
Ավելի քան 7 հազար ուկրաինացի զինվորական համարվում է անհետ կորած
Ավելի քան 7 հազար ուկրաինացի զինվորական համարվում է անհետ կորած։ Այդ մասին ուկրաինական հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Հատուկ պայմաններում անհետ կորած անձանց հարցերով հանձնակատար Օլեգ Կոտենկոն։
«Այդպիսի թիվ իրոք կա, այն յոթ հազարից մի փոքր է ավելին։ Մենք հույս ունենք, որ այն մարդիկ, որոնց մենք փնտրում ենք որպես անհետ կորած, ամեն դեպքում ողջ են և գտնվում են գերության մեջ»,- հայտարարել է Կոտենկոն։
Նրա խոսքով՝ վիճակագրության համաձայն, անհետ կորածների մոտ 65 %-ը ողջ են լինում և գտնվում գերության մեջ, մյուսները, հավանաբար, զոհվել են։
Կոտենկոն հավելել է, որ մոտ մեկ ամսից ուժի մեջ կմտնի Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներից ԴՆԹ-ների հավաքման մասին օրենքը, որը կհեշտացնի զոհվածների մարմինների ճանաչման գործընթացը։ ԴՆԹ փորձաքննությունները կարվեն ուկրաինական պետբյուջեի հաշվին։
Անցած կիրակի օրը՝ ապրիլի 16-ին Ուկրաինան ու Ռուսաստանը գերիների հերթական փոխանակությունն էին արել։ Ռազմագերիների փոխանակման հարցերով ուկրաինական համակարգող շտաբի տվյալներով՝ տուն վերադարձած 130 զինվորականներից 48-ը եղել են անհետ կորածների ցանկում։
Լուսանկարը՝ Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել