
Ճապոնիայում մեկնարկում է G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
G7-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ժամանել են ճապոնական Կարուիձավու քաղաք (Նագանո պրեֆեկտուրա), որտեղ ապրիլի 16-18-ը կկայանա G7-ի արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը։
TACC-ը գրում է, որ քաղաքի կենտրոնական կայարանի հարևանությամբ, որտեղ նրանք արագընթաց գնացքով ժամանել էին Տոկիոյից, նախարարներին դիմավորել է Նագանո պրեֆեկտուրայի նահանգապետ Սյուիտի Աբեն։
Տրանսպորտային հանգույցի տարածքը փակվել է և հսկվում է ոստիկանական ուժերի կողմից։ Պատճառը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի ելույթի վայրին մոտ նախօրեին տեղի ունեցած պատահարն է, որը գրանցվել էր Վակայամա պրեֆեկտուրայում։
Նախարարների հանդիպման օրակարգում, ինչպես սպասվում է, կլինի Ուկրաինայում առկա իրավիճակը, Հարավչինական և Արևելաչինական ծովերում առկա իրավիճակը, Չինաստանի աճող հզորությունը, Թայվանը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագիրը։
Ճապոնիան G7-ում իր նախագահության շրջանակներում շեշտադրում է անում նաև Գլոբալ Հարավի հետ համագործակցության զարգացմանը։ Այս զարգացող երկրները համեմատաբար անկախ են արտաքին քաղաքական մի շարք հարցերում, այդ թվում նաև Ուկրաինայի հարցի պարագայում։
Քանի որ 2023 թվականին Ճապոնիան է նախագահում G7-ում, ապա առաջնորդների գագաթնաժողովը կկայանա Հիրոսիմայում։ Այդ ժամանակ ևս քննարկման կենտրոնում կլինի Գլոբալ Հարավի հետ համագործակցության հարցը։
Լուսանկարը՝ արխիվային/REUTERS/Wolfgang Rattay/Pool/File Photo
Մեկնաբանել