HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսկական բլոկադան մհենգ ա սկսլան

2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը եւ սահմանային անցակետ է տեղադրել

Ստեփանակերտի 72-ամյա բնակիչ Լավրենտ Բախշիյանը, որը 27 տարի ծառայել է Պաշտպանության բանակում, ասում է, որ Ադրբեջանը հավատարիմ է այն ամենին, ինչ ասում է: «Ադրբեջանը հինչ ասում ա՝ անում ա: Լավ պեն սպասում չում էս ամեն հինչան: Իսկական բլոկադան մհենգ ա սկսլան, վեշմին ապրանք թուղլան չըն կյա ստեղ, հուր էլ օզին, կարողա փռնին»,- ասում է Լավրենտ Բախշյանը: 

Նա ոչ մի սպասելիք չունի ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի կառավարությունից: 

«Ես հիասթափվալում, վեշմինին հվատում չում, որովհետև մին պենն ասում, մին օրիշ պեն անում: Հայաստանը միզանա լրիվ ա հրաժարվալ: Հասկանում չում, հայ չը՞նք: Մեր ժողովուրդն էլ մտածում չի ասե՝ էս շտեղը՞նք քինամ, հու՞ր հետայնք քինամ: Վեր ստի եշում, ախր մունք ստի չնք է իլալ, մեր ժողովուրդը ստի չի իլալ, կլոխը կուրցրալա մեր ժողովուրդը, մտածում չի մեր ժողովուրդը: Հիբա՞ մտծլան, վեր թորքը քինա հսնե Երևան՝ ուրա՞նց տները: Ախր թորքեն անա վեշմին լավ պեն սպասելի չի, մի կուճիր զիջումս, վեննադ ծիքա տամ, ասում ա էլի, էլի»,- ասում է Լավրենտ Բախշյանը: 

Նա համոոզված է, որ այս ամենը հայկական կողմի թույլ դիվանագիտության հետեւանքն է: «Մունք դիվանագիտություն չօնինք: Ռուսը էրկուսին նհետ էլ լավա, հու՞ր անգյուն պահե: Էտ մունք պիտի լվցնինք մեր կապերը ռուսներին նհետ: Ապրելիյա՝ ստեղում ապրում, մռնելիյա՝ ստեղում մռնըլան: Լհա մարթա մին ավտոմատ տան, օրիշ պեն չի պետք»,- ասում է Լավրենտ Բախշյանը:  

54-ամյա շուշեցի Կարինե Հարությունյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ընտանիքի հետ բնակվում է Ստեփանակերտում: Ասում է՝ անցակետի մասին զրույցները վաղուց էին պտտվում, հիմա, փաստորեն, իրականություն է դարձել: «Եթե մեզ պայքարելի հստակ ուղիները ցույց տան, մունք ամեն հինչ էլ ընաննք: Մտահոգիչ ա էս ամեն հինչը, մունք նորից ապրիլի 24 օզում չընք, Արցախը պիտի հայկական մնա»,- ասում է Կարինե Հարությունյանը: Ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունը Արցախում նրան ապահովության զգացում է ներշնչում, բայց Արցախի իշխանությունները պետք է բանակցեն նրանց հետ ու փորձեն դրական արդյունքի հասնել: «Իհարկե ճնշվածընք, բայց օզումընք վեր լոխ լավ ինի ու հավատը կուրցնում չընք»,- ասում  Կարինե Հարությունյանը: 

Լենա Ամիրխանյանը 21 տարեկան է: Սովորում է Արցախի Պետական համալսարանի 4-րդ կուրսում: Լենայի կարծիքով՝ եթե ռուսական խաղաղապահ առաքելության Արցախում մնալու ժամկետը չերկարաձգվի, ադրբեջանական անցակետի տեղադրումով Արցախն ամբողջությամբ կանցնի Ադրբեջանի տիրապետության տակ: «Սուտ կլինի, եթե ասեմ, որ իրավիճակից շատ զարմացած եմ: Սպասումներս ավելի շատ հույսի տեսքով են: Հստակ է այն, որ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն Ռուսաստանի, Արևմուտքի հետ, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության ոչ մի կետ չի պահպանվում»,- ասում է Լենան: 

Խաղաղապահ առաքելության գործունեությունը նա նույնիսկ բավարար չի գնահատում: 

«Եթե Արցախին էլ բանակցությունների սեղանի շուրջ տեղ տան, կարծում եմ՝ հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել: Բայց բարիկադներից այն կողմ խոսել, կարծում եմ, անիմաստ էլ է: Ի վերջո, երբ մերոնք խաղաղապահների հետ խոսում են, ոչ իրենք են կարողանում բան փոխել, ոչ էլ այստեղ կանգնած խաղաղապահները կամ նույնիսկ ադրբեջանցի զինվորները: Իրենք հրաման են ստանում, ինչ հրաման ստանում են, այն էլ անում են: Իսկ հրամանները ավելի բարձր օղակներից են գալիս, հետևաբար նրանց հետ էլ պետք է բանակցել: Այդ ձև եմ լուծում տեսնում, եթե տեսնում եմ»,- ասում է նա: 

Լենայի կարծիքով՝ Ռուսաստանը փրկության օղակ չէ, առհասարակ, ոչ մի պետություն չէ փրկության օղակ: «Չգիտեմ ինչու, բոլորին թվում է, թե Արցախը լրիվությամբ փրկություն տեսնում է Ռուսաստանի, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահի մեջ: Այսինքն՝ ուրիշ ոչինչ չեն ուզում: Բայց ես մտածում եմ, եթե կա այլ երկրների միջամտության տարբերակ, որը խնդրին լուծում կտա, ապա միայն կողմ կլինեմ: Եթե հնարավոր է բանակցել, պարտադիր չի, որ դա միայն Ռուսաստանը լինի: Մենք այն իրավիճակում չենք, որ միայն մեկից կառչենք: Բացի դրանից, պարզ է, որ ամեն պետություն էլ իր շահն ունի: Սխալ է սպասել, որ Ռուսաստանը ամենալավն է մեզ համար անելու: Մե՛նք պետք է մի բան անենք, որ մեր ուզածը ստանանք»,- ասում է նա: 

Լենայի խոսքով, ՝ ստեղծված իրավիճակն, իհարկե, ներքին հոգեբանական ազդեցություն թողնում է, բայց աշխատում է չկենտրոնանալ դրա վրա: «Իմ առօրյան չեմ սահմանափակում. գնում եմ աշխատանքի, ինձ զբաղեցնում ընթերցանությամբ, նաև ռազմական պատրաստության եմ գնում: Եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել, կամ թեկուզ վախենում ենք սեփական կյանքի համար, պետք է պատրաստվենք՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, թեկուզ զենքից ու քարտեզից օգտվել:  Ավելի լավ է պատրաստվես ու ինքդ քեզ վստահ զգաս, որ կարող ես գոնե քեզ օգնել, չեմ ասում ուրիշներին, առնվազն ինքդ քեզ, քան տանը նստես ու վախենաս»,- ասում է Լենա Ամիրխանյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter