HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կստեղծվի «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ

Կառավարության ապրիլի 21-ի որոշմամբ կստեղծվի «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ: Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արմեն Վարդգեսի Սիմոնյանը։ 

Հիշեցնենք, որ Աշտարակում ակադեմիական քաղաք կառուցելու մտադրության մասին Կառավարության 2022թ. սեպտեմբերի 1-ի նիստում հայտնեց վարչապետը՝ նշելով, որ նպատակ ունեն խոշորացնել բուհերը։ Ակադեմիական քաղաքում ստեղծվելու են ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, մարզական ենթակառուցվածքներ, զբոսայգի, ամֆիթատրոն:

Այդ նպատակով ստեղծվող հիմնադրամը պետք է իրականացնի՝

  • ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր,
  • համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը,
  • հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը՝ հաշվի առնելով ոլորտների արդի և զարգացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները,
  • մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը,
  • ակադեմիական քաղաքի հայեցակարգից բխող այլ գործողությունների իրականացումը։ 

2023թ.-ի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածի համար նախատեսվում է հատկացնել 55 մլն 190 000 դրամ, որն ուղղվելու է հիմնադրամի աշխատակիցների աշխատավարձի և այլ ծախսերի (անշարժ գույքի չափագրում, գրանցում, պետ տուրքեր, վճարներ, անշարժ գույքի պահպանման ծախսեր, գույքահարկ, գործուղման ծախսեր և այլն) տրամադրմանը: 2024թ.-ից աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատելու պարագայում 12 ամսվա կտրվածքով կհատկացվի 117 մլն 320 000 դրամ: 

Նախագծի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ակադեմիական քաղաքը կտեղակայվի Երևանի, Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզի հատման տեղում։

«Բաց առաջարկով, հորոդորով կդիմենք բուհական շրջանակներին՝ արձանագրելով հետևյալը. մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է լինի 8 բուհ, որի ֆինանսավորումը պետք է լինի պետական։ Եթե կպարզվի, որ ուրիշ աղբյուրներ էլ կան, որոնք հավելյալ ֆինանսավորում են, շատ ավելի լավ։ Մեր նպատակադրումն այն է, որ այդ 8 բուհերը իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ բուհերի հետ քննարկումներ կիրականացվեն, երեք կլաստերի հետ կապված Կառավարությունն արդեն կողմնորոշվել է։

«Հայֆիլմի տարածքում կունենանք արվեստների համալսարան և արվեստների ավագ դպրոց։ Կունենանք ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող արվեստների ավագ դպրոց։ Հայֆիլմի տարածքում պլանավորում ենք ունենալ ժամանակակից համերգասրահ, որը միևնույն ժամանակ կլինի և թատրոնի բեմ, օպերայի բեմ, և կինոթատրոն, որտեղ ուսանողները իրենց պրակտիկ աշխատանքը կանեն։

Հաջորդ կլաստերը սպայական ավագ դպրոցն է և համալսարանը։ Սպայական բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչները պետք է մի տեղում սպայական նախնական կրթություն ստանան»,- նշեց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ ակադեմիական քաղաքը պետք է լինի մի տարածք, որը նաև իր կոլորիտով և գրավչությամբ կլինի առանձնահատուկ։ Ավտոտրանսպորտի մուտքն այդ տարածք ընդհանրապես պետք է արգելվի։

Լուսանկարն՝ Կառավարության լրատվական ծառայության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter