՞նչ կարող է փոխել առանց այդ էլ լարված հայ-ռուսական հարաբերություններում: Արդյոք կարող է Արցախի եւ Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվել:

-Հայ-ռուսական հարաբերությունների աստիճանական սրացումը առերեւույթ կապվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ագրեսիայի ակտերի՝ Մոսկվայի, ՀԱՊԿ-ի կողմից անտեսման փաստի հետ: Այսինքն, եթե Մոսկվան ճանաչեր ընդդեմ Հայաստանի ադրբեջանական ագրեսիայի փաստն ու դատապարտեր այն, ապա ԵՄ դիտորդների ՀՀ գալու հարց, հավանաբար, չէր էլ առաջանա: Արցախն ու Հայաստանը ռազմական բախումներով հղի աշխարհաքաղաքական զարգացումների ակտիվ գոտում են գտնվում եւ, անշուշտ, լուրջ անվտանգային մարտահրավերների են բախվում այսօր:

-Բաքուն կգնա՞ նոր էսկալացիայի Հայաստանի դեմ՝ հաշվի առնելով, որ դաշնակից եւ «եղբայրական» Թուրքիան հետերկրաշարժյան արհավիրքի ծանր ժամանակներ է ապրում, Ռուսաստանն, ըստ էության, խոչընդոտ չէ, իսկ Հայաստանն առանց դաշնակցի է:

-Միայն Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ նախաձեռնելու փորձին, կարծում եմ, կկարողանանք անգամ մեր այս վիճակում դիմակայել: Սակայն պետք է նկատի ունենանք, որ Ադրբեջանի տարածաշրջանային ռազմական գործողությունները, իրականում, պահանջված են արտաքին դերակատարների կողմից, եւ այստեղ խոսքս միայն Թուրքիային չի վերաբերում:

Ադրբեջանը 2020 թ. պատերազմի ընթացքում ունեցած տարածքային ձեռքբերումների համար պետք է գին վճարի իր հովանավորներին, որը դեռեւս վճարված չէ: Սակայն այդ պահը մոտենում է՝ Բաքու-Թեհրան հարաբերություններում լարվածության աճը տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական իրողություններ կարող է ձեւավորել եւ հանգեցնել մի քանի պետությունների մասնակցությամբ ռազմական հակամարտության:

-Դեռ փետրվարին մեզ հետ զրույցում նշել էիք, որ տարածաշրջանն այժմ մոտենում է կոնֆլիկտայնության բարձրակետին եւ կմնա այդ վիճակում, թերեւս, 2-3 տարի: Արդյոք Իրան-Ադրբեջան հակասություններն առկա կոնֆլիկտային վիճակը Ձեր նշածի դրսեւորումներից է:

-Այո, մեր տարածաշրջանը ներքին կոնֆլիկտայնության բարձրակետում կմնա առնվազն եւս 2-3 տարի, եւ Ադրբեջան-Իրան հարաբերությունների սրացումը դրա դրսեւորումներից, ցուցիչներից մեկն է: Աստիճանաբար հասունացվում է պայթյունը:

Ափսոսում եմ, որ հայաստանյան իշխանական վերնախավը ժամանակին ընդունակ չգտնվեց գործընթացների կանխատեսման մեթոդաբանության օգնությամբ նախապատրաստվել ու չեզոքացնել մեզ համար բացասական զարգացումները կամ նվազագույնի հասցնել հավանական վնասները: Իրանին ու մեր տարածաշրջանին սպառնացող ռիսկերի վերաբերյալ կանխատեսումներն արվել էին տարիներ առաջ, բայց ոչինչ չնախաձեռնվեց: Նույնն այսօր է՝ հնարավոր է կանխատեսել 5-8 տարվա խորությամբ ապագա աշխարհաքաղաքական զարգացումները եւ դրա շնորհիվ նախագծել կանխարգելիչ քայլերը, բայց դրա համար պետական կառավարման համակարգը պետք է որակական նոր մակարդակի բերվի:

Մեկնաբանություններ (1)

Степан
Тоже министр нашёлся Хорошего министра через пол года по жопе кяпиг не делаю, ха. 😀

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter