HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանի ավագանու «Իմ քայլ»-ի անդամը Էջմիածնի կինոթատրոնը բազմաբնակարան շենքի վերածելու հայտ է ներկայացրել 

Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Գարուն» կինոթատրոնի շենքը և ցանկանում է տեղում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել:

Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, մարմարե սալերով, կամարներով ու մեծ ջահերով երկհարկանի շենքի տեղում նախատեսվող շինության էսքիզային նախագծի վերաբերյալ ապրիլի 18-ին հանրային քննարկում էր կազմակերպվել, որը վարում էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:

«Ավա Գրանիտ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրին էսքիզային նախագիծը: Ինչպես պարզվեց, վերակառուցումից հետո պահպանվելու են միայն շենքի ճակատային կամարային լուծումները, որի հետևում վեր է խոյանալու 35 մետրանոց բարձրահարկ շինությունը: Մոտակայքում ամենաբարձրահարկ շինությունը Էջմիածնի համայնքապետարանի 7 հարկանի վարչական շենքն է: Նորակառույց շենքը, ըստ նախագծի, 10-հարկանի է: Նախատեսվում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի՝ մոտ 80 ավտոմեքենայի համար:

Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ, առաջին երկու հարկերում լինելու են հասարակական տարածքներ՝ սրճարաններ, 2 կինոդահլիճ՝ յուրաքանչյուրը 50-տեղանոց, երեխաների համար զվարճանքի վայրեր: Իհարկե, կինոդահլիճներն անհամեմատ փոք են լինելու նախկին կինոթատրոնի դահլիճներից:

Էջմիածնեցի 73-ամյա Հարություն Աղումյանը հիշում է իրենց շենքի դիմաց գործող կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճները, որտեղ ընտանիքով ֆիլմ էին դիտում: Ասում է՝ ապագա կնոջ հետ չի կարողացել կինոթատրոնում ժամադրվել, քանի որ տունը մի քանի մետր հեռավորության վրա էր՝ բոլորի տեսադաշտում: Հիշում է, որ կինոթատրոնն ուներ երկու դահլիճ՝ մեծ և փոքր: Ներսում սրճարան էր գործում: Որոշ օրերի նույնիսկ հնարավոր չէր լինում կինոյի տոմս գնել և դրա համար ծանոթ էին փնտրում: Երբ տեղեկացել է, որ կինոթատրոնը քանդելու և բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նախագիծ կա,  շտապել է համայնքապետարան:

Հարություն Աղումյանը և Սբ. Մեսրոպ Մաշտոց փողոցի թիվ 107 շենքի այլ բնակիչներ դեմ են նախկին կինոթատրոնի  տեղում բազմահարկ շենք կառուցելու գաղափարին: Պնդում են, որ այդ տարածքում 5-հարկանի շենքեր կան, և բազմահարկ շենքի գոյությունը կարող է լուրջ դժվարություններ առաջացնել բնակիչների համար:

«Այժմ դրված է մեր հետագա բնակության հարցը՝ ապրենք մեր տներում, թե բազմահարկ շենքի կառուցումից հետո վաճառենք, գնանք»,-ասում է Հարություն Աղումյանը:

Կինոթատրոնի հարևանությամբ գտնվող շնքերի բնակիչներն անհանգստացած են, որ նորակառույց շենքը կաթվածահար է անելու առանց այդ էլ համայնքապետարանի գոյությամբ պայմանավորված, ծանրաբեռնված երթևեկը: Բացի այդ, կինոթատրոնի շենքի անմիջական հարևանությամբ կիսակառույց հյուրանոց կա: Եթե դա էլ շահագործվի, տարածքում տեղաշարժվել չի լինի:

Դիանա Գասպարյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, փորձում էր չեզոքություն պահպանել, սակայն հարցերին պատասխանելիս չէր թաքցնում վերաբերմունքը, որ կողմ է կինոյի տան տեղում բազմաբնակարանային շենքի կառուցմանը:

Ինչպես մասնավորեցվեց Կինոյի տունը

Էջմիածնի «Գարուն» կինոթատրոնը կառուցվել է 1976թ-ին: Ճարտարապետները եղել են Սարգիս Գուրզադյանն ու Միքայել Ալեքսանյանը: Շենքը կառուցվել է ռեգիոնալ մոդեռնիզմի ոճով:

Եռահարկ շենքը գեղեցկացրել են կամարները, շրջանաձև և նիստավոր պատուհանները, շրջանաձև բացվածքներով, ինչպես նաև՝ մինչ օրս պահպանված հսկայական երկաթյա ջահերը:

Խորհրդային կարգերի փլուզումից հետո, ինչպես Հայաստանի շատ կինոթատրոններ, այնպես էլ «Գարուն»-ը, մասնավորեցվեց:

Կառավարության 1995թ. օգոստոսի 19-ի թիվ 55 որոշմամբ «Էջմիածնի կինոցանց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվեց՝ «Վահագն» ՓԲԸ ստեղծելու միջոցով: Այդ ժամանակ շենքի արժեքը կազմել է 476 հազ. դրամ: Էջմիածնի քաղաքապետի որոշմամբ՝ վարձակալությամբ ընկերությանը հատկացվեց նաև շենքի սպասարկման և շրջակա տարածքի՝ 3170 քմ մակերեսով հողամասը:

1998թ. օգոստոսի 10-ին «Կրեդիտ Երևան» բանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարչի և «Վահագն» ՓԲԸ-ի միջև կնքվել է գրավի պայմանագիր: Բանկը ՓԲԸ-ին 6 ամսով 40 000 ԱՄՆ դոլար վարկ է տրամադրել՝ գրավադնելով կինոթատրոնի շենքը:

2000թ. հունվարի 18-ին գրավի պայմանագիրը «թարմացրել» են ՝ «Վահագն» ՓԲԸ-ին տալով եւս 50 հազ. ԱՄՆ դոլար վարկ՝ 5 տարի մարման ժամկետով: Կողմերի համաձայնությամբ շենքը գնահատվել է 71 հազ. դոլար:

Քանի որ վարկային պարտավորությունը ժամանակին չի կատարվել, կինոթատրոնի շենքը 2001թ. մայիսին դարձել է բանկի սեփականությունը: «Կրեդիտ Երևան»-ին է փոխանցվել նաև հողամասի վարձակալության իրավունքը:

2003թ. պահանջի զիջման պայմանագիր է կնքվել «Երևան Կրեդիտ» բանկի և Պաշտպանության նախարարության միջև, քանի որ բանկը սնանկացել է:  Նախարարությունը բանկում հաշիվներ է ունեցել, որոնց վրա առկա գումարը բանկը չի կարողացել վերադարձնել: Փոխարենը Պաշտպանության նախարարությանը 355 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով գույք է փոխանցվել, որոնց թվում՝ Էջմիածնի կինոթատրոնի շենքը՝ 55 հազ. ԱՄՆ դոլար արժեքով:

Կառավարությունը 2004թ. մարտի 11-ի 282-Ա որոշմամբ թույլատրել է Պաշտպանության նախարարությանը Էջմիածնի կինոթատրոնի շենքը ուղիղ վաճառքով օտարել Էջմիածին քաղաքի բնակիչ Ռազմիկ Զարբաբյանին:

Պաշտպանության նախարարության և Ռազմիկ Զարբաբյանի միջև կինոթատրոնի շենքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 2004թ. մարտի 23-ին: Պայմանագրի գինը կազմել է 55 հազ. ԱՄՆ դոլար:

2007թ. շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ փորձաքննություն է իրականացվել: Եզրակացության համաձայն՝ կառույցի կոնստրուկցիաների տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար, իսկ շենքի վնասվածությունը՝ 3-րդ աստիճան:

Ռազմիկ Զարբաբյանի որդին՝ Արտյոմ Զարբաբյանը, «Հետքին» ասաց, որ Պաշտպանության նախարարությունից շենքը գնել են հենց կինոթատրոնը վերագործարկելու նպատակով, սակայն ընթացքում ֆինանսական դժվարություններ են ունեցել և չեն կարողացել ներդրումներ կատարել շենքն ըստ նպատակի օգտագործելու համար: 

Առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո պարզվել է, որ հողամասի չափերի անճշտություն կա: Կինոթատրոնի սպասարկման համար վարձակալությամբ հատկացված հողամասի մեջ ներառվել են նաև մայթեր, անցումներ, ընդհանուր օգտագործման տարածքներ: 2014թ.-ին Էջմիածնի քաղաքապետի որոշմամաբ կինոթատրոնին վարձակալությամբ տրված հողամասի չափը փոխվել է:

Ռազմիկ Զարբաբյանը 2018թ. հոկտեմբերի 16-ին կինոթատրոնի՝ 1939 քմ շենքը և վերջինիս սպասարկման համար հատկացված 0.266 հա հողամասը 4 մլն 900 հազ. դրամով վաճառել է Էջմիածին քաղաքի բնակիչ Անուշ Հովհաննիսյանին: Կարող ենք ենթադրել, որ մոտ 5 մլն դրամը գործարքի իրական գինը չէ, և կողմերը թաքցրել են անշարժ գույքի իրական արժեքը:

Անուշ Հովհաննիսյանն այս տարվա փետրվարի 2-ին կինոթատրոնի՝ 207 մլն դրամ գնահատված շենքը 160 մլն դրամով վաճառել է «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ին: Շենքը միաժամանակ գրավադրվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում:  Նշենք, որ շենքի կադաստրային արժեքը մոտ 203 մլն դրամ է:

Անուշ Հովհաննիսյանը 2016թ.  հունիսի 5-ին Էջմիածնի նախկին պլաստմասսայի գործարանի մոտ սպանված Համլետ Պատուրյանի կինն է:

«Ավա Գրանիտ» ՓԲԸ-ի պատվերով այս տարի փորձաքննություն է իրականացվել և արձանագրվել է, որ շենքի միջնորմների մոտ 10%-ում կան ուժեղ վնասվածքներ, իսկ 20%-ում՝ զգալի: Հաշվարկների արդյունքում շենքի մաշվածությունը կազմել է 48%՝ 3-րդ աստիճանի վնասվածությամբ:

Պարզվում է՝ իրավապահ մարմիններին ևս հետաքրքրել է կինոթատրոնի շենքի պատմությունը: 2018թ. դեկտեմբերի 3-ին որոշում է կայացվել նշված գույքի կադաստրային գործն առգրավելու մասին: Սակայն, հետևանքներ չեն առաջացել:

Ովքեր են կառուցապատողները

«Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն նոր ընկերություն է: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2021թ. հոկտեմբերի 15-ին: Ընկերության տնօրենը Երևանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Վազգեն Դարբինյանն է:

Ընկերությունը 33.33%-ական տոկոսով պատկանում է էջմիածնի բնակիչներ Վահրամ Ազատյանին, Աշոտ Սաֆարյանին և Արթուր Մակարյանին: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ:

Մասնավորապես, «Ավա գրանիտ» ՓԲԸ-ն 2022թ-ին Սյունիքի մարզի Աշոտաշեն հանքի հանքերևակման հետաքրքրություն է ցուցաբերել: Աշոտաշենի գրանիտի հանքը տեղակայված է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան ծայրամասում` Որոտան գետի աջ ափին:

2022թ. հուլիսին «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ին տրվել է դրական եզրակացություն:

Ազատյան-Սաֆարյան-Մակարյան եռյակին է պատկանում նաև 2021թ. նոյեմբերի 24-ին հիմնված «Դավա Շինտրեստ» ՍՊԸ-ն: Ընկերությունում յուրաքանչյուրի բաժնեմասը 22% է: Նրանց գործընկերը երևանցի Դմիտրի Կառսլյանն է՝ 34% բաժնեմասով:

Ընկերությունը զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ: Ընկերության տնօրենը դարձյալ Վազգեն Դարբինյանն է:

2022թ. հունվարի 25-ին Աշոտ Սաֆարյանը, Արթուր Մակարյանը և Վայոց ձորի մարզի Վայք համայնքի «Հանրապետություն» կուսակցության ցուցակով ընտրված ավագանու անդամ Կառլեն Մինասյանը հիմնադրել են «Պրեմիում Քոնսթրակշն» ՍՊԸ-ն: 2023թ.  փետրվարի 14-ին Կառլեն Մինասյանը դուրս է եկել ընկերությունից, նրա փոխարեն ընկերության բաժնետեր է դարձել Վահրամ Ազատյանը:

«Պրեմիում Քոնսթրակշն» ՍՊԸ-ն զբաղվում է շինարարական գործունեությամբ, Երևան քաղաքում բազմաբնակարան շենք է կառուցում:

«Ավա Գրանիտ»-ի բաժնետերերից Վահրամ Ազատյանը 2020թ. սեպտեմբերի 15-ին հիմնել է «ԱՎԴ Սերվիս» ՍՊԸ-ն: Այս ընկերության տնօրենը դարձյալ Երևանի ավագանու անդամ Վազգեն Դարբինյանն է:

«ԱՎԴ Սերվիս»-ն զբաղվում է շենքերի սպասարկմամբ և բնատեսարանի բարեկարգմամբ: Ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

Վահրամ Ազատյանին է պատկանում նաև ռեստորանային գործունեություն իրականացնող «Ֆուդ Նատուր» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2018թ. հուլիսի 2-ին: Ընկերության գործունեությունը ժամանակավորպես դադարեցված է:

Աշոտ Սաֆարյանը նույնպես  ընկերություններ է հիմնել: Մասնավորապես, նրան է պատկանում 2020թ. հունվարին հիմնված և կառուցապատմամբ զբաղվող «Էկո Քոնստրակշեն» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը: Սաֆարյանի գործընկերը Վահե Կևորկովն է: Վերջինս բարեգործական հիմնադրամի տնօրեն է:

Սաֆարյանին է պատկանում 2019թ. նոյեմբերին հիմնադրված «Նատուր Ջուս» ընկերությունը: Գործընկերը նախորդ ընկերություններից հայտնի Արթուր Մակարյանն է:

Ճարտարապետների պալատի նախագահ. Էջմիածինը սուրբ վայր է, այստեղ մարդիկ պետք է ապրեն իրենց մասշտաբների մեջ 

Հայաստանի Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը ևս մասնակցում էր Էջմիածնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանրային լսմանը: Նա նշեց, որ տարիներ առաջ, երբ նախագծվել է Էջմիածնի քաղաքապետարանի 7 հարկանի շենքը, մեծ սխալ է թույլ տրվել, քանի որ Էջմիածնում գերիշխողը եկեղեցիներն են, այլ ոչ բարձրահարկ շենքերը:

Ալեքսանդր Բադալյանի խոսքով՝ գլխավոր հատակագծով նախատեսված հիանալի քաղաք է Էջմիածինը՝ իր կինոթատրոնի տարածքով, քաղաքային զբոսայգով և այլն:

Ներկայացված նախագիծը բիզնես է, որի նպատակը եկամուտ ստանալն է: Այլ հարց է՝ քաղաքի իշխանությունները և բնակիչները ցանկանու՞մ են նման կառույց ունենալ, թե ոչ: 

Ա. Բադալյանն առաջարկեց նմանատիպ դեպքերում հարցը տեղափոխել Ճարտարապետների պալատ՝ մասնագիտական քննարկում կազմակերպելու:

«Եթե դուք մտնեք պատմության մեջ որպես առաջին կին քաղաքապետ, մի մտեք պատմության մեջ 5 հարկից ավելի՝ 10 հարկ կառուցելու համաձայնություն տվող: Էջմիածինը սուրբ վայր է, այստեղ մարդիկ պետք է ապրեն իրենց մասշտաբների մեջ: Ես համոզված եմ, որ Էջմիածնում շատ տեղեր կան, որտեղ կարող եք կառուցապատել, բնակարաններ ունենալ, վաճառել»,-դիմելով համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին՝ ասաց Ճարտարապետների պալատի նախագահը՝ արժանանալով էջմիածնեցիների ծափահարություններին:

Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանն ասաց, որ այլ է, երբ երևույթներին նայում ես որպես բնակիչ, այլ՝ որպես համայնքի ղեկավար: Նշեց, որ քաղաքի բազմաբնակարան շենքերի կոյուղիները խայտառակ վիճակում են, շենքերը՝ վթարային: Խնդիրների շարքը շատ մեծ է, և 10-20 տարի հետո լուրջ դժվարություններ են ծագելու շենքերի հետագա շահագործման առումով:

«Եթե սովետը հետ չի գալու, և սոցիալական բնակարանաշինություն տեղի չի ունենալու, արդյո՞ք բիզնեսը կվերցնի կոնտրոնում գտնվող հին շենքը և դրա փոխարեն կկառուցի 5-հարկանի շենք: Ոչ: Արդյոք  պետությունը կկարողանա իրեն թույլ տալ այդ հին շենքերը քանդել և տեղը կառուցել 5- հարկանի շենքեր և տալ բնակիչներին. ես այդքան լավատես չեմ»,-ասաց Դիանա Գասպարյանը:

Համայնքի ղեկավարի դիտարկմամբ՝ քաղաքի կենտրոնը պետք է նորովի կառուցապատել: Շենքերը հնանում են, և ինչ-որ պահի հնարավոր չի լինի պահել: 

Հանրային քննարկումը տևեց մոտ 2 ժամ: Համայնքապետարանի, կառուցապատող ընկերության ներկայացուցիչները, կինոթատրոնի հարևան շենքի բնակիչները պայմանավորվեցին անհրաժեշտության դեպքում նորից հանդիպել, քննարկել: Համայնքապետ Դիանա Գասպարյանն ասաց, որ շինթույլտվության և շինարարության հետ կապված այլ հարցերը համայնքապետարանի իրավասության ներքո չեն, հետևաբար պետք է սպասել այլ մարմինների պատասխաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter