HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Մենք հարգում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը». Չինաստանի ԱԳՆ-ն փորձում է շտկել իր դեսպանի խոսքերը

Պեկինը հարգում է բոլոր երկրների ինքնիշխանության կարգավիճակը։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Նա այսպես է արձագանքել ռուսական TACC գործակալության խնդրանքին՝ մեկնաբանելու Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լու Շայեի հարցազրույցը, որտեղ վերջինս Ղրիմն անվանել էր «ի սկզբանե ռուսական» և կասկած հայտնել հետխորհրդային երկրների ինքնիշխանության վերաբերյալ։

«Համապատասխան հարցի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը չի փոփոխվել։ Ինչ վերաբերվում է տարածքային ինքնիշխանությանը, Չինաստանի դիրքորոշումը միշտ հստակ է եղել։ Չինաստանը հարգում է բոլոր երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը և աջակցում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին»,- ասել է չինական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Ֆրանսիայում Չինաստանի դեսպանի՝ LCI հեռուստաընկերությանը տված հարցազրույցը դիվանագիտական սկանդալի պատճառ էր դարձել։ Լու Շայեն հայտարարել էր, որ ԽՍՀՄ նախկին երկրները «միջազգային իրավունքում չունեն արդյունավետ կարգավիճակ, որովհետև գոյություն չունի միջազգային պայմանագիր, որը ուժ կտար ինքնիշխան պետության նրանց կարգավիճակին»։ Ինչ վերաբերվում է Ղրիմի պատկանելիությանը, Լու Շայեի խոսքով, «սա կախված է նրանից, թե ինչպես եք դուք ընկալում խնդիրը»։ Դեսպանը հայտարարել էր, որ թերակղզին «ի սկզբանե պատկանել է Ռուսաստանին, իսկ ԽՍՀՄ ժամանակ Խրուշչովն այն տվել է Ուկրաինային»։

Չինաստանի դեսպանի խոսքերը քննադատության էին ենթարկել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Չեխիայի ու Ուկրաինայի իշխանությունները։ Այսպես, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելյուս Լանդսբերգիսը գրել էր, որ «եթե ինչ-որ մեկի մոտ դեռևս հարց է առաջանում, թե ինչու բալթյան երկրները չեն վստահում Չինաստանի՝ «Ուկրաինայում խաղաղության հաստատման միջնորդությանը», ահա չինական դեսպանը, որը պնդում է, որ Ղրիմը ռուսական է, իսկ մեր երկրների սահմանները չունեն օրինական հիմքեր»։ 

Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպանն էլ հայտարարել է, որ դիվանագետը «խնդիրներ ունի աշխարհագրության հետ»։ «Այս հայտարարությունները հակասում են պաշտոնական Պեկինի դիրքորոշմանը Ուկրաինայում միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների հիման վրա խաղաղություն հաստատելու ջանքերի վերաբերյալ»,- գրել էր Վադիմ Օմելչենկոն։

Bloomberg գործակալությունը նշում է, որ Ֆրանսիայում Չինաստանի դեսպանությունը WeChat-ի իր էջից հեռացրել է դեսպանի հարցազրույցի սղագրությունը, իսկ դեսպանության պաշտոնական կայք էջում այն չէր էլ հրապարակվել։

Լուսանկարը՝ REUTERS/Thomas Peter

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter