
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի ելույթի վայրում պայթյուն է տեղի ունեցել. վարչապետին տարհանել են
Ճապոնիայի արևմուտքում գտնվող Վակայամա քաղաքում, վարչապետ Ֆումիո Կիսիդայի ելույթի վայրի մոտ, պայթյուն է եղել։ Այդ մասին հայտնում են NHK-ը և Kyodo-ն։
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կիսիդան զրուցում էր իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուի հետ և պատրաստվում ելույթով հանդես գալ Սայգասակի ձկնորսական նավահանգստում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ամբոխից, որը հավաքվել էր ելույթի վայրի մոտ, առարկա են նետել, որը նման է եղել ծխարձակող նռնակի։ Պայթյունից հետո, դեպքի վայրում, ծխի քուլաներ են հայտնվել։
Ոստիկանությունում հայտարարել են, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան։ Վարչապետ Ֆումիո Կիսիդային տարհանել են դեպքի վայրից։ Ավելի ուշ, նա որոշել է անցկացնել ևս երեք պլանավորված փողոցային ելույթ։
24-ամյա կասկածյալին տեղում ձերբակալել են։ Ճապոնական հեռուստաընկերության կադրերից ելնելով՝ պայթյունը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ երիտասարդը ծխարձակող նռնակը նետել է, ենթադրաբար, վարչապետի ուղղությամբ։ Նրա գործողության մոտիվները դեռևս հայտնի չեն։
2022 թվականի հուլիսին, նախընտրական քարոզարշավի ընթացքում իր ելույթի ժամանակ, մահացու վիրավորում էր ստացել Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեն։ Նա հիվանդանոցում մահացել էր՝ չգալով գիտակցության։ Աբեն 67 տարեկան էր։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել