HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մայոր Գևորգյանն ազատության մեջ կարող է վկաների վրա անօրինական ազդեցության ունենալ

Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի պաշտպանը նախորդ՝ մարտի 27-ի դատական նիստում նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել։ «Ոչ ոք չի մատնանշել, թե որ գործողությունը պետք է կատարեր մայոր Գևորգ Գևորգյանը, որի չի կատարել։ Չկա այլ հիմնավորում, որ Գ Գևորգյանը կարող էր անել գործողություն, որը կկանխեր տեղի ունեցածը։ Մենք կլասիկ ծուղակի հետ գործ ունենք»,- դատարանին հայտնել էր փաստաբան Գոռ Գևորգյանը։

Դատարանին ներկայացրած գրավոր միջնորդության մեջ փաստաբանը նշել էր նաև, որ իր պաշտպանյալի ընտանիքը ծանր վիճակում է գտնվում շրջափակված Արցախում, ազատության մեջ նա կարող է աշխատել և օգնել ընտանիքին։ Գ Գևորգյանի ընկերներն ու ինքը պատրաստ են գրավ վճարել նրա համար, չափը թող դատարանը որոշի։

Հիշեցնենք, որ մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել 2020թ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում հոկտեմբերի 12-ին դիվիզոնի շրջափակման մեջ հայտնվելու ժամանակ զինվորների ինքնապաշտպանությունը չկազմակերպելու, վերջիններիս տարհանումը չկազմակերպելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար: Համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության հետևանքով զոհվել է նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի թվով 20 զինծառայող, մեկը անհայտ կորած է համարվում։

Բացի այդ, Վարանդայի շրջանի «Ջուվառլու» կոչվող տեղամասում զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։ Այդ թվում՝ դիրքերում մնացել են՝ 8 հատ Դ-20 հրանոթ, 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, մեծաքանակ զենք-զինամթերք, այդ թվում՝ հրանոթի արկեր, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր և այլն։ 

Երևանի առաջին ատյանի դատարանում քննվող հիշյալ քրեական գործով մեղադրող, զինվորական դատախազության դատախազ Հայկ Ռափյանն այսօր՝ ապրիլի 17-ի դատական նիստում իր և դատախազ Դավիթ Նավասարդյանի անունից առարակություններ ներկայացրեց փաստաբանի միջնորդության դեմ։ Հիմքում ունենալով կալանքի տակ չգտնվելու ժամանակ Գ Գևորգյանի հանդիպումներն իր ենթակա զինծառայողների հետ և նրանց վրա ազդելու հանգամանքները՝ դատարանին խնդրեց մերժել միջնորդությունը։ 

Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարտ Սիմոնյանը նույնպես առարկեց միջնորդության դեմ։ Նշեց, որ դատարանը Գևորգ Գևորգյանին կալանքի տակ պահելու ժամկետը վերջին անգամ երկարացնելիս փաստել է «Դատարանը գտնում է, որ ներկայացված նյութերում առկա են համապատասխան տեղեկություններ և փաստեր, որոնք թույլ են տալիս հիմնավորված ենթադրություն կատարել, որ ազատության մեջ մնալով մեղադրյալ Գ Գևորգյանը քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով կարող է խոչընդոտել գործի քննությանը»։

Փաստաբան Լ Սիմոնյանի կարծիքով՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հիմքը շարունակվում է պահպանվել։ Գործի նյութերը հնարավորություն են տալիս հիմնավոր ենթադրություն անել, որ ամբաստանյալ Գևորգյանը ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ ազդեցություն գործադրելով սույն գործով դեռևս չհարցաքննված վկաների վրա։ Գ Գևորգյանը մինչև կալանավորվելը բազմիցս հանդիպել է սույն քրեական գործով հարցաքննված վկաների հետ։ Նման ենթադրություն կատարելու համար, բացի գործում առկա տվյալներից, կան նաև այլ տվյալներ։ Փաստաբանը հիշեցրեց նախորդ դատական նիստում հարցաքննված վկայի՝ Արման Օհանյանի ցուցմունքը։ Վերջինս դատարանում հայտնեց, որ Գ Գևորգյանն այցելել է իրեն հիվանդանոցում, երկու անգամ էլ զանգել ու իր առողջությամբ է հետաքրքրվել։  

Փաստաբանը հիշեցրեց, որ քրեական գործով դատակոչված 23 վկաներից դատարանում դեռևս 9-ն են հարցաքննվել, հնարավոր է այլ անձանց որպես վկա հարցաքննելու նոր միջնորդություններ ներկայացվեն։

«Գևորգ Գևորգյանը հանդիսացել է ստորաբաժանման շտաբի պետը, որտեղ ծառայել են կամ  շարունակում են ծառայել քրեական գործի հետ առնչություն ունեցող այն անձինք, ովքեր այժմ, սույն գործով վկաներ են, անձինք ովքեր նրա հետ փախուստի են դիմել մարտի դաշտից և նրանց գործողություններին դեռևս իրավական գնահատական չի տրվել»,- հայտնեց փաստաբան Լ Սիմոնյանը։ Նա առարկեց  ամբաստանյալ Գ Գևորգյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդության դեմ՝ համոզմունք հայտնելով, որ ազատության մեջ գտնվելով կարող է վկաների վրա անօրինական ազդեցության ունենալ՝ իր օգտին ցանկալի ցուցմունքներ ստանալու համար։

Լ Սիմոնյանն անդրադարձավ նաև ամբաստանյալ Գ Գևորգյանի պաշտպանի այն մտքին, որ նրա ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է գտնվում շրջափակված Արցախում։ Պաշտպան Գևորգյանին հուշեց, որ կարող է դիմել դատարան և պետությունը կհոգա նրա ընտանիքի կարիքները։

Պաշտպան Գոռ Գևորգյանը վատառողջ էր, խզված ձայնով դատարանին հայտնեց, որ առարկություններ ունի մեղադրողների ներկայացրած փաստարկներին, բայց խոսել չի կարող։ Խնդրեց հետաձգել դատական նիստը, որպեսզի կարողանա  առարկությունները ներկայացնել։ Քրեական գործով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընդհատեց դատական նիստը, հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 8-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter