
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլի 26-28-ը կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Կատրին Կոլոննան Հայաստանում է լինելու ապրիլի 27-28-ը: Երեւան նա ժամանելու է Բաքվից:
Բաքվում նախարարին կընդունի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: Նախարար Կոլոննան նաև կհանդիպի պաշտոնակից պարոն Ջեյհուն Բայրամովի հետ։ Նա նաև հարգանքի տուրք կմատուցի 1990 թվականի հունվարի 20-ի խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակին։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից «Հետք»-ին հայտնեցին, որ Կոլոննան հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս:
Ըստ նույն աղբյուրի՝ Կատրին Կոլոննան կայցելի նաեւ Ջերմուկ՝ Եվրամիության դիտորդական առաքելության կենտրոնակայան և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերին, որի 108-րդ տարելիցը Ֆրանսիան հիշատակում է ապրիլի 24-ին։
«Այս առիթով նախարարն կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունն ի աջակցություն երկու երկրների միջև բանակցությունների՝ հանուն արդար, կայուն խաղաղության, տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի սկզբունքերի հարգման։ Նա նաև կոչ կանի երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժը»,- ասված է դեսպանության՝ քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ։
Այցի շրջանակում դիվանագետը կքննարկի Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին տիրող իրավիճակը:
Մեկնաբանել