HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուլիգանության մեջ մեղադրվող պատգամավոր Մհեր Սահակյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Ազգային ժողովում տեղի ունեցած «առերևույթ խուլիգանության, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 31-ին Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, ըստ մեղադրանքի, անհիմն դիտողություն է կատարել ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վ. Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։ Մ. Սահակյանի գործողությունների արդյունքում խաթարվել էր նիստի բնականոն ընթացքը: Վլադիմիր Վարդանյանը վնասվածքով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։

«Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի քննարկումների դահլիճում 2023թ․ մարտի 31-ին, ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների և ՀՀ կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ՝ ժամը 11։15-ի սահմաններում, նիստը նախագահող, ՀՀ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ մասնակիցներին ուղղված խոսքը որպես առիթ օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելու ցանկությամբ, ներկաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։

Մասնավորապես՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վ․ Վարդանյանին, քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Վ․ Վարդանյանին և հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս: 

ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տրվել է համաձայնություն:

Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար»,- հայտնում են Քնչական կոմիտեից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter