
Շվեդիայում ազատ է արձակվել ռուսաստանցին, որը ձերբակալվել էր լրտեսության կասկածանքով
Շվեդիայի դատախազությունն ազատ է արձակել ՌԴ քաղաքացուն, որը ձերբակալվել էր Գյոթեբորգ քաղաքում արդյունաբերական լրտեսության կասկածանքով։ Այդ մասին նշվում է շվեդական գերատեսչության կայքում։
«Հինգշաբթի օրը ձերբակալվածի նկատմամբ կասկածները թուլացել էին, նաև չեն եղել բավարար հիմքեր կալանավորման համար։ Այդ իսկ պատճառով ես որոշում եմ ընդունել այդ անձին ազատ արձակելու վերաբերյալ»,- հայտարարել է դատախազ Ջեյմս ֆոն Ռեյսը։
Ընդ որում, նախաքննությունը շարունակվում է քննչական լրացուցիչ միջոցառումների անցկացմամբ։
Հիշեցնենք, որ Շվեդիայի դատախազությունը նախօրեին հայտարարել էր արդյունաբերական լրտեսության կասկածանքով մի կնոջ ձերբակալման մասին։ Շվեդական TV4 հեռուստաընկերությունը նշել էր, որ խոսքը Ռուսաստանի քաղաքացու մասին է։ Հեռուստաընկերության աղբյուրները նշել էին, որ ձերբակալությունը տեղի էր ունեցել ապրիլի 13-ին՝ Preem ընկերության նավթավերամշակման գործարանի տարածքում։
Preem-ում հաստատել էին ոստիկանական խուզարկության փաստը, ինչպես նաև հավելել, որ ձերբակալվածն աշխատել է ենթակապալառուի մոտ։
Լուսանկարը՝ traveloffpath.com-ից
Մեկնաբանել