
Հայաստանը ստեղծվել է տուրիզմի համար, Նոյն էլ եղել է առաջին տուրիստը
«Հայաստանն Աստված ստեղծել է տուրիզմի համար և Նոյին`աշխարհի առաջին տուրիստին, ուղարկել Արարատ լեռ»,- կատակում է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:
Նա համոզված է, որ տուրիզմը միայն զբոսաշրջությունը չէ, այլ նաև արդյունաբերությունը, բիզնեսը. այն ճիշտ ուղու վրա դնելու դեպքում պետբյուջեն կարող է հարստանալ մինչև 1 միլիարդ դոլարով:
Մինասյանը տեսիլք է համարում պետական այն ծրագիրը, որի համաձայն` մինչև 2030 թվականը 3 մլն արտասահմանցի կարող է այցելել Հայաստան, որոնց համար ապահովված կլինի 51 հազար ննջատեղ:
Նրա խոսքերով` ոչ մի ոլորտում միևնույն տեսակի արտադրանքը 20-30 տարի հետո հնարավոր չէ նույն հաջողությամբ իրացնել: Հայաստանում տուրզիմի զարգացումը անկախության 20 տարիների ընթացքում չնչին առաջընթաց է ապրել: Մենք ունենք տուրիստական շատ լավ ապրանք, որը, ցավոք, չենք կարողանում ներկայացնել ու վաճառել: Պատճառներից մեկը այդ ապրանքը վաճառողների` համապատասխան կադրերի բացակայությունն է: Նույնիսկ աշխարհի մասշտաբով տուրիզմի գծով մասնագետների պատրաստումն ունի 25-30 տարվա պատմություն:
Բացի կադրեր պատրաստելուց` Մինասյանը տուրիզմի զարգացման հարցում կարևորում է ևս մեկ հանգամանք. անհրաժեշտ է աշխատել այն թիրախային երկրների ուղղությամբ, որոնք ավանդաբար համարվում են աշխարհին տուրիստ մատակարարողներ: Ամենաշատը ծախսում են գերմանացի տուրիստները. 2011-ին նրանք իրենց շրջագայությունների վրա ծախսել են 44 միլիարդ դոլար, ամերիկացիները` 31 միլիարդ, ռուսաստանցիները զբոսաշրջության ժամանակ ծախսած 30 միլիարդով երրորդն են: Ամբողջ աշխարհում տուրիզմից տարեկան եկամուտն անցնում է 1 տրիլիոնը:
Մինասյանը Հայաստանում տուրիզմի զարգացման կարևոր նախապայման է համարում նաև հայկական տուրիստական բրենդի ստեղծումը: Ֆրանսիայում դա առաջին հերթին Էյֆելյան աշտարակն է, Եգիպտոսում` բուրգերն են, Հայաստանում, նրա կարծիքով, կարող է լինել Արարատ լեռը, կամ ավելի ճիշտ կլինի ասել` դեպի Արարատ լեռը բացվող տեսարանը, քանի որ այն դեռ Թուրքիայի տարածքում է:
Մեկնաբանել