HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սթրիթ արտ Սարի թաղում

Սարի թաղ տանող ճանապարհի բետոնե պատերը գունավոր դիմագիծ են ստանում։ Հորեղբոր տուն ընկերոջ հետ հյուր եկած Աննան կիսվել է իրենց՝ Երևանի փողոցներում գրաֆիտի անելու գաղափարի մասին, հորեղբայրը խորհուրդ է տվել հեռու չգնալ և ցույց է տվել Սարի թաղ տանող ճանապարհի երկար ձգվող գորշ բետոնե պատերը։

Աննայի և Զոխանի (Զախար) հետ հանդիպեցի երեկոյան, տուն գնալու ճանապարհին։ Սթրիթ արտիստներին գրաֆիտին ավարտելու համար մնացել էր մեկ ժամվա աշխատանք, բայց վերջացել էր սպիտակ ներկը։ Ուշ ժամին միասին գույնը գտնելու ընթացքում ծանոթացանք։  

Աննան և Զոխանը Երևան են տեղափոխվել կես տարի առաջ և որոշել են մնալ այստեղ։ Զոխանն ազգությամբ ռուս է, ծնվել է Մուրմանսկում, Աննան հայ է, ծնվել, մեծացել է Մոսկվայում։ Աննան միշտ նկարել է թղթի վրա, իսկ ընկերը՝ պատերին, այժմ միասին  զբաղվում են գրաֆիտիով։

Պարզվեց, որ Երևանում դժվար է գրաֆիտիի համար լավ ներկեր գտնել․ այստեղ ավելի թանկ է, իսկ որակը՝ ցածր, իրենց ներկերը բերել էին Թբիլիսիից։

«Ալիսան հրաշքների աշխարհում» թեմայով արված գրաֆիտիի կերպարների մեջ չեք գտնի Ալիսային։ Աննան պատմեց, որ Ալիսան եղբոր ութ ամսական աղջիկն է, ում նվիրում են գրաֆիտին։ Սթրիթ արտիստները իրենց գործերի մասին միայն դրական արձագանքներ են ստացել տարածքի բնակիչներից։

«Սարի թաղում գրաֆիտի անելուց չէինք սպասում բնակիչների նման դրական արձագանքներ լսել։ Մտածում էինք՝ կարող է գային, ասեին՝ ինչո՞ւ եք փչացնում մեր պատերը, բայց մարդիկ մոտենում են իրենց երեխաների հետ և շնաորհակալություն հայտնում, որ գունավորում ենք փողոցի պատերը»։ 

Զոխանը պատմեց, որ իր գրաֆիտիի նպատակն է գունավորել միագույն, ձանձրալի պատերը՝ տալով նրանց նոր շունչ, իսկ անցորդների՝ այս դեպքում ավելի շատ երեխաների մոտ, զարգացնել երևակայությունը։

Մենք հանդիպել էինք երեկոյան ժամը տասին, ժամը վեցից էին սկսել նկարել․ անցորդների հետ շփվելուց, հարցերին պատասխանելուց գործը երկարել էր։ Գիշերը՝ ժամը 11-ին, գրաֆիտին պատրաստ էր։

Սարի թաղ տանող ճանապարհին այսուհետ անցորդներին ողջունելու է «Ալիսան հրաշքների աշխարհից» չեշիրյան կատվի լայն ժպիտը։

Մեկնաբանություններ (1)

Sonishka Soghomonyan
Հրաշալի նախաձեռնություն: Շնորհակալություն Ձեր կողմից իրականացված աշխատանքների համար: Պատվերներ ընդունում եք, եթե այո խնդրում եմ արձագանքեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter