HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղբանոցից մինչև ավտոսրահ․ խորհրդային Երևանի կինոթատրոններն այսօր

Խորհրդային տարիներին Երևանի բոլոր շրջաններն ունեին իրենց կինոթատրոնները, սակայն այսօր այդ կինոթատրոններից քչերն են կանգուն մնացել: Դրանք վերածվել են տարբեր օբյեկտների՝ ավտոսրահների, գրասենյակների, նույնիսկ՝ աղբանոցի: Իսկ այն կինոթատրոնները, որոնք մինչև հիմա գործում են, հազիվ են կարողանում իրենց գոյությունը պահպանել: Նոր սերնդի ներկայացուցիչների մեծ մասը դժվար թե իմանա, որ խորհրդային տարիներին քաղաքը ունեցել է մոտ երկու տասնյակ կինոթատրոն, և նույնիսկ չի էլ կարող գուշակել, որ իրեն հանդիպած շենքերը ժամանակին կինոթատրոններ են եղել, քանի որ դրանց մեծ մասը ձևափոխվել է: Հայաստանի անկախացումից հետո կինոթատրոնները մասնավորեցվել են, իսկ դրանք ձեռք բերած անձինք շենքերը տնօրինել են այնպես, ինչպես ցանկացել են:

Այս հրապարակմամբ «Հետք»-ը ներկայացնում է, թե ինչ ճակատագրի են արժանացել խորհրդային Երևանի կինոթատրոնները: Առաջին մասում կանդրադառնանք «Մոսկվա», «Նաիրի», «Այրարատ», «Հայրենիք», «Արագած», «Կոմիտաս, «Աբովյան», «Նորք», «Հրազդան» և «Հայաստան» կինոթատրոններին:

«Աբովյան» կինոթատրոն

«Ինձ կինոն է դաստիարակել»,- ասում է 1957 թվականից «Աբովյան» կինոթատրոնում աշխատած 82-ամյա Լյովա Հունանյանը: Նա սկզբում եղել է գովազդներ գրող, կինոմեխանիկի օգնական, ապա նաև՝ կինոմեխանիկ:

«Աբովյան» կինոթատրոնը գտնվում է Քանաքեռում՝ Ֆանարջյան փողոցում, Հայաստանի անկախումից հետո, ինչպես և մյուս կինոթատրոնները, «Աբովյանը» նույնպես սեփականաշնորհվել է: Լյովա Հունանյանն ասում է՝ եթե ինքը կարողանար կինոթատրոնի շենքը սեփականաշնորհել, ապա իր երազանքն էր այն դարձնել կրկնվող ֆիլմերի կինոթատրոն, որպեսզի իր սերնդի մարդիկ հնարավորություն ունենային դիտելու իրենց սիրելի ֆիլմերը:

Ինչպես պատմում է Լյովա Հունանյանը, «Աբովյան» կինոթատրոնում ցուցադրված առաջին ֆիլմը եղել է «Առջևում կտրուկ ոլորան է»-ը (Впереди - крутой поворот)՝ 1961 թվականին: Դահլիճը տեղավորել է 400 մարդ, որը լեփ-լեցուն է եղել հատկապես հնդկական ֆիլմերի ցուցադրության ժամանակ:

«Հնդկական կինոները նայելու գալիս էին թե՛ մտավորականները, թե՛ բանվորները, բոլորն էին նայում, որովհետև հնդկական կինոները նամուսով կինոներ էին: Եթե ռուսական կինո էր լինում, ու դրա մեջ խոտի դեզի վրա ինչ-որ տղա-աղջիկ համբուրվում էին, մենք ռեկլամի վրա գրում էինք, որ մինչև 16 տարեկաններին արգելվում է, իսկ հնդկական կինոներում բոլորովին էդպիսի բան չկար, միայն երգերով իրար հասկացնում էին»,- պատմում է Լյովա Հունանյանը:

Ֆանարջյան փողոցի նախկին կինոթատրոնի շենքը 2002թ. սեփականաշնորհել է «Ձայնագրման «Արգո ստուդիա» ՓԲԸ-ն, որտեղ այժմ գործում է ձայնագրման ստուդիա: Ընկերության բաժնետերերն են Գևորգ Հովհաննիսյանը, Արա Սարգսյանը և Հարություն Վարսանյանը:

2017 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Ձայնագրման «Արգո ստուդիա» ՓԲԸ-ն, քանի որ վերջինս գույքահարկի գծով 1 մլն 182 հազար դրամի չափով պարտք է ունեցել: Հայցադիմումը մուտքագրելուց հետո պարտապանը 185 հազար դրամի չափով վճարում է կատարել, սակայն ըստ քաղաքապետարանի՝ առաջացել են գույքահարկի գծով նոր պարտավորություններ՝ 1 մլն 65 հազար դրամի չափով: Սակայն ընկերության ներկայացուցիչ Գևորգ Հովհաննիսյանը առարկել է՝ պնդելով, որ ընկերությունը գույքահարկի գծով վճարումներ է կատարել, և պարտքը կազմում է 995 հազար դրամ: Եվ այս հանգամանքը էական նշանակություն է ունեցել դատական վճռի հարցում:

Դատարանը գտել է, որ բացակայում է պարտապանին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ վավերապայմաններից մեկը, մասնավորապես՝ պարտապանի նկատմամբ պահանջը վճռի կայացման պահին չի կազմում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (1 մլն դրամ) գերազանցող գումար, դատարանը մերժել է Երևան համայնքի հայցը:

«Մոսկվա» կինոթատրոն

moscow cinema.png (2.37 MB)

Երևանի ամենահայտնի կինոթատրոնը «Մոսկվան» է: Այն սկսել է գործել 1936 թվականից՝ հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ «Պեպո»-ի ցուցադրությամբ: Կինոթատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետներ Տիրան Երկանյանի և Գևորգ Քոչարի նախագծով՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում։ 

«Մոսկվա» կինոթատրոնը սեփականաշնորհվել է 2002 թվականին՝ Կառավարության որոշմամբ։ Գործադիրի որոշմամբ՝ կինոթատրոնի շենքն ու շինությունները վաճառվել են 300 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով։ Կինոթատրոնը սեփականաշնորհել է դրա վարձակալ հանդիսացող «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ն։

«Մոսկվա»-ի գործունեության, խնդիրների մասին զրուցել ենք կինոթատրոնի բաժնետեր և տնօրեն Մարտուն Ադոյանի հետ: 2020 թ․ ապրիլի 28-ին կինոթատրոնի երկարամյա տնօրենը մահացավ, մենք նրա հետ զրուցել էինք մարտի 9-ին:

Մարտուն Ադոյանն ասում էր՝ սեփականաշնորհման պայմանագրում հիմնական պայման է եղել, որ շենքը պետք է գործի որպես կինոթատրոն։

«Մոսկվա» կինոթատրոնի շենքը համարվում է պատմամշակութային հուշարձան, դրանում անգամ կոսմետիկ փոփոխությունը պետք է համաձայնեցվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։ Այդ է պատճառը, որ կինոթատրոնի տնօրինությունը չի կարողանում շենքում ձևափոխումներ անել, առավել փոքր կինոդահլիճներ կառուցել.

«Այս ճարտարապետությունը թույլ չի տալիս որևէ բան անել։ Սրահները չես կարող կտրել, դարձնել երկու կամ երեք սենյակ։ Շենքի ճարտարապետների մտքով երբեք չի անցել, որ գալու է մի օր, որ հոսանքը թանկ կլինի, և պետությունն այլևս ֆիլմ չի բերելու, տա մեզ»,- նշում էր Մարտուն Ադոյանը։

Նա գոհ չէր կինոթատրոնի ներկայիս ֆինանսական վիճակից։ Ասում էր՝ կինոն ժամանակին էր գրավիչ բիզնես. «Հիմա յոլա ենք տանում՝ սպասելով, որ վաղը կարող է ավելի լավ լինել»։

Մարտուն Ադոյանի խոսքով՝ Սովետական Միության փլուզումից հետո կինոթատրոնների գործունեությունը դարձել է վնասաբեր, և այդ պատճառով են դրանք փակվել։

«Որոշ պետություններ ֆինանսապես օգնում էին կինոթատրոններին։ Բայց մեր երկիրը մշակութային օբյեկտները հավասարեցրեց սովորական խանութների, որ պետք է վճարես այս հարկը, այն հարկը։ Օրինակ՝ Ռուսաստանը կինոթատրոններից շահութահարկը պակաս էր վերցնում, որպեսզի գոյատևեն»,- պատմում էր «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենը։

Ադոյանը էական չէր համարում, թե որքան գումարով են սեփականաշնորհվել կինոթատրոնները, ասում է՝ կարևոր էր, որ պետությունը սեփականաշնորհողների դիմաց պայման դներ, որպեսզի այդ շենքերը մնային որպես կինոթատրոններ։

Մարտուն Ադոյանը «Մոսկվա» կինոթատրոնում է աշխատել Հայաստանի անկախացումից հետո։ Մինչ այդ, ինչպես ասում էր, աշխատել էր Կինոմատոգրաֆների կոմիտեում՝ որպես վերահսկողության և վերստուգման վարչության պետ։ 

«Երբ ես դեռ միայն կինոթատրոնի տնօրենն էի, ասում էի, որ ձեր այս սեփականաշնորհման ձևը ընդհանրապես կինոհամակարգը վերացնելու է։ Առնողը երեքից վեց ամիս հետո դրա գործունեությունը փոխելու է։ Կինոն ծանր բիզնես էր դառնում, քանի որ նախկինում կինոները ապրում էին պետության հաշվին։ Ես առաջարկում էի՝ կինոթատրոնները տվե՛ք երկարաժամկետ վարձակալության՝ 99-100 տարով, բայց պարտավորեցրե՛ք, որ կինո ցույց տան, ինչպես արեց Ռուսաստանը»,- ասում էր Մարտուն Ադոյանը։

Կինոթատրոնի տնօրենը, սակայն, պետությունից ֆինանսական օգնություն չէր ակնկալում։ Ասում էր՝ պետությունը շատ հոգսեր ունի, չեն ուզում պետության համար հոգս դառնալ։ Կարծում էր, որ անիմաստ էլ է պետությանը դիմել, քանի որ բացասական պատասխան կստանան։ 

«Մոսկվա» կինոթատրոնի շենքում գործում են նաև սրճարան, աքսեսուարների խանութ և հյուրանոց.

«Ամեն անկյուն պետք է տանք ինչ-որ վարձակալի, որ դրանք օգնեն մեզ, քանի որ հանդիսատեսն արդեն այդ քանակությունը չի ապահովում, և մենք ծախսերի ապահովման համար չենք կարող հույսներս դնել հանդիսատեսի վրա։ Իմ աշխատասենյակն էլ վարձով եմ տվել, որ գոնե մանր-մունր եկամուտները գան, որովհետև ծախսերը փակելու հարց կա»,- ասում էր կինոթատրոնի տնօրենը:

Կինոգետ Մելիք Կարապետյանը նշում է, որ «Մոսկվա» կինոթատրոնը տարեկան գույքահարկ է վճարում, սակայն պետությունը դրա դիմաց ոչինչ չի անում՝ կինոթատրոնի՝ որպես հուշարձանի պահպանության համար։ Նա առաջարկում է գույքահարկի գումարը ծախսել կինոթատրոնի պահպանման վրա։ 

«Ինձ համար «Մոսկվա» կինոթատրոնը ոնց որ Օպերային դահլիճն է։ Ինքն այդպիսի կարգավիճակ պետք է ունենա, գուցե և հենց պետության աջակցությամբ։ Դու պետք է գնաս «Մոսկվա» կինոթատրոն, ոնց գնում ես օպերա լսելու կամ բալետ նայելու»,- ընդգծում է Մելիք Կարապետյանը։

«Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ն 1995 թվականին հիմնադրել են Մարտուն Ադոյանն ու Նորայր Ազատյանը (կինոթատրոնի փոխտնօրենը): Այժմ վերջիններիս պատկանում են ընկերության համապատասխանաբար 10,2 և 6,8 % բաժնեմասերը: 2000 թվականից մինչև օրս «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի 13,7-ական % բաժնետերեր են ֆրանսահայ բարերարներ Ռոբերտ և Ժան-Պիեռ Ազիլազյանները, 14,6 %-ն էլ պատկանում է մեկ այլ ֆրանսահայ գործարար Կլոդ Հարունյանին: «Մոսկվա»-ի մնացած` մոտ 41 % բաժնեմասն էլ պատկանում է «Պարադիզ» ՍՊԸ-ին, որը գրանցված է կինոթատրոնի հասցեում: Այդ ընկերությունում էլ 33-ական % բաժնեմաս ունեն Մարտուն Ադոյանն ու Նորայր Ազատյանը, 34 % էլ՝ Սամվել Մանասերյանը:

«Այրարատ» կինոթատրոն 

Ayrarat_cinema.png (2.40 MB)

«Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի շենքը կառուցվել է 1974 թվականին։ Շենքը խորհրդային մոդեռնիզմի վառ օրինակներից է: Ճարտարապետներն են Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը: Կինոթատրոնը ունեցել է երկու մեծ դահլիճ 1600 և 1000 նստատեղերով: Շենքի մյուս մասերում եղել են ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ, այսինքն՝ «Այրարատ» կինոթատրոնը եղել է ժամանակի մշակութային-ժամանացային գլխավոր կենտրոններից մեկը:

2004 թվականին կինոթատրոնը 500 հազար ԱՄՆ դոլարով գնել է նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի «Սիլ կոնցեռն»-ի մեջ մտնող «Նարեկ» ՍՊԸ-ն, որը մինչ այդ «Այրարատ կինոթատրոն» պետական ՓԲԸ-ից վարձակալել է շենքը:

Տարիներ շարունակ «Այրարատ» կինոթատրոնի շենքը բացառապես ծառայել է որպես տոնավաճառ, որտեղ առևտրականները տաղավար են վարձակալում և վաճառում իրենց ապրանքը: 2016 թվականին էլ կինոթատրոնի շենքին կից կառուցվել է «Ռոսիա մոլը»:

Կինոթատրոնի շենքում այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում։ «Ռոսիա մոլի» տնօրեն Նոնա Անդրեասյանը, որը նաև համակարգում է վերակառուցման նախագծի աշխատանքները, «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այնտեղ կառուցվելու է բազմաֆունկցիոնալ համերգային և ժամանցային համալիր։ Հաստատվել է ներդումային ծրագիր՝ մոտ 5 միլիոն դոլար արժողությամբ։ Նախատեսվում է ծրագիրն ավարտին հասցնել երկու տարվա ընթացքում։

«Այրարատի երկու դահլիճները չեն փոփոխվելու, փորձում ենք դրանք արդիականացնել՝ ողջ հնությունը պահելով: Այս պահին ներսը ռեստավրացիա է արվում: Ամբողջությամբ փորձում ենք նորոգել, բայց հնություններից ամեն ինչ պահպանելու ենք»,- ասում է Նոնա Անդրեասյանը։

Ըստ ծրագրի՝ շենքում լինելու է ունիվերսալ համերգասահ, որտեղ նախատեսում են կազմակերպել կինոցուցադրումներ, համերգներ, մշակութային միջոցառումներ։

Նոնա Անդրեասյանի խոսքով՝ փոքր դահլիճը լինելու է ինովացիոն արվեստի կենտրոն, որը կծառայի երիտասարդների գիտամշակութային գործունեությանը։ Նա ասում է, որ շենքը տեխնոլոգիապես կահավորման մեծ կարիք ունի։

Կինոթատրոնի շենքում մինչ օրս պահպանվել են նաև կինոյի ժապավենները, նախկին աշխատասենյակները։ Այդ սենյակները ևս կբացվեն քաղաքացիների համար, սակայն թե ինչ ձևաչափով, դեռևս որոշված չէ։

«Իմ կարծիքով` միայն կինոթատրոնի համար դահլիճները շատ մեծ են, բայց պարտադիր կլինեն ցուցադրումներ։ Այնպիսի կինոթատրոն, որը հիմա մյուս վայրերում ունենք՝ փոքր դահլիճներով, նախատեսված է հետագա շինարարության մեջ․ լինելու են փոքր դահլիճներ, որոնք կլինեն կինոդիտումների համար»։

Նոնա Անդրեասյանը վստահեցնում է, որ այս վիճակով անգամ կինոթատրոնի շենքի դահլիճների պահանջարկը մեծ է մշակութային միջոցառումների, կոնֆերանսների անցկացման համար:

Կինոգետ Մելիք Կարապետյանի դիտարկմամբ՝ «Ռոսիա» կինոթատրոնը պետք է վերականգնվի, ոչ թե վերանորոգվի կամ վերակառուցվի, քանի որ այն ճարտարապետական հուշարձան է։ 

«Ես շատ ուրախ կլինեմ, որ այնտեղ կինոդահլիճները բացվեն և ներքին տարածքները օգտագործվեն ոչ թե հագուստ վաճառելու համար, այլ լինեն արվեստի կենտրոններ, օգտագործվի որպես կինոյի տարածքի մի մաս։ Այնտեղ ցուցահանդեսներ կարելի է անել, գրադարան բացել, կինոգրադարան բացել, որոնք կարող են եկամտի աղբյուր դառնալ, բայց կինոյի հետ կապված լինեն»,- ասում է Մելիք Կարապետյանը։

«Կոմիտաս» կինոթատրոն 

komitas_cinema.png (1.83 MB)

«Կոմիտաս»-ը գրեթե ամբողջությամբ կերպարանափոխվել է և այժմ վերածվել է ավտոսրահի։ Հին կինոթատրոնը հիշեցնող միակ բանը կարմիր տուֆից կառուցված շենքի հետնամասն է, որտեղ եղել է կինոթատրոնի դահլիճը: «Կոմիտաս» կինոթատրոնը բացվել է 1963 թվականին, գտնվում է Կոմիտասի պողոտայում:

Նախկին կինոթատրոնի հետնամասում բնակելի շենքեր են: 73-ամյա Նիկոլ Վարդանյանին հանդիպեցինք շենքերից մեկի բակում, նա իր ավտոտնակում գործ էր անում: Ուրախությամբ է հիշում երիտասարդության տարիները, պատմում է, որ խորհրդային տարիներին մեծ աշխուժություն կար կինոթատրոնում, և որ տոմսի համար միշտ հերթ էր լինում:

«Կասիր Սիրուշից խոսա»,- կողքից հուշում է Նիկոլ Վարդանյանի հարևան Ալբերտ Կոսոյանը: Նիկոլ Վարդանյանը ծիծաղում է, ապա՝ ասում: 

«Դե ինչ ասեմ, մարդը տոմս էր ծախում, իրա ծանոթներին առանց հերթի տոմս էր տալիս: Գիտեր՝ ում ա տալիս, ինչի համար ա տալիս: Մյուսներին էլ էր տալիս, բայց նենց էր անում, ասում էր՝ տոմս չկա, մենք հասնում էինք, մեզ էր տալիս»,- պատմում է Նիկոլ Վարդանյանը:

70-ամյա Ալբերտ Կոսոյանն էլ պատմում է, որ դպրոցական տարիքում շատ են փախել դասերից՝ կինո գնալու համար:

«Մենք 6-րդ, 7-րդ դասարանի աշակերտներ էինք, որ կինո «Կոմիտասը» բացվեց: Երբ նոր կինոնկար էր գալիս ցուցադրության, դասարանով հավաքվում, գալիս, տոմս էինք առնում ամբողջ դասարանի համար և մեր ռուսաց լեզվի ուսուցչուհու համար՝ Վալեսյան Էմմա Գարեգինովնա: Նրան համոզում էինք, որ շատ լավ կինո ա, էս ա, էն ա: Ու հիմնականում ուրբաթ օրերը... վերջին ժամերն էր: Նրան վերջապես համոզում էինք ու կոլեկտիվ գալիս էինք կինո: Ինքն էլ մեզ հետ շատ ընկերական էր»,- հիշեց Ալբերտ Կոսոյանը:

Տարածքի բնակիչներից մեկն էլ մեզնից հետաքրքրվեց, թե որ լրատվամիջոցից ենք: Ասացինք՝ «Հետք»-ից, պատասխանեց՝ կինոթատրոնից հետք չեն թողել:

«Կոմիտաս» կինոթատրոնի շենքը սեփականաշնորհել է «Կարկոմավտո» ՍՊԸ-ն՝ համաձայն պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության 11.05.1995թ. թիվ 1297 սեփականաշնորհման պայմանագրի: Անշարժ գույքը պետական գրանցում է ստացել 2004թ. սեպտեմբերի 23-ին: «Կարկոմավտո» ՍՊԸ-ն «Կոմիտաս» կինոթատրոնի շենքի համար վճարել է 295 մլն 430 հազար դրամ:

«Կարկոմավտո» ՍՊԸ-ն, որը զբաղվում է թեթև մարդատար ավտոմոբիլների մանրածախ առևտրով, հիմնադրել է գործարար Ռաֆայել Շահմուրադյանը 1999 թվականին, կանոնադրական կապիտալը 314 մլն 684 հազար դրամ է:

Այս պահի դրությամբ ընկերության 91,5 % բաժնեմասի սեփականատերը Ռաֆայել Շահմուրադյանի կինն է՝ Լուսյա Տեր-Սարգսյանը: 2005 թվականից սկսած՝ «Կարկոմավտո» ՍՊԸ-ի մնացած 8,5 % բաժնեմասը պատկանում է Ռաֆայել Շահմուրադյանի որդուն՝ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր Կարեն Շախմուրադյանին:

«Արագած» կինոթատրոն 

aragats cinema.png (1.89 MB)

«Կոմիտաս» կինոթատրոնի բախտին է արաժանացել նաև «Արագած»-ը՝ վերածվելով ավտոսրահի: Հատկանշական է, որ «Արագած»-ի շենքի սեփականատերերը նույն մարդիկ են, որոնք սեփականաշնորհել և ավտոսրահ են դարձրել «Կոմիտաս» կինոթատրոնը:

66-ամյա Մխիթար Սարգսյանն աշխատում է թիվ 40 մանկապարտեզում՝ որպես պահակ: Երբ տեսանք նրան, այդ պահին նա կողպում էր մանկապարտեզի դարպասները, մեզ հետ զրուցելու առաջարկը սիրով ընդունեց և բացեց դռները: Մխիթար Սարգսյանը պատմեց, որ «Արագած» կինոթատրոնի կառուցումը մեծ ոգևորություն էր առաջացրել բնակիչների շրջանում: Նրա խոսքով՝ «Արագած»-ը այդ ժամանակվա երիտասարդության ամենասիրելի վայրերից մեկն էր:

Կինոթատրոնի շենքը 1996 թվականին ձեռք է բերել «Արագած կինոթատրոն» ՍՊԸ-ն՝ 138 միլիոն դրանով: Անշարժ գույքը պետական գրանցում է ստացել 6 տարի անց՝ 2002 թվականին: 

«Արագած»-ը Երևանի ամենահայտնի կինոթատրոններից է եղել, որը բացվել է 1961թ.: Այն գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հալաբյան փողոցում: 

2004 թվականին «Արագած» կինոթատրոնի շենքը գնել է «Գալոպեր» ՍՊԸ-ն և դարձրել ավտոսրահ: Նախկին «Կոմիտաս» և «Արագած» կինոթատրոնների շենքերն այժմ պատկանում են նույն ընտանիքին:

«Գալոպեր» ՍՊԸ-ն Ռաֆայել Շահմուրադյանը հիմնադրել է 2001 թվականին: Այժմ ընկերությունում 33-ական % բաժնեմաս ունեն նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանն ու նրա եղբայրը՝ Աշոտ Շախմուրադյանը, իսկ մնացած 34 %-ի սեփականատերը նրանց մայրն է՝ Լուսյա Տեր-Սարգսյանը:

«Նաիրի» կինոթատրոն

nairi cinema.png (2.34 MB)

«Նաիրի»-ն մայրաքաղաքի ամենահին կինոթատրոնն է, որը հիմնվել է 1920 թվականին, իսկ 1926 թվականին ցուցադրվել է առաջին ֆիլմը՝ «Զարե»-ն։ Մինչ 50-ականներ կինոթատրոնը գտնվել է Ամիրյան փողոցում, որտեղ կինոթատրոնն ունեցել է փակ և բաց՝ ամառային դահլիճներ։

Արդեն 1950-ականների սկզբին «Նաիրին» տեղափոխվեց Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկ՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծով (այնուհետև նրա որդի Գևորգ Թամանյանի) կառուցված նոր շենք։ 

Կինոթատրոնում այժմ ցուցադրվում են տեղական արտադրության ֆիլմեր։ 

«Նաիրի» կինոթատրոնը 2001 թվականին փոխանցվել է «Երևան մշակութային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը։ Այնուհետև 2003 թվականին Կառավարության որոշմամբ՝ կինոթատրոնը 75 հազար դոլարով վաճառվել է «Ուլիս» ՓԲԸ-ին, որը մինչ այդ շենքի վարձակալն է եղել:

«Ուլիս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1999 թվականին: 

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ ընկերության առաջին բաժնետերերը եղել են Սմբատ Նասիբյանն (80 %) ու Վաչե Ամրգուլյանը (20 %)։ 

Սմբատ Նասիբյանը 1994-2007թթ. եղել է «Կոնվերսբանկ» ՓԲԸ ընկերության հիմնադիր, բաժնետեր և խորհրդի նախագահ: 2005-2006թթ.՝ «Հայփոստ» ընկերության կառավարումը իրականացնող «Conversinvest» ընկերության սեփականատեր, 2014 թվականից հանդիսանում է լյուքսեմբուրգյան «AMGMS.a.r.l.» ընկերության բաժնետեր:

Նասիբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը Վաչե Ամրգուլյանից գնել է նրան պատկանող 20 % բաժնեմասը և այժմ հանդիսանում է «Ուլիս» ՓԲԸ-ի միակ սեփականատերը: 2001 թվականից մինչ օրս Սմբատ Նասիբյանը նաև «Ուլիս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահն է:  

«Նաիրի» կինոթատրոնի սեփականատեր Սմբատ նասիբյանը պատմեց, որ մինչ կինոթատրոնի շենքը գնելը՝ ռուսաստանաբնակ մի գործարար, որի անունը չցանկացավ նշել, ցանկություն էր հայտնել կինոթատրոնի շենքում համատեղ ներդրումային ծրագիր իրականացնել: Սակայն շենքը գնելուց հետո այդ գործարարը հրաժարվել է:

«Կարող է` բիզնես տեսակետից շատ սխալ ներդրում էր, բայց ցավոք սրտի, հիմա արվել է: Միգուցե սխալ կողմնորոշվածության կամ մի բան անելու ցանկություն էր»,- նշեց Սմբատ Նասիբյանը: Նա վստահեցնում է, որ կինոթատրոնը գնելուց հետո մեծ գումարներ է ծախսել շենքի վերանորոգման վրա. «Ցավոք սրտի, մտա այդ ծրագրի մեջ, որը ես որևէ ձևով չէի ուզում: Այդ ժամանակ այն փողերը, որ ծախսեցի դրա վրա, կարող էի Մաշտոցի պողոտայի ամբողջ առաջին հարկերը գնել»,- ասաց Նասիբյանը:

Նա պնդում է, որ կինոթատրոնի գործունեությունից մինչ օրս շահույթ չի ստացել, այն վնասով է աշխատում:

Գործարարը չի թաքցնում, որ դեմ չէ կինոթատրոնի շենքը վաճառելուն, եթե որևէ մեկը ցանկանա այդ ոլորտում ներդրում անել:

«Ես էլ եմ պատրաստ ներդրումներ անել, եթե իմանամ փողի հետ գալու խնդիրը կապահովվի: Այն ժամանակ՝ 10-15 տարի առաջ, կինոթատրոնում դրել եմ լավագույն տեխնիկան, ձայնային լուծումները, օդափոխման համակարգը: Բայց դա չարդարացրեց իրեն»,- պատմեց գործարարը:

2016 թվականից «Նաիրի» կինոթատրոնի շենքը «Ուլիս» ՓԲԸ-ից վարձակալել է ռեժիսոր Հենրի Քոչարյանը։ Նա «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիսատեսի հոսքը կինոթատրոն մեծացել է, և լիահույս է, որ տարիներ անց հոսքն ավելի է ակտիվանալու։ 

«Քանի որ կինոթատրոնները պետական չեն, բնականաբար ոչ մի տեսակի պետական աջակցություն չունեն։ Այս դեպքում կարող էր որոշակի աջակցություն լինել հարկերի տեսանկյունից, բայց մենք աշխատում ենք, ինչպես բոլորը։ Ցանկալի կլիներ կինոթատրոնները թեթև արտոնություններ ունենային՝ որպես մշակութային կենտրոններ»,- նշում է Հենրի Քոչարյանը։

Նա կարծում է, որ կինոթատրոնների գործունեությունը մրցակցային է, իսկ ոլորտը՝ ակտիվ՝ հաշվի առնելով Հայաստանի բնակչության թիվը։ Ըստ Հենրի Քոչարյանի՝ մոլերում գործող կինոթատրոնները մրցակից են դարձել հիմնական կինոթատրոններին՝ ազդելով նաև մարդկանց հոսքի վրա։ Սակայն նա այդ մրցակցությունը բացասական չի համարում, ասում է՝ այդ պարագայում յուրաքանչյուր կինոթատրոն փորձում է բարձրացնել իր որակն ու առավել մրցակցային լինել։

Ըստ ռեժիսորի՝ կինոթատրոնի գործունեությունը կախված է ֆիլմարտադրության ակտիվությունից։ Նրա խոսքով՝ հայ հանդիսատեսը պետք է գիտակցի, որ ֆիլմն արտադրվում է կինոթատրոնում ցուցադրվելու համար, և եթե ֆիլմ արտադրողը չկարողանա փակել իր ծախսերը, նոր ֆիլմ նկարելու հնարավորություն չի ունենա։

«Մեր հանդիսատեսը պետք է սովորի գալ կինոթատրոն, եթե ցանկանում է որակյալ ֆիլմեր դիտել»,- ասում է Հենրի Քոչարյանը։

«Հրազդան» կինոթատրոն 

hrazdan cinema.png (3.26 MB)

Նախկին «Հրազդան» կինոթատրոնը եղել է Կիևյան 8 շենքի առաջին հարկում: Այնտեղ այժմ «ՄԱՊ» ընկերության գրասենյակն ու ֆիրմային խանութն են:

Կառավարության 1997թ. մարտի 13-ի որոշմամբ՝ սահմանվել է Երևանի թաղային համայնքների (այդպես էին կոչվում վարչական շրջանները) սեփականություն հանդիսացող գույքը: Եվ հենց այդ որոշմամբ էլ «Հրազդան» կինոթատրոնը դարձել է Արաբկիր համայնքի սեփականությունը:

Սակայն 2002թ. մարտի 1-ին Արաբկիր համայնքի ավագանին որոշել է գույքը 13 հազար ԱՄՆ դոլարով օտարել է Մակար Պետրոսյանին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդուն: Վերջինս Հայաստանում Մոլդովայի պատվավոր հյուպատոսն է, և հյուպատոսարանը ևս տեղակայված է նախկին «Հրազդան» կինոթատրոնի շենքում: Հիշեցնենք, որ հայր և որդի Ալեքսան և Մակար Պետրոսյաններն այս պահին մեղադրվում են բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից փողերի լվացմանն օժանդակելու մեջ:       

«Հայրենիք» կինոթատրոն 

hayrenik cinema.png (2.13 MB)

«Հայրենիք»-ը կառուցվել է 1951 թվականին: Գտնվում է Արշակունյաց պողոտա 38 հասցեում: Եղել է Խորհրդային Հայաստանի ամենահայտնի և սիրված կինոթատրոններից մեկը, սակայն ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ՝ «փլուզվել է» նաև «Հայրենիք» կինոթատրոնը:

Կինոթատրոնի շենքը 1996 թվականին սեփականաշնորհել է «Հայրենիք» արտադրական կոոպերատիվը, սակայն այն պետական գրանցում է ստացել միայն 2003 թվականին: Շենքի համար «Հայրենիք» արտադրական կոոպերատիվը վճարել է 165 միլիոն 641 հազար դրամ: 

«Հայրենիք» արտադրական կոոպերատիվը ղեկավարում է Սարգիս Հովհաննիսյանը՝ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը: 2015 թվականին Սարգիս Հովհաննիսյանը՝ որպես վարկի երաշխավոր, գրավադրել է կինոթատրոնի շենքը՝ «Վանանդ կաթ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Բալասանյանի վարկի համար, սակայն վերջինս չի կարողացել ժամանակին կատարել իր պարտավորությունները, արդյունքում՝ «Հայրենիք» կինոթատրոնի շենքը մնացել է գրավադրված «Արդշինբանկում»:

Սարգիս Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ երբ ինքը գնում էր կինոթատրոնի շենքը, «կարամելի ու ծխախոտի գործարանները միասին այդքան չեն արժեցել»:

Խոսելով կինոթատրոնի շենքի գրավադրման պատմությունից՝ Շենգավիթի նախկին ղեկավարն ասաց. «Այդ գործում մի հատ շատ վատ անձնավորություն ինձ խաբել ա, ես երաշխավոր եմ կանգնել, ինքը ընդեղ մաշեյնիկություն ա արել, ես էլ ուզած-չուզած աճուրդի եմ դրել շենքը: «Արդշինբանկ»-ն էլ երևի իրանց հետ համագործակցել ա: Հետո ես վերավարկավորել եմ և վերագնել եմ շենքը»:

Սարգիս Հովհաննիսյանն ասաց, որ ցանկանում է «Հայրենիք» կինոթատրոնի շենքը դարձնել ժամանցային-մշակութային հաստատություն։

«Այնտեղ հենց հիմա շինարարություն եմ անում, զալ եմ սարքում: Ինձ տարբեր տարիներին մի քանի առաջարկ են արել, որ շենքը դարձնենք մշակույթի հետ կապ չունեցող որևէ բան, նույնիսկ ստրիպտիզ կլուբ, բայց ես բացարձակ չեմ համաձայնել, որովհետև մենք ավանդույթներ ունեցող ժողովուրդ ենք»,- նշեց Սարգիս Հովհաննիսյանը, սակայն չասաց, թե կոնկրետ ովքեր են այդ առաջարկությունները արել: 

«Մի կին էր եկել, ինձ մոտ էլ լուրջ կնոջ տպավորություն էր թողել: Շատ լավ գին առաջարկեց, սակայն երբ հարցրի, թե ինչ գիծ ա, ասաց՝ պարի, ես էլ ասեցի խնդիր չկա: Բայց հետո հասկացա, որ գինը շատ են ասում, տենց թիվ ինչի՞ համար պետք ա տան վարձակալության համար: Մի հատ նորից պարզաբանում ուզեցի, ասեցին ստրիպտիզ կլուբ, բար… ու կտրականապես մերժեցի»,- պատմում է Սարգիս Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ «Հայրենիք» կինոթատրոնի շենքում շինարարական աշխատանքները կավարտվեն, ամենայն հավանականությամբ, այս տարվա վերջում:

Կինոթատրոնի շենքի ճակատային մասում փակցված է «վաճառվում է» գրությամբ պաստառ: Սրա վերաբերյալ Սարգիս Հովհաննիսյանն ասաց՝ «հենց ընենց եմ փակցրել, կարամ վաղը ասեմ, հանեն»:

«Նորք» կինոթատրոն 

nork cinema (1).png (3.11 MB)

63-ամյա Հարություն Դավթյանն ապրում է Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ նախկին «Նորք» կինոթատրոնի հարևանությամբ: Նրա հետ զրուցեցինք իր բակի արհեստանոցում, որտեղ փայտե իրեր է պատրաստում: Պատմում է, որ «Նորք» կինոթատրոնը եղել է իր մանկության ամենասիրելի վայրերից մեկը, և որ իր բոլոր հասակակիցները մեծացել են «Նորք» կինոթատրոնում:

Հարություն Դավթյանն ասում է, որ հիմա եթե ինչ-որ մեկի հետ ցանկանում են հանդիպման տեղ պայմանավորվել, ասում են՝ արի քանդած կինոյի մոտ:

«Նորք» կինոթատրոնը եղել է միահարկ՝ ձեղնահարկով և նկուղով։

«Նորք» կինոթատրոնը սեփականաշնորհել է «Նորք» բաց բաժնետիրական ընկերությունը՝ 127 միլիոն դրամով: 1998 թվականին առք ու վաճառքի պայմանագրի հիման վրա՝ գրանցվել է Նելսոն Մուրադյանի և Ռոբերտ Դանիելյանի համատեղ սեփականության իրավունքը: Վերջիններս էլ 2008 թվականին վաճառել են «Ջոինթ Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ին, որը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է կինոթատրոնի շենքը ձեռք բերելուց մի քանի օր առաջ։ Ընկերության միակ սեփականատերը Անդրանիկ Վարդանյանն է:

2009 թվականին, ընկերությունը Երևանի քաղաքապետարանից կինոթատրոնի շենքը քանդելու թույլտվություն է ստացել։

«Նորք» կինոթատրոնի տարածքում «Ջոինթ Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ն նախատեսում է կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի շենք, և այդ նպատակով ընկերությունը 2019 թվականի ապրիլին շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն: Նույն թվականի մայիսին՝ նախարարությունը դրական եզրակացություն է տվել ներկայացված հայտին:

Ըստ նախագծի՝ կինոթատրոնի տեղում նախատեսվում է կառուցել 19 հարկանի շենք՝ 252 բնակարանով, և ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 120 ավտոմեքենայի համար։

Ներկայացված հայտում ընկերությունը նշել է, որ բնակելի համալիրը կառուցելու է 36 ամսվա ընթացքում: Անցել է մոտ մեկ տարի՝ այնտեղ շինարարական որևէ աշխատանք չի կատարվել, նախկին կինոթատրոնի տարածքը վերածվել է աղբանոցի:

«Հայաստան» կինոթատրոն 

hayastan cinema.png (2.74 MB)

Հարավ-արևմտյան թաղամասում գտնվող «Հայաստան» կինոթատրոնը Խորհրդային Հայաստանի այն եզակի կինոթատրոններից է, որ մինչև այսօր էլ շարունակում է իր գործունեությունը: Այնտեղ ցուցադրվում են հիմնականում հայկական արտադրության ֆիլմեր:

Կինոթատրոնը սեփականաշնորհել է «Հայաստան 2001» ՍՊԸ-ն 1996 թվականին։ «Հայաստան»-ը գնել է 146 միլիոն դրամով:

2006 թվականին էլ «Հայաստան» կինոթատրոնը դարձել է «Արմենակոբ» ՍՊԸ-ի սեփականությունը: «Արմենակոբ» ընկերության համահիմնադիրներից և երկարամյա բաժնետերերից է եղել (1996-2013 թթ․) մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը։

2013 թվականից «Արմենակոբ» ընկերության 100 %-ի բաժնետերը Խոսրով Ավետիսյանն է՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ Աշոտ Ավետիսյանի եղբայրը։ 

2015 թվականի հունիսին նախագահ Սերժ Սարգսյանի, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ վերաբացվեց «Հայաստան» կինոթատրոնը: Շրջայցի ընթացքում պաշտոնյաները Արմեն Ամիրյանի ուղեկցությամբ ծանոթացան կինոթատրոնում իրականացված վերանորոգման աշխատանքներին և կատարված ներդրումներին:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ծառուկյանը կինոթատրոնի հետ որևէ առնչություն չունի, պարզապես հրավիրված է եղել կինոթատրոնի բացմանը:

«Վայրենի մասնավորեցում էր»

Կինոգետ Մելիք Կարապետյանն ասում է, որ կինոթատրոնների մասնավորեցումը վայրենի սեփականաշնորհման ձև էր, քանի որ կինոթատրոններն ընկալել են որպես բիզնես և մտածել, թե հատուկ մեթոդներով մասնավորեցման կարիք չկա: Ըստ կինոգետի՝ ճիշտ կլիներ, որ կինոթատրոնները հանձնեին երկարաժամկետ վարձակալության:

«Կինոթատրոնները մի քանի տարվա ընթացքում վերածվեցին լրիվ ուրիշ տարածքների, և մնաց ընդամենը երկու կինոթատրոն՝ Մոսկվան և Նաիրին: Եթե ես՝ որպես կինոարտադրող, ուզենայի մի բան արտադրել և հետո այդ ծախսերը փակել, տեղ չունեի դա անելու: Կինոթատրոններն արտադրանքը հասցնելու վերջնական տեղերն են: Եթե նույնիսկ կինոթատրոնները սեփականաշնորհվում էին, իսկ դա, բնականաբար, պետք է լիներ, սահմանափակումները պետք է այլ լինեին: Այսինքն՝ ոչ թե ասեին՝ պետք է հինգ տարի այդ պրոֆիլով օգտագործեք, հետո ինչ ուզենաք՝ անեք, այլ ընդհանուր առմամբ կինոյի պրոֆիլը պետք է պահպանեք: Ավելի ճիշտ կլիներ, որ մասնավորին վարձակալությամբ տրվեր, օրինակ՝ 10-20 տարի ժամկետով: Շատ կարճն էլ էֆեկտիվ չէր լինի, քանի որ վարձակալողները պետք է ծախսեր անեին և ժամանակ ունենային այդ ծախսերը հետ բերելու»,- նշում է Մելիք Կարապետյանը:

Հայաստանի անկախացումից հետո ի տարբերություն կինոթատրոնների՝ թատրոնները չեն սեփականաշնորհվել, և ըստ Մելիք Կարապետյանի՝ հենց դրա շնորհիվ էլ թատերական տարածքները մինչև օրս ծառայում են հենց այդ ոլորտին: Կինոգետն ասում է, որ մասնավորեցման տարիներին թատրոնները որպես առանձին մշակութային օբյեկտներ էին դիտվում, իսկ կինոթատրոնները՝ որպես բիզնես:

«Երբ ոլորտային կառույցները սեփականաշնորհվում են, պետք է մտածես, թե այդ գործընթացը ոնց է տվյալ ոլորտի վրա ազդելու: Կինոթատրոնների սեփականաշնորհումը շատ բացասական ազդեց կինոարտադրության ընդհանուր պրոցեսի վրա... կինոթատրոնների սեփականաշնորհման մեջ ոչ մի տրամաբանություն չի եղել, ուղղակի որոշում են կայացրել և սեփականաշնորհել»,- նշում է Մելիք Կարապետյանը:

Մելիք Կարապետյանն ասում է, որ իր համար ամենամեծ ցավը «Ռոսիա» կինոթատրոնն է, որ չէր կարելի ներկայիս ձևով վերափոխել և մինչև այսօր չօգտագործել: 

«Ամենամեծ մեղքը համարում եմ «Ռոսիա» կինոթատրոնի սեփականաշնորհումը, որովհետև պետք է խիստ պահանջ դրվեր՝ ամբողջական և նույնիսկ շրջակա տարածքը պահպանելու, որովհետև ճարտարապետական լուրջ կառույց է եղել: Այնտեղ շուկայական տարածք բացելուց հետո «Ռոսիա» կինոթատրոնն ամբողջովին այլանդակվեց: Դա մեզ համար ուղղակի մեծ ամոթ է: Ամոթ է հենց կինոգործիչների համար, որոնք որ համաձայնեցին, չբողոքեցին, չըմբոստացան: Դա նշանակում է, որ մենք այդ ամենը ժամանակին ճիշտ ձևով չէինք գնահատում, որովհետև եթե աղմուկ բարձրացվեր, այսօրվա վիճակին չէինք հասնի»,- ասում է Մելիք Կարապետյանը:

Կինոգետն ասում է, որ ամբողջ աշխարհում կինոթատրոնների կրճատման պրոցես է ընթանում, սակայն ֆիլմի ցուցադրությունը կինոդահլիճում լրիվ այլ ընկալման միջոց է: Ըստ կինոգետի՝ եթե կինոթատրոնն աշխատեցնում են ուղղակի որպես բիզնես, ապա դա երկար կյանք չի կարող ունենալ:

«Կան կինոթատրոններ, որոնք մտածում են, թե որ հանդիսատեսի համար ինչ են ցուցադրում, և ոչ թե միայն բլոկբաստերներ են ցույց տալիս, այլ նաև կինոարվեստ՝ դրանով ստեղծելով իրենց մթնոլորտը: Օրինակ՝ «Նաիրի» կինոթատրոնը միշտ հայտնի էր արվեստին ուղղված՝ art house ֆիլմերի ցուցադրմամբ… կինոթատրոնը կգործի միայն այն ժամանակ, երբ կունենա բարձր որակ և հետաքրքիր ծրագիր, ոչ թե միայն սահմանափակ խմբի համար: Կինոթատրոնների տնօրինություններն ու աշխատակազմերը պետք է դա շատ լավ գիտակցեն»,- ասում է կինոգետը:

Մելիք Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում կինոարտադրության և ցուցադրության համար նպաստավոր պայմաններ չկան, չկա բիզնես, որը կզբաղվի ֆիլմերի մատակարարմամբ, և Հայաստանը հիմնականում կախված է Ռուսաստանի մատակարարումներից:

«Եթե դու մատակարարմամբ ես զբաղվում մի տարածքի համար, որը շատ փոքր է և ունի քիչ կինոթատրոններ, ապա քո պայմանագրային հարաբերություններն էլ համապատասխանար շատ քիչ են: Ռուսաստանը ֆիլմերը գնում է մեծ փաթեթներով՝ ամբողջ ԱՊՀ տարածքի համար, և մենք ավտոմատ ընկնում ենք կախվածության մեջ: Ստացվում է, որ մեզ մոտ կինոթատրոններում ֆիլմերը ցուցադրվում են միայն ռուսերեն, ինչը շատ մեծ սխալ է. ինչու պետք է Հայաստանում ֆիլմերը հնչեն ոչ օրիգինալ լեզվով: Անկախ Հայաստանում ֆիլմերը ռուսերեն ցուցադրելը անհեթեթություն է: Վատագույն դեպքում մեզ մոտ ֆիլմերը պետք է ցուցադրվեն օրիգինալ լեզվով և հայերեն ենթագրերով: Դա պետք է լինի պարտադիր բոլոր կինոթատրոնների համար»,- ասում է Մելիք Կարապետյանը:


Լուսանկարները, տեսանկարահանումն ու մոնտաժը՝ Անի Սարգսյանի
Լուսանկարների ձևավորումն ու ինտերակտիվ քարտեզը՝ Անի Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter