
Իրական ջրբաժանը` մայիսի 31-ին
Սերժ Սարգսյանը քաղբանտարկյալների հարցը ոչ թե ներում շնորհելու, այլ համաներման միջոցով լուծելու տարբերակն ընտրեց' միանգամից երեք նպատակակետի հարվածելով:
Նախ, այսպիսով կբավարարվի ՀԱԿ-ի առաջադրած երրորդ եւ առայժմ վերջին պահանջը, այսինքն' նախագահը կվերահաստատի սկսված երկխոսությունը շարունակելու իր ցանկությունը: Երկրորդ' համաներումը տարածվելու է ոչ միայն քաղբանտարկյալների, այլեւ քրեական մի շարք այլ հոդվածներով դատապարտված, որոշ տեղեկություններով, մոտ 2000 անձի վրա: Այսինքն' սա հնարավորություն է' զգալիորեն «բեռնաթափելու» կալանավայրերը:
Եվ երրորդ, նախագահը ՀԱԿ ակտիվիստներին ինչ-որ չափով հավասարեցրեց քրեական այն հանցագործներին, որոնց վրա եւս տարածվելու է համաներումը:
Որոշ իմաստով սա իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը նվատացնելու փորձ է:
Սակայն, անկախ ամեն ինչից, սկսված գործընթացի ամենակարեւոր արդյունքը լինելու է քաղբանտարկյալների ազատ արձակումը, ինչն առաջին հերթին դրական է նախ այդ մարդկանց համար, իսկ մյուս կողմից երկրի խաթարված վարկն ու հեղինակությունը վերականգնելու, քաղբանտարկյալ ունեցողի պիտակից ձերբազատվելու հնարավորություն կտա:
Սակայն ներքաղաքական առումով եւ հատկապես ՀԱԿ-ի դիրքերն ամրապնդելու իմաստով այս քայլի էֆեկտը չափազանց փոքր է լինելու: Քաղբանտարկյալների ազատ արձակումը ներքաղաքական մթնոլորտի թուլացման չի հանգեցնելու, որովհետեւ սկզբունքային ամենակարեւոր հարցերում երկու կողմն էլ շարունակում է հավատարիմ մնալ իր դիրքորոշումներին:
Իշխանությունը ձգտում է հնարավորինս երկարաձգել երկխոսության պատրանքը' մի կողմից արտաքին զգալի ճնշումները թուլացնելու եւ ՀԱԿ-ի նկատմամբ հասարակական պահանջարկը նվազեցնելու, մյուս կողմից հասարակական դժգոհությունները մինչեւ 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կառավարելի պահելու, այսինքն' ներկայիս հարաբերական կայունությունը պահպանելու նպատակով:
Այսինքն' իշխանությունն առաջարկում է շարունակել սկսված խաղը' ՀԱԿ-ին փորձելով ներքաշել նորանոր պահանջներ առաջադրելու այն սարդոստայնի մեջ, որը գործել է հենց վերջինս: Ու քանի որ մնացած պահանջներն ավելի շատ սոցիալական բովանդակություն ունեն, իրագործելու տեսանկյունից առավել դժվար եւ ըստ այդմ' ժամանակատար են, իշխանությունը մանեւրելու եւ գործընթացը ձգձգումներով մինչեւ ընտրություններ հասցնելու շանս կստանա:
Այս իմաստով քաղբանտարկյալների ազատումից հետո ՀԱԿ-ը հայտնվելու է երկընտրանքի առաջ. կամ ընթանալ այս տարվա մարտի 1-ի հանրահավաքում առաջադրած ուղեգծի տրամաբանությամբ, այսինքն' պնդել նաեւ մյուս 12 պահանջի կատարումը, կամ հարցը դնել շատ կտրուկ եւ հստակ' պահանջել օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացում:
Կոնգրեսից ավելի ու ավելի ինտենսիվորեն հնչում են երկրորդ տարբերակով առաջնորդվելու պնդումները: Թե ՀԱԿ-ում ներգրավված ուժերի մեծամասնության եւ թե նրա շուրջը դեռեւս մնացած լուրջ կոնտինգենտի մեջ ակտուալ են «հիմա, հիմա»-ի տրամադրությունները:
Համենայնդեպս, գոնե երկրորդ, երրորդ մակարդակներով ՀԱԿ-ը փորձում է համոզել, թե գործընթացները տանելու է արտահերթ ընտրությունների ուղեգծով, եւ որ երկխոսությունը վերաբերելու է միայն դրանց կազմակերպմանն ու ներկայիս իշխանությունը հանձնելու ընթացակարգերին:
Օրերս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հստակ հայտարարեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Այսինքն' իշխանությունը հակված չէ այդ հարցի շուրջ բանակցություններ սկսել արմատական ընդդիմության հետ: Ավելին, իշխանական քարոզչամեքենան սկսել է երկխոսության գաղափարն արժեզրկելու գործընթաց' միակ նպատակ ունենալով արտահերթ ընտրությունների պահանջը ներկայացնել որպես 2012-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀԱԿ-ի նախընտրական արշավի քարոզչական մարտավարություն:
Թե այս երկընտրանքում ինչպես կկողմնորոշվի ՀԱԿ-ը, պարզ կդառնա մայիսի 31-ի հանրահավաքից, որը, փաստորեն, կարող է ջրբաժանի նշանակություն ունենալ թե ՀԱԿ-ի, թե հայաստանյան ներքաղաքական կյանքի համար:
Մայիսի 31-ի ՀԱԿ-ի հանրահավաքից պարզ կդառնա, թե ինչով է իշխանությանը պատասխանելու ՀԱԿ-ը: Բայց դա այնքան էլ հեշտ չի լինելու: Ընդամենը 2009թ. մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, թե իրենց բառապաշարում այլեւս տեղ չունեն «հեղափոխություն», «ապստամբություն» եւ նման տերմինները: Իսկ 2011թ. մարտի 17-ի հանրահավաքում նա վերահաստատեց այս մոտեցումը' հայտարարելով. «Մենք ըմբշամարտի կամ քինգբոքսինգի դուրս չենք եկել, մենք շախմատ ենք խաղում, իսկ շախմատը ինտելեկտուալ խաղ է եւ առանց զոհերի' վերածվում է կլոունադայի»:
Իշխանությունների կողմից արտահերթ ընտրությունները բացառելու պարագայում Տեր-Պետրոսյանը պետք է հստակեցնի' շարունակելո՞ւ է սկսած շախմատային խաղը, թե՞, այնուամենայնիվ, վերադառնում է ըմբշամարտի մեթոդաբանությանը:
Եվ եթե վերադառնում է եւ իշխանափոխության խնդիր է դնելու, ապա ի՞նչ է անելու իշխանությանը, որպես բարեփոխման ծրագիր, ներկայացված մնացած պահանջների հետ: Չէ՞ որ, երբ մարտավարական առումով ճիշտ էր համարում նախնական երեք պահանջի առաջադրումը, հիմնավորում էր նրանով, որ մինչեւ սրանք չկատարի, մյուսները իշխանությունը որեւէ կերպ հաստատ չի կատարելու:
Եվ երկրորդ' ՀԱԿ-ին հարկ է լինելու պարզաբանել, թե ինչո՞ւ է ուզում փոխել մի իշխանություն, որը կատարել եւ փաստացի պատրաստակամություն է հայտնում կատարելու իր առաջադրած բոլոր պահանջները:
Այսինքն' Կոնգրեսի առաջ հստակ խնդիր է ծառանում. համոզել, որ իրական նպատակը ոչ թե պարզ իշխանափոխությունն է եւ իշխանության գալը, այլ հասարակական կյանքի բարելավմանը միտված բարեփոխումներ պարտադրելը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել