HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Կինոն միտք է մտքի մասին»․ Զվյագինցևի ֆիլմերի ցուցադրությունը Երևանում

«Կինոն հնարավորություն է տալիս էկրանին դիտել մարդուն ոչ այն պահին, երբ նա ներկայանում է իր լավ կողմերով, այլ թույլ է տալիս նրա հետ լինել, երբ չի կարծում, որ իրեն դիտում են». Անդրեյ Զվյագինցև

Ռուսական կինոյի տիտղոսակիր ֆիլմերի մեծ մասը Խորհրդային Միության տարիներին են նկարահանվել։ Այս ֆիլմերը դարձել են ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային կինոյի համար դասականներ։

Անդրեյ Զվյագինցևի դեբյուտային «Վերադարձ» (2003թ.) ֆիլմով ռուսական կինոն կրկին համաշխարհային էկրան վերադարձավ։ Ֆիլմը ստացավ 30-ից ավելի միջազգային մրցանակ, այդ թվում` Վենետիկի 60-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը»։

«Ես ծնվել եմ Նովոսիբիրսկում, սովորել թատերական ուսումնարանում։ 1986թ․-ին ընդունվել եմ Մոսկվայի թատերական արվեստի պետական համալսարան (ГИТИС):

Մասնագիտությամբ պրոֆեսիոնալ դերասան եմ։ Մոսկվայում սովորելիս մի օր հայտնվեցի Միքելանջելո Անտոնիոնիի «Արկած» ֆիլմի ցուցադրությանը։ Հենց այդ պահից հասկացա, որ կինոն ուղղակի մակերեսին սողացող տեսաշար չէ, այն հրաշք է, ես որոշեցի ռեժիսոր դառնալ»,- հարցազրույցներից մեկում պատմել է ռեժիսորը։

90-ական թվականներին իր օպերատոր ընկերոջ հետ սկսել է նկարահանել գովազդային տեսահոլովակներ։ Հետագայում այդ աշխատանքի մասին խոսելիս ռեժիսորը խոստովանել է, որ այն, ինչով զբաղվել է այդ տարիներին, դժվար է արվեստ անվանել։ 

Պրոդյուսեր Դմիտրի Լեսնևսկու լիամետրաժ ֆիլմ նկարահանելու առաջարկը ճակատագրական դարձավ ռեժիսորի համար։ Զվյագինցևը, ծանոթանալով «Վերադարձ» ֆիլմի սցենարի հետ, կատարել է որոշ փոփոխություններ և 39 տարեկան հասակում նկարել իր առաջին լիամետրաժ ֆիլմը։

Կադր ֆիլմից․ «Վերադարձ» 2003թ․

Այն պատմում է եղբայրներ Իվանի և Անդրեյի (ֆիլմում մարմնավորել են Իվան Դոբրոնրավովը և Վլադիմիր Գարինը) կյանքում տասներկու տարվա դադարից հետո հայտնված հոր մասին (դերակատար Կոնստանտին Լավրոնենկո)։ Հայրը տղաներին տանում է արշավ, որտեղ որդիների և հոր բարդ փոխհարաբերությունը ձգվում է ամբողջ ճանապարհի ընթացքում և ավարտվում կղզում։ 

Պատահական չէ ֆիլմի սցենարում որդիներից մեկի  անվան ընտրությունը՝ Անդրեյ։ Ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ունեցել է բարդ հարաբերություններ իր հոր հետ, որը լքել է ընտանիքը, երբ որդին չորս տարեկան է եղել։ Հետագայում հայր և որդի հանդիպել են ընդամենը երեք ագնամ։

Կադր ֆիլմից․ «Վերադարձ» 2003թ․(Անդրեյի դերում Իվան Դոբրոնրավով)

«Խորթ քույրս պատմել է, որ հայրս դիտել է այս ֆիլմը, որից հետո, աշնանային ցուրտ երեկոյին, դուրս է եկել պատշգամբ և երկու ժամ շարունակ անդադար լուռ ծխել է»,- պատմում է Անդրեյ Զվյագինցևը։

Այս ֆիլմով սկսվում է ռեժիսորի հաղթարշավը կինոմատոգրաֆիայում։ Անդրեյ Զվյագինցևը պարգևատրվել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակով, Կաննի կինոփառատոնի հաղթող է, Օսկարի կրկնակի հավակնորդ։ 

«Վերադարձ» ֆիլմով է սկսվում Զվյագինցևի ֆիլմերի երևանյան հետհայաց ցուցադրությունները։

Ապրիլի 26-ից 30-ը Երեւանում կանցկացվի կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի ֆիլմերի ամբողջական հետհայաց ցուցադրությունը։

Հանդիսատեսը կարող է դիտել ռեժիսորի բոլոր ֆիլմերն այն հերթականությամբ, որով դրանք նկարահանվել են:

Ցուցադրությունները կանցկացվեն ռուսերեն՝ հայերեն ենթագրերով։

Բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են Երևանի Կինոյի տան Մեծ դահլիճում: 

Մանրամասներն ՝ այստեղ։

***

Ապրիլի 26-ին՝ ժամը 19:30 — «Возвращение»

Ապրիլի 27-ին՝ ժամը 19:30 — «Изгнание»

Ապրիլի 28-ին՝ ժամը  19:30 — «Елена»

Ապրիլի 29-ին՝ ժամը 19:30 — «Левиафан»

Ապրիլի 30-ին՝  ժամը 19:30 — «Нелюбовь»

Լուսանկարները՝  Անդրեյ Զվյագինցևի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter