HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետխորհրդային իրողությունների քաղաքաիրավական հիմքերը կասկածի տակ են դրվում

2023 թ․ ապրիլի 14-ին Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը համարվելու իրավական հիմքեր չունի։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանն անօրինական է դուրս եկել ՍՍՀՄ-ի կազմից, քանի որ գործընթացը մինչև վերջ չի իրականացրել, հայտարարեց պատգամավորը։ Նրա խոսքերով, այդ պատճառով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը համարվելու իրավական հիմքեր չունի։ «Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանը ՍՍՀՄ-ի, նշանակում է՝ որպես խորհրդային պետության իրավահաջորդ, Ռուսաստանի կազմից դուրս չի եկել։ Այդ պատճառով Մոսկվան ու Երևանը պետք է հետագա հարաբերությունները կառուցեն այդ կարգավիճակից ելնելով։ Հայաստանը պետք է անկախ լինի, բայց նկատի առնելով այն գործոնը, որ միջազգային իրավունքի տեսակետից դա վիճելի տարածք է»։

Ռուսական Պետդումայի պատգամավորները սովորաբար ազդարարում են Կրեմլի առավել կտրուկ մտադրությունները։ Կարելի է հիշել, թե ինչպես մեկ այլ պատգամավորի շուրթերց հնչեց Ադրբեջանի նավթային արդյունաբերությունը ոչնչացնելու սպառնալիք և այլն։ Ամենից հաճախ դա հնչում է որպես շանտաժ և անկեղծ խոսակցության հրավեր։ Եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակներում այս տեսակի «հարակից» հայտարարություններ արել են Ռուսաստանից այլ դեմքեր ևս, ապա Ռուսաստանի այսպիսի տրամադրության պատճառների վերաբերյալ հարցեր չեն մնում։ Օրինակ՝ բացարձակ միանշանակ կարելի է մեկնաբանել ՌԴ-ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ «իր տարածքում ՀԱՊԿ-ի զորավարժություններ անցկացնելուց Երևանի հրաժարումը ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»։ Հետխորհրդային տարածքի պետությունների ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ուրվականը Ռուսաստանին հանգիստ չի թողնում։ Եվ Մոսկվան այսպիսի դեպքերում հետխորհրդային տարածքի պետությունների հետ նոր հարաբերություններ կառուցելու բաղադրատոմսեր չունի։ Մնում է միայն շանտաժը։

Որ Ռուսաստանը հետխորհրդային տարածքի նոր պետությունների հետ փոխհարաբերություններում բարդ խնդիրների պիտի առնչվեր, երևում էր արդեն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն, ճանաչելով Կոսովոն, ստիպեց Ռուսաստանին ճանաչել վրացական գավառները և հիմք դնել հետխորհրդային տարածքի սահմանների վերանայման քաղաքականությանը։

Փաստացի, Ռուսաստանի ձեռքերով ԱՄՆ-ն փլուզում է աշխարհակարգը․ վտանգված է հետխորհրդային քաղաքական իրողությունը։ Արդյոք դա ակամա՞, թե՞ նպատակային է արվում՝ կարևոր չէ․ կարևորն արմատացած գործընթացն է։

Ուկրաինան գտնվում է ապամոնտաժման գործընթացում։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ պատերազմի ֆոնին Ուկրաինայում հռչակվում են նախկին ԽՍՀՄ-ի բաժանման օրինականության դրույթները։ Դրանցից գլխավորը դրույթն է այն մասին, որ նախկին ԽՍՀՄ-ի պետությունները կարող են դրա կազմից դուրս գալ այն սահմաններով, որոնցով ժամանակին մտել են։ Բնականաբար այս ամենի օրինականությունը որոշել կարող է միայն Ռուսաստանը։

Կարծես թե, արդեն կասկածի տակ է դրվում Հայաստանի՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու ու նրա անկախության օրինականությունը։

Ուշագրավ է, որ «հայկական պետության կասկածելիության» մասին թեզիսն առաջին անգամ առաջ է քաշել Ադրբեջանը 2022 թ․-ի վերջին։ Այդ երկրի նախագահ Ի․ Ալիևը սպառնում էր այս հարցը դնել ՄԱԿ-ում և առաջադրել այժմյան Հայաստանի տարածքում Արևմտյան Ադրբեջանի գաղափարը։

Ռուսաստանի և Ադրբեջանի այսպիսի հավակնությունները կարելի կլիներ անհեռանկար համարել։ Սակայն, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքա-իրավական հիմքերը անհնարինության աստիճանի լղոզված են, այդ տանդեմի աշխատանքը կարող է լուրջ վտանգ ստեղծել հայկական պետության համար։ Խոսքը Հայաստանի Անկախության հռչակագրի և նրա Սահմանադրության մասին է, որտեղ երկրի սահմանները սահմանված են ԼՂԻՄ-ի հետ միասին։ Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հրաժարվել է խորհրդային վարչական սահմաններից՝ որպես իր այժմյան պետական սահմանները։

Կարող է հարց առաջանալ․ ինչքանո՞վ են արդյունավետ պետությունների նկարագրված միակողմանի գործողություններն այլ պետությունների նկատմամբ։ Արդյոք միջազգային հանրությունը կարո՞ղ է դա թույլատրել։ Առաջին հայացքից Արևմուտքի կողմից Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը՝ կապված Ուկրաինայում պատերազմի հետ, խոսում է որևէ պետության ջանքերով մեկ այլ պետության ապամոնտաժման անթույլատրելիության մասին։ Բայց համոզիչ է նաև այն, որ աշխարհում այլևս նման միտումները զսպելու բավականաչափ ջանքեր չկան։ Միջազգային համակարգի վերափոխումն արդեն հասել է այնպիսի մակարդակի, որ պետությունների տարածքային ամբողջականության երաշխիքները օրեցօր գոլորշիանում են։

Արևմուտքը շուտով նույնպես կկանգնի նույն խնդրի առաջ․ ազգային պետությունների կայունությունը երաշխավորվում է լոկ միջազգային համակարգի կայունությամբ․ այլ մեխանիզմ գոյություն չունի։ Իսկ աշխարհակարգը նախկին վիճակում պահելն արդեն ոչ ոքի ձեռնտու չէ։ Կյանքը ստիպում է արմատապես փոխել այդ կարգի ինստիտուտները, որոնք նախկին տեսքով իրենց արժեքը կորցրել են։ Դրա օրինակն է ՆԱՏՕ-ն։

Դուր է գալիս դա մեզ, թե՝ ոչ, բայց միջազգային համակարգի դինամիկայի իրավիճակում սուբյեկտի անվտանգության ապահովման միակ մեխանիզմը դառնում է ուժերի հաշվեկշիռը։ Համապատասխանաբար, սեփական գոյության պայմաններն ապահովելու միակ ճանապարհը դառնում է միջազգային համակարգում սեփական տեղի ու դերի ընտրությունը։ Համակարգում տեղի սխալ ընտրությունը կարող է սուբյեկտի ջախջախման պատճառ դառնալ (Չեխոսլովակիայի և Լեհաստանի օրինակը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ)։ Բնավ պատահական չէ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ մտնելու ցանկությունը։

Հնարավո՞ր է արդյոք, որ ցանկանում են կործանել Ռուսաստանը։ Գուցե և այդպես է, բայց ի՞նչ նոր իրողություններ են փորձում ստանալ՝ հարցը սա է։

Կայուն աշխարհակարգի փոփոխման դեպքում ոչ ոք չի կարող իմանալ, թե դեպի ու՞ր է այն գնում։ Նախկինում դա գուցե և հնարավոր էր, քանի որ աշխարհակարգի հիմքերը տեղայնացված էին Եվրոպայում։

Օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ԱՄՆ նախագահ Ռուզվելտին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլին օգնեց Առաջին համաշխարհային պատերազմի փորձը։ Փաստացի, 1941 թ․-ի Ատլանտյան խարտիայում Ռուզվելտն ուշացումով զետեղեց այն մտքերը, որոնց իրավացիությունը նրանք կարողացել էին հասկանալ Առաջին աշխարհամարտի արդյունքներից։ Այդ պատճառով, Յալթայի-Պոտսդամի կարգը կառուցեցին միանգամայն գիտակցված ծրագրով։

Բայց արդեն 2021 թ․-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ընդունած ատլանտյան խարտիան ոչ մի հստակ բան չի պարունակում, պարզապես ոչ ոք չգիտի, թե ինչպե՞ս է փոխվում աշխարհը հիմա։ Հենց դա էլ վտանգավոր է։

Ամեն դեպքում, Հայաստանի համար վատն այն է, որ Ռուսաստանը պարզապես պատին դեմ տրվող ավերիչ է, ոչ ավելին: Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը վերածվել է Հայաստանի անվտանգության սպառնալիքներից մեկին։

Կարծում եմ՝ այս ելակետից էլ մենք պետք է կառուցենք Ռուսաստանի և աշխարհի հանդեպ մեր քաղաքականությունը։

Մանվել Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter