
Բենտու. «Ամեն ինչ կրկին մեր ձեռքում է»
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը, չնայած իր թիմի պարտությանը (Դանիա-Պորտուգալիա՝ 2-3), նշել է, որ հպարտ է այն ֆուտբոլով, որը ցույց են տվել դանիացիները հոլանդացիների հետ խաղում (1-0), սակայն էլ ավելի հպարտ է պորտուգալացիների հետ հանդիպման երկրորդ կեսում խաղացած ֆուտբոլով:
«Հույս ունեմ, որ այլեւս նման հիասթափություն չենք ապրի: Մենք արժանի էինք միավորի: Եթե փոքր-ինչ ավելի շատ բախտ ունենայինք, կարող էինք եւ ոչ-ոքի խաղալ,- ասել է Օլսենը:- Լավ է, երբ շատ ես տիրում գնդակին, սակայն վերջիվերջո նշանակություն ունեն միայն գոլերը: Մեր գոլերն էլ հետաքրքիր էին, սակայն մենք խփեցինք երկուսը, իսկ պորտուգալացիները՝ երեքը: Վերջին դրվագում իր դերը խաղաց հոգնածությունը»:
Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն էլ ասել է, թե խաղը նման էր գերմանացիների հանդիպմանը՝ այն տարբերությամբ, որ այս խաղում իրենց հաջողվել է գոլեր խփել: Ըստ մասնագետի՝ իր թիմն արժանի էր, որ հաղթեր 2 գնդակի տարբերությամբ: Բենտուին գոհացրել է առաջին կեսում հավաքականի խաղը եւ այն, որ 2-2 հաշվից հետո ֆուտբոլիստները բնավորություն են ցույց տվել ու խփել երրորդ գոլը, որին արժանի էին:
«Մենք երկու գերազանց խաղ ենք անցկացրել հիանալի թիմերի դեմ: Մեր ճանապարհին եղել են խոչընդոտներ, սակայն մենք շարունակում ենք ճանապարհը, որն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Առաջին խաղից հետո հայտնվել էինք աննախանձելի վիճակում, սակայն հիմա ամեն ինչ կրկին մեր ձեռքում է: Անհրաժեշտ է ճիշտ նախապատրաստվել հոլանդացիների հետ խաղին»,- եզրափակել է մասնագետը:
Լուս.՝ Getty Images-ի
Մեկնաբանել