HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Տավուշի նախկին մարզպետը մեղադրվում է 7 անշարժ գույք չհայտարարագրելու մեջ․ նախնական դատալսումներն ավարտվեցին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 17-ին, շարունակվեց Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի վերաբերյալ գործի քննությունը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ։

Նա մեղադրվում է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով 7 անշարժ գույքի տվյալները դիտավորությամբ թաքցնելու մեջ։ Խոսքը, մասնավորապես, հայտարարագրման ենթակա, Երևան քաղաքում և Տավուշի մարզում գտնվող առանձնապես խոշոր չափերով` 3.035.946 դրամ կադաստրային արժեքով 7 անշարժ գույքի մասին է:

Նիստի ժամանակ Աբովյանի պաշտպան Գոռ Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց Հովիկ Աբովյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող անշարժ և շարժական գույքերի, դրամական միջոցների արգելանքները վերացնելու մասին։ 

Պաշտպանը նշեց, որ անհիմն է արգելանքի կիրառումը, դրա անհրաժեշտությունը վերացել է։ Գոռ Մելիքյանի խոսքով՝ դեռևս նախաքննության ընթացքում քննիչը մեկ անգամ հանել էր արգելանքը, սակայն հետագայում կրկին կիրառել է այն պատճառաբանությամբ, թե հնարավոր է լինեն դատական ծախսեր։ Դատախազ Հայկ Հարությունյանը հայտնեց, որ կալանքի հիմքերը չեն վերացել, ուստիև առարկում է միջնորդության դեմ։

Պաշտպան Գոռ Մելիքյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հովիկ Աբովյանն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի գործով, և այս գործով արգելանքի դրված գույքերն արգելանքի են տակ են նաև այն գործով։ Հետևաբար, եթե դատարանը վերացնի կալանքը, ոչ մի ռիսկի չի դիմի։

Նիստին ներկա Հովիկ Աբովյանի խոսքով՝ հիմնական հարցն այն է, որ կան մարդիկ, որոնց հետ ինքը փոխկապակցված չէ, բայց նրանց գույքը ևս արգելանքի տակ է։ Պաշտպանը մի դեպք պատմեց, թե կա ավտոմեքենա, որը տարիներ առաջ պատկանել է Հովիկ Աբովյանին, հետո վաճառվել է, և ներկայիս սեփականատերը խնդիրներ ունի։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով այդ մարդկանց պատկանող գույքերը կալանքի տակ չեն, իսկ այն գույքերը, որոնք դատախազությունը որոշել է, որ պատկանում են Հովիկ Աբովյանին, կալանքի տակ են՝ որպես հայցի ապահովման միջոց։

«Էդ մարդիկ ինչքանո՞վ են մեղավոր, որ ինձ բարև են տվել կամ մտերմական հարաբերություններ են եղել»,- հարցրեց Հովիկ Աբովյանը։

Դատարանը Գոռ Մելիքյանին խնդրեց թվարկել արգելադրված գույքերը, սակայն պաշտպանը հայտնեց, որ դրանք շատ-շատ են և նախընտրեց դատարանին հայտնել արգելանքի որոշումների էջերը։ Բացի անշարժ և շարժական գույքից՝ Մելիքյանը պահանջեց նաև Հովիկ Աբովյանի որդուն վերադարձնել գույքի վաճառքից ստացված 13 մլն դրամ գումարը, որը քննիչը առգրավել է այն մտադրությամբ, թե հնարավոր է՝ հետագայում ճանաչվի որպես իրեղեն ապացույց։ «Սակայն իրեղեն ապացույց չի ճանաչվել և քրեական գործով որևէ նշանակություն չունի»,- պնդեց Մելիքյանը։

Դատարանը որոշեց միջնորդության ընդունումը հետաձգել մինչև վերջնական որոշում կայացնելու համար էական հանգամանքների պարզումը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 27-ին՝ ժամը 17։00-ին։ Այսօրվա դատական նիստով ավարտվեցին նախնական դատալսումները, հաջորդիվ հիմնական դատալսումներն են, այսինքն՝ ապացույցների հետազոտում, վկաների հարցաքննություն։

Հիշեցնենք, որ Հովիկ Աբովյանն անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի գործով։ Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբովյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

  • 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ, երեք շարժական գույք, երկու ընկերությունում մասնակցության իրավունք։
  • Չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ։ 
  • 389 մլն 257 հազար 456 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը (եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter