
Ուկրաինայի հետախուզության ղեկավարի պնդմամբ՝ Պենտագոնից արտահոսքը չի խանգարի ուկրաինական հակահարձակմանը
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունից և Պենտագոնից գաղտնի փաստաթղթերի արտահոսքը չի ազդի ուկրաինական զորքերի հարձակման վրա։ Այդ մասին նա ասել է ամերիկյան ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
«Եթե խնդիր կա, այն կլուծվի։ Եթե չկա խնդիր, ապա ավելի լավ։ Դա չի կարողանա ազդել հարձակողական գործողությունների իրական արդյունքների վրա»,- ասել է Բուդանովը։
Նրա խոսքով՝ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը որևէ կերպ չի ազդի Ուկրաինայի ու նրա դաշնակիցների հարաբերությունների վրա։
Նույն հարցազրույցում Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ միակ կողմը, որը շահել է այդ արտահոսքից, Ռուսաստանն է։
Վերջին շաբաթվա ընթացքում համացանցում հրապարակվել էին ԱՄՆ հետախուզության և պաշտպանության նախարարության մի քանի գաղտնի փաստաթղթեր, որտեղ նշվում էր նաև Ուկրաինայի և Ռուսաստանի զորքերի վիճակի մասին։ Ամերիկյան իշխանություններն ապրիլի 13-ին ձերբակալել էին ռազմաօդային ուժերի ծառայակից Ջեք Թեյշեյրին, որը կասկածվում է փատաթղթերի արտահոսքի կազմակերպման մեջ։ Ձերբակալվածի ընկերները հայտարարել են, որ նա գաղտնի փաստաթղթերով կիսվում էր Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր։
The Washington Post թերթը ապրիլի 12-ին հայտնել էր, որ Ուկրաինան հետաձգել է հակահարձակումը, որը պլանավորված էր գարնանը, եղանակային պայմանների, սպառազինության դանդաղ մատակարարման, զինամթերքի պակասի և արտահոսած փաստաթղթերի հրապարակման պատճառով։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ հակահարձակումը կարող է սկսվել ամռանը։
Լուսանկարը՝ Diego Herrera Carcedo/Anadolu Agency via Getty Images
Մեկնաբանել