
«Հայկական ավիաուղիների» երկրորդ օդանավն է գրանցվել Հայաստանում
«Հայկական ավիաուղիներ» ընկերության երկրորդ օդանավը նույնպես գրանցվել է ՀՀ-ում: Հիշեցնենք, որ ներկա պահին փոխադրողն ունի «Airbus A321-200» տիպի երկու ինքնաթիռ:
Դրանցից առաջինը Երեւան է տեղափոխվել անցյալ տարվա դեկտեմբերին ու նույն ամսում ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել որպես EK-AAD: Իսկ երկրորդ բորտն այս ամիս՝ ապրիլի 10-ին է տեղափոխվել Երեւան ու ապրիլի 13-ին գրանցվել որպես EK-AAB:
Նախորդ անգամ գրել էինք, որ երկու օդանավերի սեփականատերն էլ ամերիկյան «Air Lease Corporation»-ն է: Այդուհանդերձ, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կայքում նշված օդանավերի ցուցակում EK-AAD-ի սեփականատեր է գրառված «ALC A321 5382 LLC» ընկերությունը, որը, սակայն, իր հերթին ամբողջությամբ պատկանում է «Air Lease Corporation»-ին: Ինչ վերաբերում է վերջերս հայկական գրանցում ստացած երկրորդ ինքնաթիռին, ապա սրա սեփականատերը, ըստ ՔԱԿ-ի կայքի, իռլանդական «Thunderbolt III Leasing 2 Limited»-ն է, որի բաժնետերերից է նույն «Air Lease Corporation»-ը:
EK-AAD-ն 11 տարվա օդանավ է, իսկ EK-AAB-ն՝ 16: Հիշեցնենք, որ «Հայկական ավիաուղիների» երթուղային ծրագիրը ներառում է 4 ուղղություն Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից՝ Մոսկվա («Շերեմետեւո»), Սամարա, Սոչի եւ Վլադիկավկազ: Սակայն փոխադրողն իր ֆեյսբուքյան էջով արդեն հայտնել է, որ նախատեսում է ընդլայնել չվերթերի ցանցը դեպի Ռուսաստան, Իրան ու Լիբանան: Ըստ այդմ՝ ծրագրվում են հետեւյալ ուղղությունները՝ Պերմ, Կրասնոյարսկ, Կազան, Նովոսիբիրսկ, Սանկտ Պետերբուրգ, Չելյաբինսկ, Նիժնի Նովգորոդ, Եկատերինբուրգ, ինչպես նաեւ Թեհրան ու Բեյրութ: Սրանք թռիչքներն են Երեւանից, բացի դրանցից՝ նախատեսվում է նաեւ չվերթ Գյումրուց դեպի Մոսկվայի «Շերեմետեւո»:
Լուսանկարում՝ «Հայկական ավիաուղիների» գույներով ներկված երկրորդ օդանավը՝ անգլիական Նորվիչում (դեռ հայկական գրանցում չուներ). 11.12.2022, հեղ.՝ Ջոշ Նայթս, planespotters.net
Մեկնաբանել