HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սովորական հայրենիք, որ փոքրանում է…

Սովորական հայրենիքի սովորական մի զինվոր տարիներ անց պատերազմի դաշտում ու հետո էլ հիշելու է հայրական պապին՝ Նապոլեոնին, խոտ հնձելիս, լսելու է խոտի խրթխրթոցը, կարոտելու է այդ խոտի հոտով ձեռքերը: Հետո հիշելու է, թե ինչպես էր պապը մի կողմ դնում գերանդին, ծանր քայլերով տուն գնում, խոտի հոտով ձեռքերով վերցնում կիսատ թողած գիրքն ու շարունակում կարդալ: Ու 11-ամյա այդ տղան սկսելու էր կարդալ, որ հասկանար պապին։

-Ես էդ խոտի հոտին միշտ կարոտում եմ՝ հողի հոտը, խոտի հոտը, պապիկի ձեռքերի հոտը, որոնցից հողի ու գրքի հոտ էր գալիս, որովհետեւ որ կարդում էր, էդ ընթացքում գնում էր հողում ինչ-որ գործ էր անում, հետ էր գալիս: Ինձ համար այդ ծեր մարդը հողի, գրքի ու բնության հետ է ասոցացվում:

-Մի օր կվերադառնա՞ք գյուղ՝ խոտ հնձելու, մանկության հետքերով, երբ լրիվ առողջանաք:

-Էսօր կլինեի էնտեղ միանշանակ ու շատ կուզեի իմ կարալյոկի այգու ծառի տակ նստած լինեի, ու էդ ծառի տակ լիներ այս հարցազրույցը, բայց դեռ ֆիզիկապես չեմ կարող:

«Զինվորի տան» առաջին հարկում սպասում եմ Նարեկ Վարդանյանին: Պայուսակիցս հանում եմ նրա գիրքը՝ «Սովորական հայրենիքը»: Նորից եմ կարդում այն էջերը, որոնք կարդացել էի: Նարեկի գրքից հենց այդ հողի հոտն ես զգում: Սա Նարեկի հուշերի պահոցի մի փոքր պատուհանն է, որ թույլ է տալիս ներս մտնել, տեսնել, զգալ ու հասկանալ պատերազմը:

«Կարմիր քարի հատվածում կարտոֆիլի բոստան են գտել տղերքը: Կամանդիրը հաց է բերել: Կարտոֆիլ ու հաց են խորովել: Կրակին խորոված կարտոֆիլից ու հացից համով բան չկա: Մի պահ թվում է՝ հեռացել է պատերազմը, Արցախն ու Ջաբրայիլը: Հետո Ռոբին ու Նվերին եմ հիշում: Հետներս լինեին, իրենք էլ մի կտոր հաց ուտեին կարմիր քարի մոտերը... Կամանդիրը նկարում է մեզ հաց ուտելիս. հիշարժան օր էր:

Մի օր այդ նկարը կամանդիրի ձեռքով լուսանկար էր դառնալու, դրվեր շրջանակում, հասցվեր հիվանդանոցի սառը միջանցքներ, ուժ ու հույս տար ծնողներիս: Հետո այդ նկարը, հիշողություններն ու զոհված տղերքն անընդհատ հետապնդելու են մեզ՝ ավելի հաճախ ուժ ու հույս տալով, հիշեցնելով միշտ, որ կոտրվելու, հանձնվելու իրավունք չունենք»:

Այստեղ իրադարձություններն ու հերոսներն իրական են: Յուրաքանչյուր դրվագ իր ենթավերնագրով, կարծես, առանձին պատում է: Նարեկը չափազանց զգուշավոր է եղել ածականներ օգտագործելու հարցում: Նա գրել է իր զինակիցների մասին՝ հարազատացնելով ընթերցողին, եւ կրկին առանց շռայլելու մակդիրներ կամ ածականներ: Ամեն տողն ապրված է այստեղ: Նարեկը պայմանագրային զինծառայող էր, երբ 44-օրյա պատերազմն սկսվեց, այնուհետ որպես դասակի հրամանատար՝ կամավոր մեկնեց ռազմաճակատ: Գանգուղեղային ծանր վիրավորում է ստացել, շաբաթներով կոմայի մեջ էր:

«Զինվորի տանն» ենք։ Ձեռնափայտին հենված Նարեկը մոտենում է մեզ: Ներողություն է խնդրում ուշանալու համար, թեեւ իրականում շատ քիչ էր ուշացել:

-Հիմա իմ կինոյի մասին պատմեմ, թե ինչի՞ ձեզ սպասեցրի: Ինձ թվում է՝ հենց դրանով էլ կարող եք սկսել: Էստեղ բուժումների եմ, եւ շատ-շատ են բուժումները՝ ոտքի ծայրից մինչեւ գլխից ծայրը խնդիր է ինձ մոտ: Բերան, ոտք, ձեռք, կոնք… Վնասվել է գլխիս մի կտորը, բայց դրա հետեւանքով վնասվել է ամբողջ ձախ կողմը: Պլյուս՝ աշխատում եմ, պարապմունքներից հետո, ընթացքում: «Զինվորի տան» լրատվական բաժնում եմ աշխատում, ձեր կոլեգան եմ: Տղերքի մասին նյութեր եմ գրում: Հիմա պիտի գնամ, ես էլ նստեմ աշխատեմ: Ամբողջ ազատ ժամանակս աշխատում եմ:

-Հե՞շտ է գրել վիրավոր տղաների մասին, դժգոհություններ չե՞ն ունենում:

-Սա էն ոլորտն է, որ բարդ է, մանավանդ, ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդիկ հոգեբանական խնդիրներ էլ ունեն, պետք է շատ ուշադիր լինել: Ինձ մոտ շատ երկար այդ ընթացքը, պետք է ուշադիր լինեմ, որ հանկարծ ավելորդ բառ չլինի, մաքսիմում ռիսկային հատվածները հանեմ, որ հանկարծ չնեղանան: Բացի աշխատանքից՝ մի հատ էլ անգլերեն եմ պարապում: Դրա համար ստացվում է, որ 24 ժամը չի հերիքում:

«Գիրքը զոհված, վիրավորված տղերքի մասին է»

-Որոշեցի գրել, որովհետեւ ոչ ոք չէր իմանա Ռոբի մասին, Նվերի մասին, Դավոյի մասին: Վիրավորվածներին նկարում են, ինձ էլ են նկարում, ես եմ գրում իմ մասին, չնայած գրքի սկզբնական տարբերակում համարյա չկայի, հետո մի քիչ փոփոխեցինք: Կարող է ուշադրություն դարձրած լինեք, որ ասում եմ՝ տղերքը, ոչ թե մենք, այլ իրենք: Մարդ եմ, որ ավելի շատ կողքից է գրքում: Գիրքը Նարեկի մասին չէ, զոհված, վիրավորված տղերքի մասին է: Ի վերջո, գիրքը սովորական հայրենիքի մասին է:

Կարող է ուշադիր եղած լինեք էդ կտորին, որ ասում եմ՝ մենք այս գործին մասնակցելու պատիվ ունենք: Ամեն մարդ չպիտի իրավունք ունենա հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու, մարդ պիտի վաստակի այդ պատիվը: Որ ասում ենք՝ զինվոր, հիշում եք, չէ՞, կինոն, կարծեմ, «Ձորի Միրոյի» մեջ էր ասվում՝ «զինվոր սուրբ մարդ է»: Հիմա զինվոր լինելու կոչումը պետք է ամեն մեկը չունենա, որովհետեւ զինվոր չեն լինում, գնում երկու հատ սելֆի անում, գալիս ու բոլոր լկտիություններն անում՝ ասելով, թե «մենք զինվոր ենք»:

Նախ զինվոր պետք է հոգով լինենք: Ինձ թվում է՝ մինչեւ մարդ պատրաստ չլինի՝ 20, թե 40 տարեկան լինի, իրեն չպիտի տանեն բանակ: Բանակը պետք է սրբություն դարձնենք, մի կառույց, որտեղ միայն նվիրյալները, գաղափարակիրները կգնան: Ես չեմ կարող լինել էն բանակի զինվորը, որ ադրբեջանցի 2-3 խրտվիլակ գալիս են 1500 հոգու քշում, տանում ոչխարի նման: Կարող է մի քիչ խիստ եմ դատում, կարող է մի քիչ ծայրահեղ եմ, բայց հիմա չունենք այլ տարբերակ, մեջտեղ չունենք՝ կա՛մ էս կողմ ենք, կա՛մ՝ էն կողմ:

Վերջերս մի նյութ էլ եմ գրել, որ ամեն ինչ պետք է անկեղծությունից սկսել: Պետք է անկեղծ լինենք իրար հետ. մենք էս-էս բաներն ունենք, էս-էս բաները չունենք: Եկեք էս ունեցածի վրա հիմնվենք, ասենք, որ չունենք եւ ունենանք:

-Գրքում մի հատված կար, որտեղ բանակի մասին խոսելիս նշում էիք, որ եթե ավելի քիչ սերիալ նայեինք, եթե ավելի շատ կրթվեինք, հետո՞… Պատերազմից հետո հետեւու՞մ ենք դրան:

-Իհարկե, չենք հետեւում: Ճիշտն ասած, ջղայնացած էի: Էսօր մի վիրավոր տղա էր եկել էստեղ, իրար կողքի պարապում էինք, ինքը «Տիկտոկով» վիդեո էր քննարկում, որը շատ ցածր մակարդակի բան էր, էդ մակարդակի բան չի կարող լինել: Դա մեր զինվորն է, ու ենթադրվում է, որ պետք է բուժվի, որ կարիք եղած դեպքում էլի գնա, մասնակցի հարենիքի պաշտպանությանը: Բայց եթե ինքը չունի գաղափար, ոգի, նպատակ, ո՞նց պետք է գնա, մասնակցի հայրենիքի պաշտպանությանը… Ոչ մի ձեւով: Նորմալ մարդկանց համար բեռ կլինի: Առաջնագծում էդպիսի բեռներն ավելի վատ են, առօրյա կյանքում էլ շատ բեռներ ունենք, բայց առաջնագծում բեռն ավելի վտանգավոր ու սարսափելի է:

Եկել եմ այն համոզման, որ գիրք կլինի, հարցազրույց կլինի, թե վիդեո կլինի, եթե լավ գաղափարներ չես սերմանում, կլինի հայրենասիրություն, բարություն, ընդհանրապես, մարդասիրություն, ուրեմն՝ իմաստ չունի: Իմաստը լավ գաղափարներ առաջ տանելն է:

-Ծանր չէ՞ր էդ ամեն ինչը նորից վերապրելը:

-Շատ եմ մտածել էդ մասին: Երկու բան կա՝ մտածում էի՝ կա՛մ ինձ կվնասեմ, կա՛մ մեջիցս դուրս կգա, էն որ գնում ջրին են պատմում: Մեկ է՝ էսպես, թե էնպես հիշում ես, ուզես, թե չուզես հիշում ես, ի վերջո մարդը, ինչպես Հրանտ Մաթեւոսյանն էր ասում, կենդանիներից տարբերվում է հիշողությամբ: Ոչ մեկին էլ չեմ մոռանալու կյանքում, ո՛չ Նվերին, ո՛չ Ռոբին, ո՛չ Դավոյին: Հիմա խիղճս մի քիչ թեթեւ է, որ իրենց մասին լավ բաներ եմ գրել: Լավ բաներ չէ, հիմնականում գրել եմ իրականությունը, ու բոլորն իրական են ինձ մոտ:

Տավուշյան սրացման օրերին էր գրելու միտքը եկել, բայց չէի մտածում, որ դառնալու է մի քիչ ավելի ընդհանրական բան: Ինձ համար կարեւորը, եթե նկատել եք, ճոխ բառեր, ավելորդ ածականներ չկան: 21-րդ, համարյա 22-րդ դարում չի կարելի մարդկանց ժամանակը սպանել ինչ-որ անիմաստ բաներ լցնելով: Դրա համար մտածել եմ, որ տամ այն, ինչ պետք է մեզ, քան ինչ-որ ճոխ բառեր: Կարելի է աշխատել դրա վրա, հաստափոր դարձնել, քանի որ թեման անսպառ է, բայց ո՞վ կկարդա: Բոլորիս տանն էլ հաստափոր գրքեր կան, բայց ո՞վ է կարդում: Հենց բովանդակության մասին եմ մտածել, որ ավելի լավ է բովանդակության վրա շեշտը դնել, քան ծավալի:

-Մի դրվագ կա գրքում, որ շատ տպավորիչ է: Երբ հրամանատարը հաց է բերում, հետո դիրքերում կարտոֆիլ եք խորովում: Ու նկարագրում եք, թե կարծես, այդ պահին պատերազմի դաշտից հեռու լինեիք: Կա՞ն դրվագներ, որոնք մինչեւ հիմա չեն ջնջվում հիշողությունից:

-Հա, էդ լուսանկարը տանը դրած է: Մեր հրամանատարն էր բերել, անուն չեմ գրել, որովհետեւ հիմա պաշտոնյա է, դրել էր շրջանակի մեջ, բերել հիվանդանոց: Հենց հաց ուտելուց հետո ենք նկարվել: Էդ նկարը հիշեցնում է միշտ ու լավ բաներ է հիշեցնում…

-Ածականներից էիք խոսում: Գրքի վերջաբանում գրել եք. «Մարդկանց, ովքեր ծնվել էին ոչ թե հերոսներ դառնալու, այլ ապրելու համար: Կգրվի, որ ասի՝ հայրենիքը պաշտպանելու համար պարտադիր չէ հերոս լինել, հերոսները չեն պաշտպանում հայրենիքը, սովորական մարդիկ են պաշտպանում, որովհետեւ սա սովորական, սովորական հայրենիք է, ամենալավը չէ, ամենավատը չէ, անսովոր չէ, մերն է, ուղղակի մերն է»:

-(Մեղմ ժպտում է) Lավ է ստացվել, ինձ հիմնականում դուր չեն գալիս իմ գրածները, բայց էդ մասը լավ է ստացվել:

-Նկատե՞լ եք, որ պարտություն կրած կողմում հերոսները միշտ շատ են լինում: Ինչի՞ց է:

-Մեծամտությունից… Իրականում արժանավորները երբեք էլ դրոշները չեն բարձրացնում ու ասում, որ մենք հերոս ենք: Ամեն օր տեսնում եմ մարդկանց, որ մի քերծվածք են ստացել, հետո դա երկար տարիներ ծախում եւ ծախելու են մեր հասարակության վրա: Ու մարդիկ, որ իրականում շատ բան են զոհել, այդքան շատ չեն թմբկահարում այդ մասին:

Հիշում ենք էսօրվա մեծահարուստներին, որ գնացին՝ 90-ականների պատերազմին մասնակցելու, հետո ասացին, թե կռված տղերք ենք, ուժեղ ենք, կարանք խլենք, պետք է լինենք քաղաքապետ, էստեղի թագավորները: Մերոնցից էլ հետո կլինեն իշխանիկներ, թե՝ պատերազմին մասնակցել ենք, պետք է լինենք թագավորներ, իշխանիկներ, ու էլի նույն թանկով ծախելու են: Իրենց մի ֆորմա հագնելն էլի թանկով ծախելու են մեզ վրա: Ասում են՝ հերոսանալը հեշտ է, հետո հերոս մնալն է դժվար: Հիմա էդ պահին կռվելը կա, կռվեցինք, մեկս՝ շատ, մեկս՝ քիչ, բայց հետագայում, թե ինչքանով կլինեն բարոյական եւ մեր արածին արժանի, ամենակարեւորն էդ է. հետոն է ավելի կարեւոր, արժանի կլինե՞նք սուրբ գործին, թե՞ չէ:

-Ե՞րբ էիք գրում՝ առավոտյան, երեկոյան, գիշերը...

-Ժամանակը կապ չունի: Կապ ունի այդ պահին գրելու ինչ-որ հարմարություն, իմ դեպքում՝ հենակետ, մնացած դեպքերում կարող է մի օր երեկոյան գրեմ, հաջորդ օրը առավոտյան գրեմ, հաջորդ օրը միջանցում ինչ-որ բան տեսնեմ, գրեմ: Դա աշխատանք չէի ասի, ավելի շատ դիտարկել եմ որպես պարտք, պարտականություն, շարունակություն, այսինքն՝ էս ճակատում կռվեցինք, հիմա կռվում ենք ուրիշ ճակատում։

-Էսօր ո՞րն է մեր առաջնագիծը։

-Երեւի կրթությունը, մշակույթը, գրականությունը… Ինձ թվում է՝ [այս գիրքը] մի քիչ մշակույթ է, կրթական ինչ-որ բան, որովհետեւ գրված չէ նրա համար, որ մեզ գովենք, փորձել եմ քննադատաբար մոտենալ ինչ-որ հարցերի։

-Գրքում Շուշին համեմատում եք Չարենցի «Երկիր Նաիրիի» հետ։ Ինչո՞ւ։

-Հայ գրականության մեջ շատ առանցքային է Չարենցի «Երկիր Նաիրին»: Չեմ փորձել քոփի անել, ուրիշ բան է սա։ Բայց իրականում ինձ համար նույն Նաիրին է, հիմա էլ ենք մենք Նաիրիում, ու գիրքը Նաիրիի մասին է, այսինքն՝ Չարենցը շատ կարեւոր ազդեցություն է ունեցել գրականության մեջ ինձ համար: Չարենցից ոգեւորված եմ գրում նաեւ բանաստեղծություններս։

-Դրվագներից մեկում Ձեր զինակիցը նահանջի ժամանակ «Երկիր Նաիրին» թողնում է դիրքերում։ Դու՞ք էիք էդ տղան։

-Իրականում էդ տղան ես եմ, ընդհանրապես, իմ կերպարների մեծ մասը ես եմ:

-Ի՞նչ եք զգում, որ կորցրել եք գիրքը։

-Չեմ մտածում, որ կորցրել եմ գիրքը, որովհետեւ մտածում եմ՝ գիրքն էնտեղ է, որի կարիքը շատ կա, այսինքն՝ իր տեղում է:

-Ո՞վ ունի դրա կարիքը։

-Հողը… Ուզում եմ գիրքը մնա էնտեղ, որ մենք գրքի հետեւից հետ գնանք:

-Կգնա՞նք։

-Ուզում եմ։ Չեմ ուզում ամեն ինչ նյութականացնել, ասել՝ տանկերն առնենք, ջարդելով գնանք, կարեւորը հոգով-սրտով Արցախը միշտ մեր մեջ լինի: Ինձ համար կարեւորը դա է, որ մենք էդ «դժգույն ու դժբախտ» Արցախը չհամարենք ադրբեջանական:

-Մի դրվագում ասում եք՝ պարտությունը ո՞նց բարձրացավ Շուշիի ժայռը: Ո՞նց բարձրացավ։

-Շատ փոքր քայլերով բարձրացավ պարտությունն այդ ժայռը։ Ինձ թվում է՝ առաջինը բարձրացավ անկամությամբ, անկրթությամբ, փնթի պահվածքով, չաշխատասիրությամբ, շատ բաներով բարձրացավ այդ ժայռը: Եթե շարունակենք այս փնթի պահվածքն, ինչ ունենք հիմա, շարունակենք ապրել «Տիկտոկի» Հայաստանում, պարտությունը կարող է ուրիշ ժայռեր էլ բարձրանալ, պարտությունը Խուստուփին է մոտենում, հետո կարող է Արագածին մոտենալ, ու հավանական է, որ հետո այդ ժայռը բարձանա, եթե մենք շարունակենք փնթի լինել: Միայն ֆիզիկապես չէ, հոգով փնթի լինելու մասին է խոսքը:

-Կշարունակե՞ք էս նախադասությունը. սովորական հայրենիք, որ…

-Սովորական հայրենիք, որ փոքրանում է… Միշտ կամ անընդհատ փոքրանում է: Ինչքան ենք, չէ՞, փոքրացել էս տարիներին ու ամեն օր մի քիչ ավելի ենք փոքրանում:

-Ի՞նչ ենք անում, որ չփոքրանանք:

-Եթե ավելի գլոբալ՝ ոչ մի բան, փոքր, անհատական մակարդակում բոլորս, շատերս ենք ինչ-որ բան անում, բայց գլոբալ մակարդակում ոչինչ չենք անում, որովհետեւ շատ դեպքերում չգիտենք էլ ինչ անենք:

-Երբ օրը մթնում է, մտածում եմ...

-Երբ օրը մթնում է, մտածում եմ՝ մի օրով էլ ծերացա, բայց ուրիշ տարբերակ էլ կարելի է ասել։ Երբ օրը մթնում է, մտածում եմ՝ էս օրը գլորեցի, ապրեցի, ի՞նչ գտա կամ կորցրեցի այսօր: Ծերացա՞, թե՞ ավելի իմաստուն կամ ավելի խելացի դարձա:

-Սովորական հայրենիքի սովորական մի տղա մի գիրք է գրում, որ...

-Որ ավելի շատ սիրենք, փայփայենք այդ սովորական հայրենիքը, որ ավելի շատ պահենք այդ սովորական հայրենիքը, որ ամեն մեկս թեկուզ 1 մմ պահենք, մենակ զենքը ձեռքներիս չէ՝ չթալանելով, կարմիր լույսի տակ չանցնելով, վրաերթեր չանելով, չխմելով, հարբած ղեկին չնստելով, շուրջը աղբ չթափելով… Մենակ առաջնագծում չեն կռվում, թիկունքում ավելի կարեւոր կռիվներ կան: Թիկունքում ավելի շատ ենք տանուլ տալիս, քան առաջնագծում: Չեմ ասում ու չեմ հորինում, Մեսչյանն էր երգում՝ «Հայկը պարտվեց ոսոխ Բելին»։ Երգում էր էն ժամանակ, երբ ահագին լավ էինք, պարտված չէինք, ոնց որ հիմա, կարելի է ասել՝ հաղթած էինք, պետություն ունեինք, մշակույթ ու կրթություն ունեինք, ահագին լավ բաներ ունեինք, բայց այդ ժամանակ Հայկը պարտվեց ոսոխ Բելին: Հիմա ինձ թվում է՝ թիկունքում ամեն օր մեծ պարտություններ ենք ունենում…

-Եվ ժամանակն է, որ…

-Էստեղից սկսենք ու ինքներս մեզ հաղթենք: Կարեւորը՝ մեր միջի փնթիին հաղթենք, անկիրթին հաղթենք: Երբ հաղթենք էստեղ, կհասունացնենք հաղթանակն արդեն առաջնագծում։

ՀԳ․ Նարեկի «Սովորական հայրենիքը» դեռ կա վաճառքում։ Նա հասույթը փոխանցելու է վիրավոր զինվորների բուժմանը։ Ասում է՝ վիրավոր տղերքի մասին գրքի հասույթը պետք է ներդրվի նրանց բուժման համար. «Մենակ չեմ գրել, էնքան շատ մարդ է գրել ինձ հետ հավասար՝ Կարենն է գրել, Կյաժը, Հայկուհին, Սաթն է գրել։ Մեր վիրավորված, զոհված տղերքն են գրել։ Մենք բոլորով ենք գրել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter