HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Շիրակի նախկին մարզպետն ու վարչապետի ներկա օգնականը խախտել է օրենքն ու շահերի բախում թույլ տվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գտել է, որ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը շահերի բախում է թույլ տվել՝ հարազատ եղբորը նշանակելով «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ:

Հիշեցնենք, որ Ն. Բաղդասարյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թ. նոյեմբերից մինչեւ 2023 թ. հունվար: Պաշտոնից ազատվելուց շատ չանցած՝ 2023-ի փետրվարին, նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական:

ԿԿՀ-ն շահերի բախման առերեւույթ դեպքի վերաբերյալ վարույթ էր հարուցել նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին:

Դրա համար հիմք է եղել «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թեկնածու Ալինա Գեղամյանի դիմումը:

Պարզվել է, որ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Ն. Բաղդասարյանը 2022 թ. ապրիլին հաստատել է «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմը, որում ընդգրկել է նաեւ իր եղբորը՝ Արման Բաղդասարյանին: Ընդ որում՝ վերջինս խորհրդի անդամ էր առաջադրվել հենց մարզպետի կողմից: Այս նշանակման մեջ ԿԿՀ-ն շահերի առերեւույթ բախման իրավիճակ է տեսել, ինչն էլ վարույթ հարուցելու հիմք է դարձել:

Վարույթի հարուցման պահին գործող օրենսդրության համաձայն՝ «շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»: 

«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ «պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը, որը թեեւ ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ իր կամ իր հետ փոխկապակցված անձի … իրավական դրության բարելավմանը, … իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը»։ Նույն օրենքի իմաստով փոխկապակցված անձ է նաեւ եղբայրը:

2023-ի փետրվարին, երբ այլեւս մարզպետ չէր, Նազելի Բաղդասարյանը վարույթի շրջանակներում պարզաբանումներ է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հղում անելով «Հանրային ծառայության» մասին օրենքում արված փոփոխություններին, որոնք վերաբերում են նաեւ «շահերի բախում» եզրույթին, Բաղդասարյանը պնդել է, թե եղբորը դպրոցի կառավարման խորհրդի անդամ նշանակելը չի կարող համարվել իր հետ փոխկապակցված անձի (եղբոր) մասնավոր շահերով առաջնորդվել, քանի որ այդ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն, անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա (խորհրդի բոլոր անդամների): Միաժամանակ նշել է, որ դպրոցի խորհրդի անդամ լինելը պաշտոն չի համարվում ո՛չ «Հանրակրթության մասին» օրենքով, ո՛չ «Հանրային ծառայության մասին» օրենքով, մյուս կողմից՝ խորհրդի անդամի կողմից որոշակի լիազորություններ ունենալը չի կարող խոսել պաշտոն ունենալու մասին: Իսկ եղբորը խորհրդի անդամ առաջադրելու մասով հիմք է բերել ԿԳ նախարարի 2010 թ. հրամանով հաստատված «ՀՀ պետական հանրակրթության ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի օրինակելի կանոնադրությունը, որում մարզպետի կողմից ներկայացուցիչներ առաջադրելու սահմանափակումներ չկան: Նաեւ հայտնել է, որ եղբոր նշանակումով խորհրդի որեւէ անդամի, այդ թվում՝ Արման Բաղդասարյանի գույքային կամ իրավական դրությունը բարելավող արտոնություններ չեն նախատեսվել:

Փաստն այն է, որ Նազելի Բաղդասարյանը 2022-ի ապրիլին «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամներ է նշանակել, ի թիվս այլոց, 3 հոգու՝ Աղասի Մաթեւոսյանին, որին առաջադրել էր ԿԳՄՍՆ-ն, Զավեն Մանուկյանին եւ Արման Բաղդասարյանին, որոնց առաջադրել էր ինքը՝ մարզպետը, Էմմա Հարությունյանին, որին առաջադրել էր դպրոցի մանկավարժական խորհուրդը: «Հանրակրթության մասին» օրենքով՝ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են, եթե նա 1 տարվա ընթացքում չի ներկայանում խորհրդի առնվազն 3 նիստի: Ապրիլին նշանակված այս անդամները մինչեւ սեպտեմբերի վերջ հասցրել են 3 անգամ բացակայել: Սակայն մարզպետը փոխարինել է միայն դպրոցի մանկավարժական խորհրդի ներկայացուցչին՝ նշանակելով մանկավարժների առաջադրած մեկ այլ անձի: Սեպտեմբերի վերջի դրությամբ մարզպետի եղբայրն արդեն 4 բացակայություն ուներ:

Չնայած սեպտեմբերի կեսերին տնօրենի թեկնածու Ալինա Գեղամյանը մարզպետ Բաղդասարյանին հայտնել էր վերջինիս եղբոր կողմից 3 բացակայություն ունենալու մասին, Գեղամյանին մարզպետարանից հայտնել են, թե նախ՝ իրենք կառավարման խորհրդից պահանջել են ներկայացնել Ա. Բաղդասարյանի բացակայությունների հիմքերը, երկրորդ՝ քանի որ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարված, «Հանրակրթության մասին» օրենքով հնարավոր չէ խնդրի կարգավորման քայլեր ձեռնարկել (այն ժամանակ գործող օրենքը նշված պայմաններում թույլ չէր տալիս դադարեցնել խորհրդի անդամի լիազորությունները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դադարեցվում էին ծնողական խորհրդի ներկայացուցչի լիազորությունները՝ դպրոցում սովորող երեխա չունենալու հիմքով, ինչպես նաեւ մանկավարժական խորհրդի ներկայացուցչի (ուսուցչի) լիազորությունները՝ աշխատանքից ազատվելու հիմքով. նկատենք, որ մարզպետ Բաղդասարյանը Էմմա Հարությունյանի լիազորությունները դադարեցրել է այլ՝ նիստերից բացակայելու հիմքով):

2022 թ. նոյեմբերին կառավարման խորհուրդը «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն է ընտրել Ա. Գեղամյանի մրցակցին: Դրանից 1 ամիս անց՝ դեկտեմբերի 9-ին (ԿԿՀ-ի կողմից վարույթ հարուցելու օրը) Նազելի Բաղդասարյանը դադարեցրել է խորհրդի նիստերում 3 եւ ավելի բացակայություն ունեցող անդամների՝ իր եղբոր ու Զավեն Մանուկյանի լիազորությունները: Նույն օրը նրանց փոխարեն առաջադրել ու հաստատել է Վանիկ Մարտիրոսյանին եւ… Արման Բաղդասարյանին:

Վարույթի շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրել եւ վերլուծել է խնդրին առնչվող օրենսդրությունն ու նախկին մարզպետի պարզաբանումները:

ԿԿՀ-ն նշել է, որ, համաձայն ՀՀ օրենսդրության, դպրոցի կառավարման խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմին է, որին վերապահված են մի շարք լիազորություններ (ընտրում է տնօրեն, հաստատում է ուսումնական հաստատության կազմակերպական կառուցվածքը, տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն եւ այլն): ԿԿՀ-ն գտել է, որ խորհրդի անդամը, ընդգրկված լինելով կոլեգիալ կառավարման մարմնում, իրականացնում է կառավարման մարմնին օրենքով վերապահված լիազորություններ եւ ունի անդամի կարգավիճակից բխող պարտականություններ, հետեւաբար, այդ անձը՝ պայմանավորված իր կարգավիճակին բնորոշ կառավարչական գործառույթներով, ունի իրավասությունների եւ պարտականությունների ծավալ, ինչը բնորոշ է «պաշտոն» եզրույթի բովանդակությանը:

Այս առումով ԿԿՀ-ն դիմել է նաեւ ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով վերջինիս մեկնաբանությունը, թե արդյոք դպրոցի կառավարման խորհրդի անդամը «Հանրակրթության մասին» եւ «ՊՈԱԿ-ների մասին» օրենքներով համարվում է պաշտոն: Հանձնաժողովը նախարարությանը հայտնել է, որ իր դիրքորոշման համաձայն՝ խորհրդի անդամը պետք է պաշտոն համարել: Նախարարությունն իր պատասխանում առանցքային է համարել ու մատնանշել այն փաստը, որ ուսումնական հաստատության խորհուրդը կառավարման մարմին է, որն ունի տվյալ հաստատության կառավարմանն ուղղված օրենքով սահմանված լիազորություններ:

Այսպիսով՝ թե՛ ԿԿՀ-ն, թե՛ ԿԳՄՍՆ-ն, ըստ էության, հերքել են Նազելի Բաղդասարյանի այն պնդումը, թե խորհրդի անդամի կողմից որոշակի լիազորություններ ունենալը չի կարող խոսել պաշտոն ունենալու մասին:

Հանձնաժողովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ 3-ական բացակայություն ունեցող անդամներից մարզպետ Բաղդասարյանն ազատել է միայն մեկին, այսինքն՝ ցույց է տվել տարբերակված մոտեցում: Բացի դրանից՝ եղբոր լիազորությունները դադարեցնելուց հետո նրան կրկին առաջադրել ու նշանակել է խորհրդի կազմում: Սրանք, ըստ ԿԿՀ-ի, «բավարար հիմքեր են ողջամտորեն մեկնաբանելու, որ մարզպետն, ըստ էության, առաջնորդվել է իր եւ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով»:

Ինչ վերաբերում է Բաղդասարյանի հիշատակած ԿԳ նախարարի 2010 թ. հրամանին, որում մարզպետի կողմից խորհրդի ներկայացուցիչներ առաջադրելու սահմանափակումներ չկան, ԿԿՀ-ն շեշտել է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքն աստիճանակարգությամբ ավելի բարձր է, քան նախարարի հրամանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեջբերել է նշված օրենքի հետեւյալ պահանջը. «Պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման հանգեցնող գործողություններից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց»: Ամփոփելով վերլուծությունը ԿԿՀ-ն եզրակացրել է, որ Շիրակի նախկին մարզպետը չի պահպանել «Հանրային ծառայության մասին» օրենքով հանրային պաշտոն զբաղեցնող անձի համար սահմանված պահանջները, եւ նրա գործողություններում առկա է շահերի բախման իրավիճակ:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ շահերի բախման իրավիճակի առկայության դեպքում ԿԿՀ-ն իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին (մարզպետի վերադասը ՀՀ կառավարությունն է) առաջարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկել պաշտոն զբաղեցնող անձին, եթե նրա արարքում առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության (այդ թվում՝ առերեւույթ) հատկանիշներ: Հանձնաժողովը կարող է առաջարկել նաև ձեռնարկել խախտման հետևանքների կամ իրավիճակի չեզոքացմանն ուղղված քայլեր:

Ինչպես նշեցինք, 2023 թ. հունվարին, երբ ԿԿՀ-ի վարույթը դեռ ընթացքում էր, Նազելի Բաղդասարյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն, իսկ կարճ ժամանակ անց նշանակվել ՀՀ վարչապետի օգնական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter