HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը կմնա կալանավորված

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ ապրիլի 21-ին, շարունակվեց Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի գործի քննությունը։ Նախորդ նիստի ժամանակ պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել Սևակ Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու մասին՝ մեղսագրված արարքի ապաքրեականցված լինելու հիմքով։

Դատարանն այսօր որոշեց Սևակ Աբրահամյանի շահերի պաշտպան Արման Թամրազյանի ներկայացած միջնորդությունը մերժել։

Սևակ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ 

Սևակ Աբրահամյանն այժմ կալանավորված է։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը նշեց, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է թողնել անփոփոխ։

Պաշտպան Արման Թամրազյանը հայտնեց, որ Սևակ Աբրահամյանին մեղադրում են 365-րդ հոդվածի 3-րդ մասով։ Հոդվածի առաջին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում ՀՀ սահմանների պաշտպանությանը ուղղված մարտական ծառայության կրելու կամ մարտական հերթապահության կանոնները խախտելու դեպքում։ Կոնկերտ դեպքում հանցագործության անմիջական օբյեկտը Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանությունն է։ 6-րդ պաշտպանական շրջանը գտնվել է Արցախի Հանրապետությունում։

«Տվյալ դեպքում գործ ունենք գոնե այս պահին հանցակազմի բացակայության հետ։ Վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն ես ներկայացնում, ասում է՝ ՀՀ-ն և ԼՂ-ն համաձայնագիր ունեն, որ ՀՀ զինծառայողները կարող են ԼՂ-ում ծառայել և ազատվել ՀՀ-ում զինծառայությունից։ Եվ Եվրոպական դատարանի դիրքորոշումն են հայտնում, որ ՀՀ-ն իրավազորություն ունի Արցախի Հանրապետությունում կատարված գործերի քննության առումով։ Պաշտպանական կողմն այդ իրավազորությունը և համաձայնագիրը չի վիճարկում, բայց գտնում է, որ քրեական օրենքը որևիցե կապ չունի այդ համաձայնագրի հետ։ Նյութական օրենքի մեջ կոնկրետ օբյեկտը նշված է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունը, ոչ թե Արցախի Հանրապետության։ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածով Սևակ Աբրահամյանը չէր կարող մեղադրվել»,- ասաց հրամանատարի պաշտպանը։

Թամրազյանի խոսքով՝ Մատաղիսի հրամանատարին մեղսագրվում է արարք, որն առաջացրել է ծանր հետևանք։ Ծանր հետևանք է համարվել Թալիշ և Մատաղիս գյուղերի գրավումը հակառակորդի կողմից։

«Բարձր զինվորական պաշտոններ զբաղեցնող վկաների ցուցմունքներով հաստատվել է, որ 6-րդ պաշտպանկան շրջանը չի ունեցել այն սպառազինությունը, որպեսզի կարողանա դիմակայել հակառակորդի՝ կոնկրետ դեպքում սեպտեմբերի 27-ին իրականացված հարձակմանը։ 

Հակառակորդի ուժերը 10 անգամ գերազանցել են։ Առկա են եղել կոնկրետ զինատեսակներ, որոնց հակազդելու հնարավորություն 6-րդ պաշտպանական շրջանը չի ունեցել։ Զորքի քանակը 30-40 %-ով պետք է ավելանար։ Զորքը լրիվ մարտական պատրաստության աստիճանի չի բերվել, մոբիլիզացիա չի արվել, զորքի քանակը չի ավելացել, զորքը չի համալրվել։ Երբ հարձակումից հետո մոբիլիզացիա է արվել, նախատեսված քանակից ստացվել է 40%, որոնց 90%-ն իրենց հաստիքներին չեն համապատասխանել»,- հայտնեց պաշտպանը։

Ըստ Թամրազյանի՝ խաղաղ ժամանակ զորքը լրիվ մարտական պատրաստության բերելու իրավասություն ունեն բացառապես ԳՇ պետը ու Պաշտպանության նախարարը։ 

«Ոչ ՊՆ-ն, ոչ ԳՇ-ն զորքը մարտական պատրաստվածության աստիճանի չեն բերել, մոբիլիզացիա չի հայտարարվել։ Ասում են՝ Սևակ Աբրահամյանին զեկուցել են, որ առաջնագծից տեղեկություններ են ստացվել, Սևակ Աբրահամայանն ընդունել է, ասել է, որ իրեն զեկուցել են, և որ ինքը զորքը չի բերել լրիվ մարտական պատրաստվածության աստիճանի, որովհետև դրա իրավասությունը չի ունեցել։ Ասել է, որ չի գնահատել հակառակորդի շարժերը պատերազմի սկսման հավանակության մասին վկայող նախանշաններ»,- ասաց պաշտպանը։ 

Քրեական գործով 51 վկա կա

Թամրազյանը նշեց՝ քրեական գործով 51 վկա կա։ 

«Հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը, իմ պրակտիկան՝ 51 վկայով գործի դատաքննությունը տևելու է 4-5 տարի, այսինքն՝ Սևակ Աբրահամյանը 5 տարի պետք է մնա կալանքի տակ։ Եթե չկոնկրետացնեք այն վկաներին, ում վրա նա կարող է անօրինական ազդեցություն գործադրել,  բերեք այդ վկաներին հարցաքննենք, հետո հասկանանք՝ կալանքը հնարավո՞ր է վերանայել, թե՞ ոչ։ Սա ակնհայտ վեր է ածվում պատժի։ Սևակ Աբրահամյանը 2022թ. հուլիսի 28-ից պատիժ է կրում, որովհետև քննիչը որոշել է, որ Սևակ Աբրահամյանը հանցանք է կատարել և պատժել է։ Բոլոր ապացույցները հավաքված են, Աբրահամյանը զորացրված է։ Ոչ մի վկա չկա, որի վրա կարող է ազդել Աբրահամյանը։ Գտնում եմ, որ նպատակային խափանման միջոց կարող են հանդիսանալ և գրավը, և տնային կալանքը»,- նշեց պաշտպանը։

Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին պաշտպանի միջնորդությունը մերժվեց

Դատախազ Վազգեն Վարդանյանն, անդրադառնալով Աբրահամյանի խափանման միջոցին, նշեց, որ Սևակ Աբրահամյանի՝ հրամանատար լինելու պայմաններում ռիսկը մեծ է, որ վերջինս կխոչընդոտի քննությանը, և այլընտրանքային խափանում, քան կալանքն է, չի կարող ապահովել նրա պատշաճ վարքագիծը։

Մեղադրող կողմը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացրեց։

Ամբաստանյալ Սևակ Աբրահամյանը դատարանին հայտնեց, որ ոչ մի կերպ չի պատրաստվում խոչընդոտել դատաքննությանը, ընդհակառակը՝ նախաքննության ընթացքում ինքն է օգնել համարներ գտնել, կապվել մի շարք մարդկանց հետ։

«Առաջին և չորրորդ գումարատակների հրամանատարների հետ առերեսման ժամանակ տված ցուցմունքի հետ բառ առ բառ ես համաձայն եմ։ Ես պրոբլեմ չունեմ կալանավայրում մնալու։ Հարցն այն ա՝ ես ձգելո՞ւ եմ մինչև դատավարության վերջը, մարդիկ իմանալո՞ւ են իրականությունը, թե՞ չէ, էդ ես կասկածում եմ։ Իմ առողջությունը թույլ չի տալիս... Մարտական գործողությունների ավարտից հետո շատ ծնողներ կան, որոնք մինչև հիմա ինձնից նեղացած են, որոնց հետ տենց էլ կապի դուրս չեմ եկել։ Ասել եմ մի բան՝ եթե 6-րդ պաշտպանական շրջանի վերաբերյալ քրեական գործ չհարուցվի, ես չեմ ծառայելու Զինված ուժերում։ Ու ես խոստումս կատարել եմ։ Բարձր պաշտոնից իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել զուտ մենակ նրա համար, որ քրեական գործ չէր հարուցվում... Իմ ասածը հակասում ա իմ վերադաս հրամանատարի ասածների հետ, Գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ, որն ինձ առաջադրել ա ուրիշ խնդիր, իսկ ինքը ցուցմունք ա տալիս, որը վերաբերում է ուրիշ բանի։ Խոսքը տագնապ խնդրի մասին է»,- նշեց Սևակ Աբրահամյանը։

Դատարանը որոշեց մեղադրյալ Սևակ Աբրահամյանի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցի ժամկետը երկարացնել երեք ամիս ժամկետով։

Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին պաշտպանի միջնորդությունը մերժվեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 14-ին՝ 15։30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter